Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ղարաբաղյան խմբավորումը» տապալելով՝ պայծառ ապագայի չենք հասնի

Փետրվար 09,2015 16:00

Արման Մելիքյանը՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի
ու դրա շուրջ ընդդիմադիրների պատկերացումների մասին

– 2008 թվականին, երբ Դուք մտաք նախագահական մրցապայքար, քարոզարշավի հնարավորություններն օգտագործում էիք խոսելու համար երկրում առկա կառավարման ճգնաժամից: Այն ժամանակ շատերի համար դա անհասկանալի էր, շատերն էլ, հավանաբար, միտումնավոր, շրջանցում էին թեման: Արդեն տեւական ժամանակ է՝ խորհրդարանական ընդդիմությունը` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», խոսում են առկա կառավարման ճգնաժամի մասին, նույնիսկ մի քանի անգամ խորհրդարանի դատին ներկայացրեցին հարցն անհապաղ կարգով քննարկման դնելու մասին նախագիծ: Քաղաքական մեծամասնությունն, իհարկե, համառորեն մերժում է քննարկումը:  Հետեւե՞լ եք այս զարգացումներին, ինչպե՞ս եք վերաբերվում խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած այս գործընթացին:

– Դուք իրավացի եք՝ 2008 թվականից ի վեր մշտապես կարեւորել եմ ՀՀ պետական կառավարման համակարգի որակական փոփոխության անհրաժեշտությունը, սակայն այս հարցի լուծումը երբեւէ չեմ կապել տեխնիկական իշխանափոխության հետ: 2008-ի ընտրություններում հիմնական ընդդիմադիր ուժը հանդիսացող համաժողովրդական շարժումը՝ հետագայում ՀԱԿ-ը, համարում էր, որ խնդիրը կլուծվի, եթե ՀՀ բարձրագույն իշխանության լծակներն իր ձեռքն առած, շարժման առաջնորդների բնորոշմամբ՝ մոնղոլ-թաթարական լուծը Հայաստանին պարտադրած ղարաբաղցի կառավարիչները հեռացվեն իշխանությունից: Այսինքն՝ ասվում էր, որ եթե ղարաբաղյան խմբավորումը տապալվի, եւ իշխանության գա համաժողովրդական շարժումը, ապա այլեւս կարիք չի լինի անհանգստանալու Հայաստանի պայծառ ապագայի համար, քանի որ երկրի ճակատագիրն այլեւս կգտնվի խղճի կանչով առաջնորդվող, անկաշառ, ազնիվ ու հայրենասեր մարդկանց ձեռքին: Այն ժամանակ դա ոգեւորիչ էր թվում շատերի համար: Կարեւոր էր նաեւ, որ շարժման առաջնորդը ներողություն խնդրեց ժողովրդից Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան աշխատանքի հրավիրելու համար, ու ստացվեց, որ մինչ այդ մարդկանց Հայաստանում հայտնվելը՝ կառավարման համակարգը լավն էր, արդյունավետ էր գործում, իսկ նրանք եկան ու ամեն բան ապականեցին:

Ամբողջ հարցն այն է, որ կառավարման համակարգի մասին խոսողների ճնշող մեծամասնությունն իրականում պատկերացում անգամ չունի, թե դա ինչ է: Ճիշտ կառուցված պետական կառավարման համակարգը պարունակում է ձեւախեղումները, չարաշահումները, անորակ աշխատանքը, կոռուպցիան, ռիսկային կադրային քաղաքականությունը կանխարգելող արդյունավետ՝ ոչ ձեւական ու գործուն մեխանիզմներ: Ուստի երբ ասվում է, որ սխալ էր այդ մարդկանց Հայաստան հրավիրելը, ապա դա ինքնին նշանակում է, որ ոչ միայն երկրի գործող նախագահի կողմից թույլ տրված սխալ էր, այլ նաեւ արդյունավետ պետական կառավարման համակարգի բացակայության անմիջական հետեւանքը:

Ցավոք սրտի, ներկայումս էլ հայաստանյան քաղաքական ուժերի կողմից ձեռնարկվող քայլերը թույլ չեն տալիս ասել, որ այս հարցում նրանց պատկերացումներն էական առաջընթաց են ապրել: Լավագույն դեպքում նրանք գիտեն, թե ինչ են ուզում կամ էլ՝ ինչ չեն ուզում, սակայն իրականում դեռ չգիտեն, թե ինչպես կարելի է հասնել էական որակական փոփոխությունների, ու խնդրի լուծումը կապում են անհատ առաջնորդների անձնական մարդկային հատկանիշների հետ: Մինչդեռ այն պահանջում է կառավարման, այդ թվում՝ հատկապես որակի կառավարման ոլորտում նեղ մասնագիտական գիտելիքների առկայություն:

– Ծանո՞թ եք ընդդիմադիրների ներկայացրած նախագծին, համամի՞տ եք նրանց մոտեցումների հետ: Մի փոքր մանրամասնեք, ընդդիմադիրների տեսակետներից որո՞նք են, ըստ Ձեզ, իրատեսական, որոնք՝ զուտ քաղաքական PR ապահովող:

– Չեմ ուզում մտնել մանրամասների մեջ. ըստ այդ հայտարարության՝ կառավարման ճգնաժամը իշխանության կողմից ընդդիմության առաջարկած ծրագիրն անտեսելու հետեւանքն է: Ես կարծում եմ՝ խնդիրն այսչափ պարզունակ չէ: Օրինակ՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունները կարեւոր են արդյունավետ կառավարման համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու տեսանկյունից, սակայն նաեւ պետք է գիտակցենք, որ նաեւ այդ կարգի ընտրությունների միջոցով իշխանության եկած մարդիկ կարող են եւ չտիրապետել պահանջված կառավարման համակարգը ներդնելու եւ գործարկելու համար անհրաժեշտ գիտելիքներին: Այս հարցի շուրջ ներքաղաքական կոնսենսուս է անհրաժեշտ, որին հասնելու համար դեռ ճանապարհ պիտի անցնենք: Հայաստանի ներքին քաղաքական միջավայրը որոշակի զարգացում է ապրել, եւ այսօր հիմնական քաղաքական ուժերը նոր դիրքեր են փորձում գրավել՝ խորհրդարանական ընդդիմության ճամբարում է հայտնվել ԲՀԿ-ն, որն այսօր ձգտում է ավելացնել իր կշիռն ու հավակնում է ՀՀԿ-ի ոչ իշխանական այլընտրանքի դերին: Այս իրավիճակը որոշ ժամանակ անց կարող է նաեւ ծնել իրապես արդյունավետ կառավարման համակարգ ներդնելու անհրաժեշտության գիտակցումը, եւ այն քաղաքական ուժը, որն ավելի շուտ կհանգի այդ մտքին, կարող է լուրջ առավելություն ձեռք բերել մրցակիցների հանդեպ:

– Ձեզ առաջարկ եղե՞լ է այս հարցում համատեղ աշխատելու, կամ Դուք փորձե՞լ եք Ձեր առաջարկներն էլ ներկայացնել Եռյակին:

– Առաջարկ չեմ ստացել, իսկ իմ ու գործընկերներիս կողմից մշակված առաջարկները հնչեցվել են բաց ռեժիմով եւ հասցեագրված են եղել բոլորին, այդ թվում նաեւ՝ իշխանական ու ոչ իշխանական քաղաքական ուժերին:

– Որո՞նք են կառավարման ճգնաժամը հաղթահարելու Ձեր մոտեցումները:

– Ես գտնում եմ, որ անհրաժեշտ քայլերն ամեն դեպքում պետք է ձեռնարկի իշխանությունը, սակայն նա դա կանի միայն այն ժամանակ, երբ գիտակցի, որ ինքը եւս պետք է փոխվի, որ դա հրամայական անհրաժեշտություն է, որը բխում է պետության, հանրության ու նաեւ իր նեղ անձնական շահերից: Ի դեպ, շատ կարեւոր եմ համարում հատուկ ընդգծել, որ կառավարման համակարգը արդյունավետ կարող է գործել միայն հիմնարար բարոյական արժեքների ու սկզբունքների վրա հիմնված լինելու պայմանով:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ.  Հարցազրույցը կայացել է մինչեւ ԲՀԿ- ի համաժողովը

«Առավոտ» օրաթերթ
07.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728