Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Գաբրիելյան. «Համաշխարհային բազկամարտը մեծ ապագա ունի»

Փետրվար 09,2015 12:30

Թեեւ բազկամարտը օլիմպիական մարզաձեւ չէ, սակայն մարզաձեւի առջեւ, կարծես,
լայն դռներ են բացվում: Այս մասին «Առավոտին» պատմեց Հայաստանի բազկամարտի
ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը:

– Պարոն Գաբրիելյան: Բազկամարտը, թեեւ, ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, մեծ տարածում ունի, սակայն օլիմպիական մարզձեւ չէ: Դուք դա արդա՞ր եք համարում:

– Իհարկե՝ ոչ: Բայց լավ նորություններ կան: Բառացիորեն երկու-երեք օր առաջ մենք պաշտոնական նամակ ենք ստացել այն մասին, որ պարալիմպիկ խաղերի միջազգային կոմիտեն մեր մարզաձեւի միջազգային ֆեդերացիային ճանաչել է: Կարծում եմ, կարճ ժամանակում բազկամարտի միջազգային ֆեդերացիան լիարժեք կանդամակցի պարալիմպիկ կոմիտեին, որն առաջին քայլը կլինի ոչ հեռու ապագայում արդեն ՄՕԿ-ի լիարժեք անդամ եւ օլիմպիական մարզաձեւ դառնալու ճանապարհին:

– 2016 թվականի պարալիմպիկ խաղերի ծրագրում բազկամարտն ընդգրկվե՞լ է:

– Կարծում եմ, առայժմ մի քանի ցուցադրական մենամարտ կկազմակերպվի հաշմանդամ բազկամարտիկների մասնակցությամբ: Երկրորդ լավ լուրն այն է, որ անցած տարվանից մեր մարզաձեւը միջազգային պատկառելի հեղինակություն վայելող «Սպորտ ակորդ» միջազգային մարզական կառույցի լիարժեք անդամ է դարձել, որի հովանու ներքո են անցկացվում «Մարտարվեստների համաշխարհային խաղերը»: Գրեթե համոզված եմ, որ երկու տարի հետո Լեհաստանում կայանալիք երրորդ խաղերում բազկամարտը ընգրկված կլինի ծրագրում: Հաջորդը. Բազկամարտի միջազգային ֆեդերացիան ՎԱԴԱ-ի անդամ է: Այս բոլորը միասին հավատ են ներշնչում, որ բազկամարտը կդառնա օլիմպիական մարզաձեւ: Իսկ, այսպես ասած, ներքին օգտագործման նշանակությամբ, բազկամարտը ընդգրկվել է Համահայկական համաշխարհային խաղերի ծրագիր, որի վեցերորդ մեկնարկը տրվելու է այս տարի օգոստոսին:

– Եկեք խոսենք մեր բազկամարտիկների արդյունքների մասին:

– Անցած տարի Հայաստանի հավաքականը Լիտվայում մասնակցել է աշխարհի առաջնությանը եւ երկու ոսկե մեդալ նվաճել. Աշոտ Ադամյանը երիտասարդների պայքարում մինչեւ 60 կգ քաշային կարգում՝ ձախ ձեռքով, երբ եզրափակչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին եւ Դավիթ Ներսիսյանը վետերանների դասակարգում՝ աջ ձեռքով (75 կգ): 2014 թվականին սահմանափակվեցինք այդքանով, քանի որ Եվրոպայի առաջնությունը անցկացվում էր Ադրբեջանում:

Ինչ վերաբերում է այս տարվան, ամանորյա տոներից հետո սկսել ենք հավաքներն ու մարզումները: Նախապատրաստվում ենք մայիս-հունիսին Բուլղարիայում նշանակված Եվրոպայի առաջնությանը: Սեպտեմբեր-հոկտեմբերին կմասնակցենք աշխարհի առաջնությանը՝ Մալայզիայում: Տարվա ընթացքում ունենք նաեւ մի քանի միջազգային խոշոր մրցաշարեր: Օրինակ, հանրահայտ «A1»-ը, որը կազմակերպում է Ռուսաստանի բազկամարտի ասոցիացիան, նույնպես մեծ հեղինակություն վայելող «Նեմիտոֆի գավաթ» միջազգային մրցաշարը, որին, ի դեպ, հայաստանցի բազկամարտիկները շատ հաջող են մասնակցում: Եվ վերջապես, նոյեմբեր ամսին Հայաստանի առաջնությունը, որն ավանդաբար նվիրվում է մեր ֆեդերացիայի առաջին նախագահ Աշոտ Սարգսյանի հիշատակին: Դրանով էլ տարին կեզրափակենք:

– Ասացիք, որ բազկամարտը հավակնում է մտնել պարալիմպիկ խաղերի ծրագիր: Մենք հաշմանդամ բազկամարտիկներ ունե՞նք:

– Ունեցել ենք եւ հիմա էլ ունենք: Մեր հաշմանդամ մարզիկները նախկինում անգամ մասնակցել են նրանց համար կազմակերպվող աշխարհի առաջնությունների:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728