1989թ-ին մի կիրովականցի ինձ հարցրեց. «Բա առանց ռսի ի՞նչ տի անենք»: Ես նրան պատասխանեցի. «Նույնը, ինչ որ արեցիր տասնմեկ տարեկան հասակում, երբ հարբեցող հայրդ մեռավ»: Ի զարմանս իս, նա չհակաճառեց ու խոստովանեց, որ սկզբում սարսափելի էր, բայց արի ու տես, որ չէր կործանվել: Հարցը սպառված էր:
Վեց ամիս առաջ, երբ արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին սատարելու նպատակով, մեր ռուսալեզու- ռուսաստանաբնակ հայրենակիցների համար գրում էի ‘‘Битва мятежных ангелов’’ հոդվածը, ու կանխատեսում, որ 2014թ.-ի սեպտեմբերից հետո ՀՀ իշխանությունների հանդեպ մեր ժողովրդի հաջորդ ընդվզումները ենթակա չեն լինի ոստիկանական սադրանքների, հաստատվեց Բերձորում՝ «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի ժամանակ:
Բռնության հետևանքների գնահատականներից ամենաուշագրավը Իգոր Մուրադյանի ձևակերպումն էր, որ Արցախը ռուսական զոնա է, որի մասին մենք՝ հայաստանաբնակներս չգիտեինք: Այդ փաստը ստիպում է մեզ արցախցիևերի հանդեպ ավելի հոգատար լինել: Մյուսը՝ Պարգև սրբազանի անընդունելի հակաիսլամական քարոզը:
Կրոնական թշնամանք քարոզելու վտանգի մասին բազմիցս եմ խոսել , անգամ Զորի Բալայանի համար հատուկ հոդված գրել (‘‘Отрицательный опыт господина З. Балаяна ’’ ), դիմել հորդորով, որ արտահայտությունների մեջ լինի զուսպ, բայց արի ու տես, որ թեմի առաջնորդը նույն վտանգավոր սխալն է թույլ տալիս:
Կարդացեք նաև
Ինչևիցէ, մեր նպատակը այսօր այլ է:
«Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման նպատակը և գործելակերպը երկու տարվա ընթացքում մեր հասարակության կողմից դարձավ ընկալելի: Օրեցօր աճող հեղինակությունը բացատրվում է նրա անդամների դավանած հոգևոր արժեքներով և կրթական բարձր ցենզով:
Երբ նրա անդամների ու համակիրների վրա բռնություն են կիրառում՝ նրանք չեն պատասխանում, նրանց մեքենաները թաքուն այրում են, կրկին չեն պատասխանում, իսկ երբ ուժային կառույցներն ու վարձու ստահակները անցնում են բացահայտ վանդալիզմի, նրանք համբերատար հետևում են, թե ինչպես են իշխանությունները գնում ինքնաբացահայտման: Շտապեմ հիշեցնել, որ նրանք ֆիզիկական բռնությունից վախեցող, թույլ մարդիկ չեն, շատերը պատերազմի բովով են անցել:
Երբ քեզ հարվածում են, իսկ դու չես պատասխանում, այլ գնում ես առաջ, երբ ավելի ուժեղ են հարվածում, դու գնում ես ավելի առաջ, ապա, այդ պարագայում քո հանդեպ թշնամաբար տրամադրված մոլորյալի հակակրանքը փոխվում է հարգանքի: Ես բոլորովին չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ անց մի շարք ոստիկաններ դառնան «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման համակիրներ: 1988-ին նման նախադեպ եղել է, երբ հայկական միլիցիան գլուխը դրեց մահակների տակ ու կանգնեց ռուսական զորքի ու սեփական Ժողովրդի միջև:
Կարծում եմ, որ «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամներն ու համակիրները առաջնորդվում են այն նույն բարոյական չափանիշներով, որով առաջնորդվեցին ուղեվարձի թանկացման դեմ՝ 100/150/100 շարժման ակտիվիստները: Այդ փայլուն օպերացիան, որը անցկացրեց մեր երիտասարդությունը, որդեգրել էր Մահաթմա Գանդիի՝ բռնությունը բացառող գաղափարախոսությունը և Դալայ Լամայի բարոյախոսությունը:
Այսօր այդ գաղափարախոսությունը, գիտակցված և չգիտակցված, թափանցում է մեր հասարակության ամենատարբեր շերտերը: Լավագույն օրինակը Գյումրու ժողովրդի պահվածքն էր, երբ նրանք կարողացան Ավետիսյանների ընտանիքի կորստի ցավը զսպել իրենց մեջ, չտրվեցին ռուսական իշխանությունների սադրանքին: Վերջիններս համոզված էին, որ հայ ժողովուրդը, պահի ազդեցության տակ կպահանջի 102-րդ ռուսական բազան դուրս բերել ու ռուսներին վռնդել ՀՀ-ից, բայց մերոնք դա չարեցին՝ этот номер не прошел:
Մենք՝ հայերս ուկրաինացիներից ավելի հավասարակշիռ գտնվեցինք: Հիմա կտեսնենք, թե ուր են փախչելու ռուսական կողմն ու ՀՀ կառավարությունը՝ դատախազով, ոստիկանապետով, մարզպետով ու մնացյալով, մեր երիտասարդ լրագրող աղջնակների մերկացնող-սարկաստիկ հարցազրույցներից:
Արդեն սկսվել է չորրորդ իշխանության և ոստիկանական մահակների պատերազմը, որը ես իմ հոդվածում անվանում էի война хамства и морали:
Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ