Ելույթ ունենալով թուրքական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի հերթական՝ 5-րդ համագումարում, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է. «Ես հայտարարում եմ. մենք չենք խոնարհվել եւ չենք խոնարհվելու ոչ հայկական, ոչ հրեական, ոչ հունական լոբբիների առաջ: Դիմում եմ զուգահեռական լոբբիին, որը նրանց հայտարարություններ է ուղարկում. որտեղ էլ, որ լինեք, մենք հպարտ կանգնելու ենք ձեր առջեւ: Դուք ողորմելի եք ձեր ազգը եւ երկիրը դավաճանելու համար»: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի վարչապետի այս խոսքը վերաբերում է արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, ով վերջերս հոդված էր հրապարակել The New York Times պարբերականում: Դավութօղլուն նաեւ նշել է, որ «այս զուգահեռական խմբի ղեկավարը մի ժամանակ չէր քննադատում փետրվարի 28-ի ճնշումները, ասելով՝ «ենթարկվեք կառավարությանը, հիջաբը մանրուք է»: «Մավի Մարմարա» շեհիդների մասին ասում էր, որ պետք էր թույլտվություն հարցնել Իսրայելից: Հիմա էլ դիմում է Վաշինգտոնին»:
Ըստ Դավութօղլուի՝ Ֆեթուլլահ Գյուլենը հոդված հրապարակելով նախընտրական քարոզարշավ է սկսել: «Թուրքիայում նա ուղերձ է հղում «Ազգայնական շարժում», «Ժողովրդա-հանրապետական», «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցություններին այս խոսքերով. «եթե ցանկանում եք ազատվել այս կառավարությունից, համագործակցեք ինձ հետ»:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենի արդի իսլամ քարոզող շարժման և Թուրքիայի ներկայիս իշխանություններ միջև առճակատումը սկսվել է 2013թ. կոռուպցիոն սկանդալից, որի մեջ ներգրավված էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ