Քիչ առաջ կառավարության շենքի մոտ մեկնարկել է բողոքի ակցիա: Ակցիայի նպատակն է սատարել շաբաթ օրը անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված «Կասեցում» շարժման ակտիվիստ եւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին: Կառավարության շենքի մոտ ակցիային մասնակցում են նաեւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը: Սպասվում է, որ կմիանան ԲՀԿ-ական այլ պատգամավորներ: Ակցիայի մասնակիցները կրում են «Ես Արտակ Խաչատրյան եմ» մինի պաստառներ:
Լրագրողների հետ զրույցում բոլոր հարցրերին ի պատասխան՝ Վարդան Օսկանյանն ասաց, որ չի ցանկանում քաղաքական աստառ տալ այս միջադեպին, քանի որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ծեծը վերջին շրջանում մեր երկրում կարծես թե դառնում է ընդգծված ձեռագիր: «ՀՀ որեւէ քաղաքացի չպետք է ծեծի ենթարկվի իր ազատ կարծիքն արտահայտելու համար»,- ասաց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանություններից ինքը պահանջում է, որպեսզի բացահայտվեն ծեծի դեպքերը եւ առաջիկայում բացառվեն նման բաները:
Ակցիային ներկա են նաեւ օրերս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված Հայկազ Բարսեղյանի հարազատները: Հայկազի բարեկամները բերել են նրա նկարը եւ ամոթանք են հնչեցնում երկրի իշխանությունների հասցեին, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կարող է ռամիլսաֆարովյան ոճիր իրականացվել: Նրանք պահանջում են արդար քննություն իրականացվի եւ բոլոր մեղավորները պատժվեն:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ քիչ ուշ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ