2015 թ. հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած ոճրագործությունը երևանյան ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի կողմից նախապես մշակված լայնածավալ պետական ահաբեկչական պլանի առաջին ակտիվ գործողությունն էր: Միևնույն ժամանակ՝ այն ըստ էության նույն բաց շղթան կազմող Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հերթական օղակն էր:
2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո աշխարհում և մեր տարածաշրջանում նոր անվտանգային միջավայր է ձևավորվում, ինչն իր հերթին հանգեցնում է Հայաստանի (Արցախը ներառյալ) վերագաղութացման և Արցախյան ազատամարտի արդյունքներով ձևավորված ստատուս-քվոյի փլուզման:
Նազարբաևի հայտնի ելույթով ուղիղ տեքստով հայտարարվեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ունենալիք սահմանների վերաբերյալ թուրանական պատկերացումների մասին:
Հայաստանը հերթական անգամ բաժանման ենթարկելու և զոհաբերելու աղետալի սպառնալիք պարունակող այդ պատկերացումների համաձայն.
Կարդացեք նաև
- Արցախը հայտարարվում է Հայաստանից դուրս, լիակատար կերպով պատնեշվում ու տարանջատվում է Հայաստանից, վերածվում առևտրի առարկայի՝ ընթացքում ապահովելով այնտեղ գտնվող ու գլխացավանք դարձած հայկական բանակի դուրսբերումը և հայ բնակչության վերջնական արտաքսումը,
- Իրանի հետ մեր սահմանի Մեղրի-Հորադիզ հատվածի վրա վերացվում է հայկական վերահսկողությունը, որից հետո մեր և Իրանի միջև կապը կսահմանափակվի Մեղրու միջանցքով, ինչի հետևանքով մեր «պարանոցը» նորից կհայտնվի աքցանի մեջ, իսկ հետագայում լիակատար կերպով կանջատվենք Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող Իրանից ու զգալի չափով՝ առհասարակ արտաքին աշխարհից:
- Հայաստանը վերջնականապես զրկվում է իրական ինքնիշխանությունից և վերածվում տարածքի՝ ըստ անհրաժեշտության պահպանելով կամ չպահպանելով իր ձևական ինքնիշխանությունը:
Դժվար չէ կռահել, որ նման իրավիճակում մենք կզրկվենք հայրենի հողի այս վերջին կտորից, քանի որ նման պայմաններում պետականազրկված հայրենաբնակ հայության մնացորդների մի մասը կարտագաղթի, իսկ մյուս մասն էլ կուլ կգնա թշնամական միջավայրում:
Արցախում և Հայաստանի մնացյալ մասում վերը նշված պլանի պատասխանատվությունը ստանձնում է կևորկովյան վարքուբարքի տեր ներկայիս քաղաքական վերնախավը, որը գործում է երևանյան ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի համադրմամբ:
Այս պլանի իրագործման համար ռեժիմը, դեկորատիվ քաղաքական ուժերը, ինչպես նաև դրանց վերահսկողության ներքո գտնվող լրատվական դաշտը միասնական և համակարգված կերպով փորձելու են հետևյալ քայլերի միջոցով սպառել ազգային դիմադրական ներուժը.
- շահարկել Արցախի կեղծ պետականության հանգամանքը,
- ատելության քարոզի և ստոր զրպարտանքի միջոցով հրեշացնել դիմադրական նոր ուժի՝ Հիմնադիր խորհրդարանի և նրա աջակիցների, այդ թվում՝ 1988-ի շարժման հիմնադիրների ու հերոսների կերպարները՝ այդ նպատակով արդարացնելով նաև բերձորյան ահաբեկչությունը և հիմքեր ստեղծելով նրանց նկատմամբ շատ ավելի ծանր պատժիչ քայլերի համար,
- ահաբեկել և կամազրկել դիմադրության ներուժ ունեցող ժողովրդական լայն զանգվածներին,
- հաստատել բացառապես տիրապետող ռեժիմի և նրան ենթակա կեղծ ընդդիմության միջոցով քաղաքական գործունեությամբ զբաղվելու մենաշնորհ և պատժիչ ջոկատների ահաբեկչական ուժի վրա հենված ճամբարային կառավարման կարգեր:
Այս աղետալի ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ է ստեղծված արտակարգ իրավիճակին համապատասխան արտակարգ քայլեր կատարել՝ առաջին հերթին արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորելով ազգային շահերով առաջնորդվող նոր և յուրային ընտրախավ:
Սակայն դա անելու համար անհրաժեշտ է քաղաքացիական անհնազանդության միջոցներով նախապես հեռացնել ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացրած հանցավոր ռեժիմին, այնուհետև սահմանել կարճաժամկետ Անցումային կառավարման փուլ և դրա ընթացքում ձևավորել ազատ և արդար արտահերթ ընտրությունների անցկացման նախադրյալներ:
Ընդսմին՝ կենսականորեն կարևոր է ռեժիմին հեռացնել մինչ այն պահը, երբ լիակատար պատնեշ կդրվի Արցախի ու Հայաստանի մնացած մասի միջև և այն Կարսի նման կհանձնվի հակառակորդին: Իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ ռեժիմի հեռացման քայլերն սկսելու վերջնաժամկետը պետք է լինի 2015 թ. ապրիլի 24-ը:
Միևնույն ժամանակ՝ իր ազատության և իշխանության հաստատման նպատակով ոտքի կանգնած մեր ժողովրդի նկատմամբ բռնության կիրառման դեպքում պետք է պատրաստ լինենք ինքնապաշտպանության միջոցով ժողովրդի կամքը պարտադրելուն:
Հիմնադիր խորհրդարանը պատրաստ է արդարացնելու է իր նկատմամբ օրեցօր աճող հասարակական վստահությունը և համոզված է, որ 1988-ին սկսված ազգային-ազատագրական շարժումը ժողովրդի զանգվածային ու կազմակերպված մասնակցության շնորհիվ պսակվելու է լիակատար հաղթանակով: