Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է Արտակ Խաչատրյանին հետապնդած մեքենան

Փետրվար 09,2015 11:58

«Նոր ի հայտ եկած փաստացի ապացույց կա, որտեղ հստակ ֆիքսված է մեքենան, պետհամարանիշը, գույնը եւ ժամը: Փաստը կտրամադրվի ոստիկանությանը, ոստիկանությունը կհրապարակի: Այսօր անպայման այն կփոխանցվի քննչական կոմիտեին»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց շաբաթ օրը ծեծի ենթարկված «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի եղբայրը`Արտյոմ Խաչատրյանը:

Մասնագիտությամբ իրավաբան Արտյոմ Խաչատրյանը պնդում է`կան բավական փաստեր, որ հանցագործությունը բացահայտվի: «Հանցագործները լավ չէին հաշվարկել ու կազուս է առաջացել, մեծ ռեզոնանս գնաց`մեր հասարակությունը, իրավապահ մարմինների միջին եւ ցածր օղակները իրենց բավական դրական պահեցին: Եթե հանցագործությունը չի բացահայտվի, մի բան է նշանակում`չեն ուզում»,- ասաց նա:

Ի՞նչ է անելու ինքը, եթե, հանցագործությունն այնուհանդերձ չբացահայտվի`լրագրողների հարցերին Արտյոմ Խաչատրյանը պատասխանեց. «Ամեն ինչ եմ անելու, որպես քաղաքացի, որպես ադեկվատ մարդ: Վենդետայի եւ ինքնիրավչության չեմ գնալու, բայց չեմ էլ համակերպվելու»:

Վերջին շրջանում շատ ակցիաներ են եղել, ինչո՞ւ հենց իր եղբորը ծեծեցին, կասկածներ կա՞ն հատկապես որ արտահայտած մտքի համար է ծեծվել կամ ո՞ր պաշտոնյայի ուղղությամբ է հետքը գնում, քանզի բոլորին էլ հայտնի են այն պաշտոնյաների անունները, ովքեր զբաղվում էին «շրջանառության հարկով»`Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան: Լրագրողների նմանօրինակ դիտարկում-հարցերին էլ Արտյոմ Խաչատրյանը դժվարացավ հստակ պատասխաններ տալ: «Կասկածում եմ բոլորին, բայց դա հիմք չի մարդկանց անուններ տալ»,- ասաց նա:

Արտյոմ Խաչատրյանը նաեւ հավելեց, որ իր կարծիքով՝ եղբայրն այսօր արդեն կկարողանա ցուցմունք տալ ու բավականին լույս կսփռի կատարվածի վրա: Նա նաեւ բացառեց, որ միջադեպը միջանձնային հարաբերությունների խնդիր լինի:

Ասուլիսին ներկա «Կասեցում» շարժման անդամներ Լեւոն Թորոսյանն ու Արմեն Ներսիսյանն էլ կարծիքներ հնչեցրեցին, որ կատարվածն Արտակի դեմ չէր, այլ շարժման դեմ էր, բայց նման բաներով իրենց հնարավոր չէ վախեցնել ու լռեցնել: Նա հանրությանը հորդորեց կանգնել իրենց կողքին:

Հիշեցնենք, որ 13.00-ին շարժման անդամները կառավարության շենքի առջեւ ակցիա են անելու`«Մենք բոլորս Արտակ ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728