Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդա 1-ի գործով» վերաքննիչ բողոք կա

Փետրվար 09,2015 14:00

Կանոններից մեկն էր՝ անպայման դիմակավորված եւ զինված լինելը, իրենց պատկանող մեքենաներն այլ վայրերում թողնելով՝ տանտերերի ավտոմեքենաներով գողոնը հափշտակելը, իսկ հետագայում դրանք իրենց ավտոմեքենաներում տեղավորելն ու անհետանալը:

«Բանդայի գործով» երկարատեւ ազատազրկման դատապարտված Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանն «Առավոտին» ասաց, թե վերաքննիչ դատարան է դիմել բողոքով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 26-ի դատավճռում ուշագրավ գնահատականներ կան:

Քրեական գործով դատարանն ապացուցված էր համարել, որ հանցախումբը ստեղծվել եւ ղեկավարվել է տարբեր անձանց վրա, գույք հափշտակելու նպատակով, ավազակային հարձակումներ իրականացնելու համար։ Դատարանը եկել էր այն եզրահանգման, որ դրանք ղեկավարող անձինք՝ տվյալ դեպքում Արտուշ Հակոբյանը, սահմանել է որոշակի կանոններ, որոնց պահպանմամբ հարձակմանը մասնակցած Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը եւ Արթուր Մանուկյանը իրականացրել են ավազակային հարձակումները։

Դրանք են՝ անպայման դիմակավորված եւ զինված լինելը, իրենց պատկանող մեքենաներն այլ վայրերում թողնելով՝ տանտերերի ավտոմեքենաներով գողոնը հափշտակելը, իսկ հետագայում դրանք իրենց ավտոմեքենաներում տեղավորելն ու անհետանալը, չհայտնաբերվելու նպատակով վարձակալած բնակարանները ժամանակ առ ժամանակ փոխելը, տարբեր՝ չօգտագործված հեռախոսներով եւ չգրանցված հեռախոսահամարներով, իսկ հանցանքների կատարման ժամանակ ալեհավաքների կողմից չֆիքսվելու համար ռադիոկապով միմյանց հետ խոսելը, հարձակման համար օրվա միեւնույն ժամանակահատվածը ընտրելը, ինչպես նաեւ տուժողներին, իսկ հետագայում նաեւ իրավապահ մարմիններին թյուրիմացության մեջ գցելու համար վրացական առոգանությամբ ռուսերենով խոսելը եւ այլն։ «Հիշյալ հանգամանքները դատարանին բերում են այն հետեւության, որ գործով ամբաստանյալներն իրենց կողմից կատարվելիք ավազակային հարձակումները ծրագրավորել եւ իրականացրել են մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո միայն։ Նշված փաստերի վերլուծությունը հանդիսանում է պաշտպանական կողմի բարձրացրած այն հարցերի պատասխանները, ըստ որի՝ վերջիններս խնդրում էին մեղադրանքի կողմից ներկայացնել գեթ մեկ ապացույց այն մասին, որ ամբաստանյալները կատարել են որեւէ գործողություն բանդա ստեղծելու, այն ղեկավարելու կամ դրան անդամագրվելու վերաբերյալ»,-գնահատել էր դատարանը:

Ըստ դատավճռի, 26.09.2011թ. գործով անցնող վկա Հովսեփ Հովնանյանը հարցաքննվել է, որից հետո նույն օրը լուսանկարով նրա ճանաչմանն է ներկայացվել ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը. «Հետազոտելով նշված արձանագրությունը՝ դատարանը իրական չի համարում պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությամբ արտահայտված այն տեղեկությունը, թե ներկայացված լուսանկարներից երեքը սեւ-սպիտակ են, իսկ չորորդը` Ա.Հակոբյանինը, գունավոր։ Նույնիսկ անզեն աչքով զննելիս ակնհայտ է, որ բոլոր չորս լուսանկարներն էլ գունավոր պատկերմամբ են, իսկ նրանցում պատկերված անձինք միմյանցից նմանությամբ որեւէ արտառոց կերպով չեն տարբերվում։ Ինչ վերաբերում է արձանագրությունում առկա լուսանկարների չափերին, ապա իրականում Հակոբյանի լուսանկարը տեսանելիորեն ավելի մեծ է իր չափերով, քան մյուսներինը։ Միեւնույն ժամանակ վերը նշված հոդվածի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ որեւէ օրենսդրական արգելք, որոնք կվերաբերեին նկարների չափերի պարտադիր նույնությանը, սահմանված չէ։ Բացի այդ, մինչ ճանաչման ներկայացվելը, վկա Հովնանյանը իր ցուցմունքում նկարագրել է Ա.Հակոբյանին՝ ասելով, որ «Արտուշը 45 տարեկան է, կլոր դեմքով, մազերը հետ սանրած, լիքոտ կազմվածքով, տեսնեմ՝ կճանաչեմ»:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
07.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728