Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում խախտվում է նաեւ ջրի իրավունքը

Փետրվար 09,2015 15:00

Մեր կյանքի տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտման ինչպիսի դրսեւորումներ են տեղի ունեցել՝ ուսումնասիրել եւ զեկույց է հրապարակել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը, որն իր զեկույցը պատրաստել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ. զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:
Հայաստանում մարդու իրավունքների խախտումներ են լինում գրեթե բոլոր ոլորտներում՝ սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական, արդարադատության, նաեւ բնապահպանական եւ այլ ոլորտներում: «Առավոտն» արդեն անդրադարձել է կանանց իրավունքների, կրթական, առողջապահական ոլորտներում մարդու իրավունքների խախտումներին, որոնք արձանագրվել են զեկույցում: Այս անգամ անդրադառնում ենք, թե ինչ իրավիճակ է բնապահպանության ոլորտում:

Զեկույցի՝ «Ջրի իրավունքը» բաժնում արձանագրվել է, որ հանքարդյունաբերական գործունեության ծավալների ընդլայնումը, փոքր հիդրոէներգակայանների անպատասխանատու կառուցումը եւ ձկնաբուծական տնտեսությունների թվի ավելացումը վտանգում են Հայաստանում ջրի որակը եւ հասանելիությունը: Հանքարդյունաբերական գործունեության հետեւանքով աղտոտվում են գետերը, մասնավորապես՝ անդրսահմանային Դեբեդ, Ողջի եւ Արաքս գետերը: Այս գետերը հատկապես աղտոտում են այն հանքարդյունաբերական ընկերությունները, որոնց գործունեություն իրականացնելու տարածաշրջանը հենց նշված գետերի հետ է կապված: Մասնավորապես, այդ հատվածներում հանքարդյունաբերությամբ են զբաղվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի 60%-ը պատկանում է «Cronimet mining Gmbh» ընկերությանը, Կապանի լեռնահարստացման կոմբինատը՝ «Dundee precios metals kapan», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ «Geoprimining Gold», Ալավերդու պղնձաձուլական գործարանը՝ «Armeina copper program», Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը՝ «Metal prince»:

Ապա անդրադառնալով Սեւանա լճին՝ զեկույցում նշված է, որ չնայած Սեւանա լճի ավազանում վերամշակման գործունեության ուղղակի արգելքին, այսինքն՝ «Սեւանա լճի մասին» օրենքի պահանջին, լիճն աղտոտվում է Սոթքի ոսկու հանքի գործունեության հետեւանքով: Սոթքի ոսկու հանքը շահագործում է «Geopromuning Gold» ընկերությունը, որը լճի ավազանում տեղադրել է ջարդման-տեսակավորման կայան: «Քաղաքացիական հասարակության ունեցած տվյալներով՝ Սեւանի ավազանի 2 գետերում հանքից ստացվող ներհոսքի պատճառով արդեն իսկ բարձր է մկնդեղի, սուրմայի եւ խիստ թունավոր այլ մետաղների պարունակությունը»,- գրված է զեկույցում:

Վտանգի պոտենցիալ աղբյուր է հանքարդյունաբերական մյուս ծրագիրը՝ Ամուլսարի ոսկու հանքը, եւ ըստ զեկույցի՝ այս ծրագրով նախատեսվում է հանքարդյունաբերություն իրականացնել բացհանքի եղանակով, տեղում հանքաքարը հարստացնելու միջոցով: Զեկույցում գրված է, որ բնապահպանության նախարարության կողմից հաստատվել է հանքի շահագործման ծրագրի բնապահպանական բաղադրիչը՝ ի հեճուկս Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացության:

«Առավոտի» հետ զրույցում «Էկոլուր» բնապահպանական տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանն ասաց, որ այս զեկույցը պարտադրող ուժ չունի, այն այլընտրանքային զեկույց է, որում ներկայացված ժամանակահատվածում կատարված ուսումնասիրությունից հետո մինչ օրս, կարելի է ասել, գրեթե ոչինչ չի փոխվել:

Անդրադառնալով Սոթքի ոսկու հանքի շահագործմանը՝ տիկին Զառաֆյանը նշեց, որ նախկին վարչապետի կողմից ստեղծվել էր ժամանակավոր հանձնաժողով, որի աշխատանքներին ինքը եւս մասնակցել է. «Պետք է ստուգվեր՝ ինչ է կատարվում այնտեղ, հանձնաժողովում մի շարք գերատեսչություններից էլ մարդիկ, էներգետիկայի նախարարությունից էլ երբ գնացել էինք ստուգման վայր, «Geopromuning Gold» ընկերության հանքի տերերը իրենց ցանկությամբ տարել էին մի տեղ, որն իրենք էին նպատակահարմար գտել: «Geopromuning Gold»-ի անվտանգության ղեկավարն արգելել է հանձնաժողովի աշխատանքը, այն հանձնաժողովի, որը ստեղծվել էր ՀՀ վարչապետի հանձնարարականով: Դուք պատկերացրեք այդ մակարդակների տարբերությունը: Հանձնաժողովը որեւէ իրավունք չի ստացել, այսքանից հետո էլ ի՞նչ ասեմ»:

Նշենք, որ զեկույցում տեղ գտած դիտարկումները վերաբերում են նախորդ տարվա մինչեւ հուլիսն ընկած ժամանակաշրջանին, եւ ինչպես նկատեց տիկին Զառաֆյանը՝ բնապահպանության ոլորտում մինչ օրս ոչինչ չի փոխվել: Ոչինչ չի փոխվել նաեւ Ամուլսարի հանքի վերաբերյալ: «Ի՞նչ փոխվի, եթե անօրինական ծրագիր է, Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնախումբը, որը 2012 թվականին բացասական եզրակացություն էր տվել Ամուլսարի ծրագրին, իսկ այս տարի հրաժարվեց մեզ տրամադրել իրենց արդեն դրական եզրակացության տեքստը: Այսինքն՝ բնապահպանության նախարարությունը ստիպված՝ ճնշման տակ, սա միանգամից երեւում է, տալիս է դրական եզրակացություն, որովհետեւ իր ամբողջ անհանգստությունը արտացոլվում է ներկայացված 4 պահանջներում: Այսինքն՝ եթե առկա են պահանջներ, որոնք նախատեսում են ինչ-որ բացասական բան փոխել, ծրագրել, ուրեմն ինքը պիտի միանգամից բացասական եզրակացություն տար: Այդ պահանջների մասին Ամուլսարի ծրագրում որեւէ խոսք չկա: Որեւէ օրենքում չկա մի կետ, որ պիտի պահանջ կամ պայման դնեն ընկերության առաջ, եթե օրենքին չհամապատասխանող որեւէ բան է, ուրեմն միանգամից պիտի բացասական եզրակացություն տրվեր»:

Զեկույցում նաեւ գրված է, որ Սեւանը վտանգված է նաեւ ձկնաբուծական տնտեսության ընդլայնման հետեւանքով, որը նախատեսում է արտանետել ազոտով եւ ֆոսֆորով հարստացված արհեստական կերը. «Փորձագետների կարծիքով՝ դա կհանգեցնի լճի էվտրոֆիկացիայի»: Տիկին Զառաֆյանն ասաց, որ այդ ոլորտն իրենք ուսումնասիրել են անցյալ տարի գարնանը, իսկ հետո կառավարությունը նոր ծրագիր է սկսել, իսկ թե այս պահին ինչ վիճակ է, ինչ փոփոխություն է եղել՝ պարզ չէ: Ջրային ռեսուրսներին մյուս լուրջ վտանգը փոքր ՀԷԿ-երն են: Ըստ զեկույցի՝ ներկայումս գոյություն ունեն ավելի քանի 150 ՀԷԿ-եր, որոնցից 100-ը՝ 47 գետերի վրա, այս գետերից 16-ը ՀԷԿ-երի պատճառով հայտնվել են աղետալի, իսկ 3-ը՝ կրիտիկական վիճակում: Այս առնչությամբ էլ տիկին Զառաֆյանն ասաց, որ հասարակական սեկտորը բնապահպանության նախարարության հետ մոնիտորինգ է անցկացնելու գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երում, եւ «կանաչ անձնագրերի» տեսքով տվյալների բազա կլինի՝ խնդիրները կարգավորելու համար:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728