Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համաշխարհային ազգի տեսլականը-2

Փետրվար 09,2015 11:30

Հոդվածի առաջին մասում փորձեցինք բացատրել, որ չնայած հայերս մշտապես դժգոհել ու դժգոհում ենք մեր աշխարհագրական դիրքից, իրականում առաջին հերթին հենց մեր աշխարհագրական դիրքն է պատճառը, որ մշտապես նկատելի ենք աշխարհի հզորներին եւ մշտապես այդ հզորների դիտակետից չենք բացակայում:

Մենք մեր աշխարհագրական դիրքն անբարենպաստ ենք համարել եւ համարում՝ նկատի ունենալով մեր անբարենպաստ հարեւաններին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, որոնց մշտապես ու մանավանդ հիմա թշնամի ենք համարել եւ համարում:

Մենք հազվադեպ ենք հիշում, որ Ադրբեջանն ու մանավանդ Թուրքիան մեզանից բացի` այլ թշնամիներ էլ ունեն, որոնց համար մենք որպես այդ երկուսի մշտական թշնամի ենք հետաքրքրություն առաջացնում ու ներկայացնում:

Այսուհանդերձ, մենք մեր աշխարհագրական դիրքի նպաստավորությունից ու բարեմասնությունից գրեթե չենք օգտվել՝ առաջին հերթին էն պատճառով, որ էդ նպաստավորությունն ու բարեմասնությունը չենք ընկալել ու չենք գիտակցել, մինչդեռ օտարներն էդ հանգամանքը լավ էլ ընկալել ու լավ էլ գիտակցել են: Եվ հիմա էլ են շարունակում ընկալել ու գիտակցել: Եվ հիմնականում էդ է պատճառը, որ վերջերս ավելի շատ են Հայաստանով ու Ղարաբաղի հարցով հետաքրքրվում, եւ նմանապես էդ է պատճառը, որ մեր կապակցությամբ Մինսկի եւ նմանատիպ այլեւայլ խմբեր են ստեղծվում ու կազմավորվում, եւ հատկապես վերջին տարիներին է մեր հանդեպ օտարների էդ հետաքրքրությունը բազմապատկվել, որովհետեւ օտարներն էլ են հատկապես վերջերս հասկացել ու գիտակցել մեր աշխարհագրական դիրքի կարեւորությունն ու էականությունը, եւ հիմնականում էդ հանգամանքն է մեր հանդեպ երբեմն նույնիսկ բուռն հետաքրքրության ու հետաքրքրասիրության պատճառը, այլ ոչ թե մեր սիրուն աչքերը:

Եվ վաղուց ժամանակն է, որ մենք գոնե օտարների չափ հասկանանք ու գիտակցենք մեր զբաղեցրած աշխարհագրական դիրքի կարեւորությունն ու նշանակությունը: Եվ եթե էդ հանգամանքը ըստ էության հասկանանք ու գիտակցենք, հավանաբար կսկսենք նորովի նայել ու վերաբերվել համայն աշխարհին ու ինքներս մեզ, ինչպես նաեւ մեր հարեւաններին` ներառյալ մեր մշտական թշնամիներին:

Եվ եթե նորովի վերաբերվենք մեր մշտական թշնամիներին, կհասկանանք, որ մանավանդ քաղաքականության մեջ գոյություն չունեն մշտական թշնամիներ, այլ մշտապես գոյություն ունեն շահեր: Եվ եթե էս բանն ըստ էության գիտակցենք ու հասկանանք, գոնե մեր թշնամիների չափ մեզ կճանաչենք ու կգնահատենք, եւ մյուսների պես երեւի մենք էլ կսկսենք մեր շահը փնտրել եւ երբեք շահ փնտրելն անպատվաբեր ու ամոթ բան չենք համարի՝ մանավանդ քաղաքականության մեջ, որովհետեւ կգիտակցենք ու կհասկանանք, որ ոչ միայն աշխարհի ու աշխարհի հզորների օգնության կարիքն ունենք, այլեւ աշխարհն ու մանավանդ աշխարհի հզորները մեր կարիքն ունեն:

Եվ եթե էս պարզ ու հասկանալի բանը հասկանանք, կսկսենք մտածել ու հասկանալ նաեւ, թե, մեր աշխարհագրական կարեւորագույն դիրքից բացի, ուրիշ ի՞նչ առումով կարող ենք հետաքրքրել ու շահագրգռել աշխարհին ու հատկապես աշխարհի հզորներին:

Եվ եթե էդ ուղղությամբ ավելի երկար, ավելի լուրջ ու ավելի խորը մտածենք, նաեւ կհասկանանք, որ ջերմուկից ու կոնյակից բացի՝ ուրիշ շատ ունեցվածք ու արժանիքներ էլ ունենք, որոնք հարկավոր ու անհրաժեշտ են մանավանդ քաղաքակիրթ աշխարհին:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
07.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728