Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իտալացի արվեստագետը տպավորված է «Չայկովսկու» սաներով

Փետրվար 09,2015 13:30

Դաշնակահար Անտոնիո Գոնսալեսը
դպրոցի աշակերտների հետ համատեղ համերգ կունենա

Առաջին անգամ Հայաստան այցելած իտալացի դաշնակահար Անտոնիո Գոնսալեսը վարպետության դաս անցկացրեց Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում: Չներկայացնելով նման միջոցառումների կարեւորությունն ու անհրաժեշտությունը, նշենք միայն, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համար կադրեր պատրաստող 75 տարին բոլորած այս դպրոցում տասնամյակներ շարունակ կարծես ավանդույթ է դարձել մեր երկիր այցելած ճանաչված երաժիշտների կողմից վապետության դասերի անցկացումը:

«Առավոտը» ներկա էր իտալացի դաշնակահարի անցկացրած դասին: Դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր ոչ միայն աշակերտներով ու դասատուներով, այլեւ մեր ճանաչված երաժիշտներով, ընդ որում՝ ոչ միայն դաշնակահար:

Վարպետության դասի ավարտին մեզ հետ զրույցում Անտոնիո Գոնսալեսը, արժեւորելով երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցների դերը, ասաց, որ Իտալիայում, օրինակ, 6 տարեկան երեխան, տասնամյակներ առաջ, առաջին դասարանից հաճախում էր կոնսերվատորիա: Վերջին շրջանում է, որ իր երկրում սկսել են գործել երաժշտական մասնագիտական մանկական հաստատություններ:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ինքն ինչո՞ւ է ոչ թե 6, այլ 7 տարեկանից սկսել դաշնամուրի դասերի հաճախել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ ընտանիքում երաժիշտներ չեն եղել, բայց մասնագիտությամբ ինժեներ հայրս մոլի երաժշտասեր էր: Նա նույնիսկ տիրապետում էր մի քանի երաժշտական գործիքների: Հենց առաջինը հայրս նկատեց իմ երաժշտական ընդունակությունները: Դա էր պատճառը, որ ես 7 տարեկանից սկսեցի դաշնամուր սովորել: Իսկ ընդհանրապես, կան երեխաներ, որոնց մոտ երաժշտական ընդունակությունները դրսեւորվում են 6, 7, 8 կամ շատ ավելի բարձր տարիքում: Օրինակ, եթե Մոցարտը 3 տարեկանից է սկսել դաշնամուր նվագել, ապա, եթե չեմ սխալվում, իմ սիրելի կոմպոզիտորներից Արամ Խաչատրյանը կոմպոզիցիայով սկսել է լրջորեն զբաղվել 21-ից…»:

Հետաքրքրվեցինք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է մեզ հասած տեղեկությունը, թե իր մասնագիտական նախասիրություններից մեկը երեխաների հետ շփվելն է, ասել է թե՝ վարպետության դասերի անցկացումը: Եթե այո, ապա գոնե մեկ օրինակ կարո՞ղ է բերել, որ սկսնակ դաշնակահարի մոտ նկատելով տաղանդ, իր «տեսադաշտում» է պահել նրան: «Տարիներ առաջ ԱՄՆ-ում, հերթական վարպետության դասի ժամանակ ուշադրությունս գրավեց 5 տարեկան մի երեխա: Նա պարզապես տաղանդ էր: Սկսեցի հնարավորության սահմաններում զբաղվել նրանով: Հիմա արդեն այդ երեխան 11 տարեկան է՝ աշխարհահռչակ Գեյվին Ջորջը, ով վերջերս արժանացավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մրցանակին»,- հայտնեց դաշնակահարը:

Շրջանցելով հարցը, թե դաս անցկացնելով Չայկովսկու անվան դպրոցի աշակերտների հետ, նրանց մեջ նման տաղանդավորի հանդիպե՞ց, Անտոնիո Գոնսալեսը պատասխանեց. «Իսկապես հիանալի աշակերտներ են: Այնչափ եմ տպավորված, որ հենց նրանց նվագը լսելով՝ արդեն պատկերացում ունեցա հայկական բարձրակարգ դաշնամուրային դպրոցի մասին: Այս պահին միայն կարող եմ ասել, որ դպրոցի տնօրեն Մարտուն Կոնստանդյանը սիրով ընդունեց առաջարկս՝ աշակերտների եւ իմ մասնակցությամբ դպրոցի դահլիճում համերգ անցկացնելու մասին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Անտոնիո Գոնսալեսը՝ Չայկովսկու անվան դպրոցի սաների հետ:

«Առավոտ» օրաթերթ
07.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728