Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Սպառողական դարն ավարտվում է

Փետրվար 09,2015 16:30

21-րդ դարում իրերն ու փողը պետք է կորցնեն խորհրդանշական դերը

«Սպառողական հասարակություն» հասկացությունն առաջին անգամ օգտագործել է գերմանացի հոգեբան եւ փիլիսոփա Էրիխ Ֆրոմը: Սովորաբար դա արտահայտում էր նախորդ դարի կեսերին Արեւմուտքում ձեւավորված հասարակական մեխանիզմները, որոնց արժեքային համակարգը հիմնված է նյութական բարիքների զանգվածային օգտագործման վրա: Այդ մեխանիզմներն այնքան էլ պայմանավորված չեն երկրի հարուստ կամ ոչ հարուստ կարգավիճակով: Հայաստանն, օրինակ, աղքատ երկիր է, բայց մեր հասարակությունը նույնպես, կարծում եմ, սպառողական է: Հակառակ դեպքում ո՞ւմ են ուղղված գովազդային կոչերը՝ «բրենդային հագուստ Եվրոպայից», «օգտագործեք այս սարքը, եւ դուք կնիհարեք», «խմեք այս սուրճը, եւ դուք կերջանկանաք»: Ինչպես գրում էր ֆրանսիացի հետազոտող Ժան Բոդրիարը, այդ հասարակությունը ձեւավորվում է ԶԼՄ-ների գովազդային ուղերձի հիման վրա: Այդ ուղերձն ընկալվում է հաճույքով եւ ապրանքներ ձեռք բերողը դառնում է առասպելների սպառող:

Սպառողական հոգեբանության տարածումն, իմ կարծիքով, կապված է «մարդու առաջընթացի» մասին թյուր պատկերացումների հետ: Իբր սկզբից մարդը քարանձավներում էր, վայրենի էր եւ րոպեն մեկ մահակով խփում էր իր տիկնոջ գլխին, իսկ հետո կամաց-կամաց սկսեց «քաղաքակրթվել»: Այդ առիթով անգլիացի գրող Չեսթերտոնը սրամտորեն նկատում էր. «Ես պատրաստ եմ ընդունել, որ քարանձավային մարդը իսկական գազան էր, բայց ինչո՞ւ նա պետք է լիներ ավելի կոպիտ, քան իրենք՝ գազանները»: Եվ ահա այդ՝ «առաջընթացի» տեսության համաձայն՝ միջին դարերում մարդը մի քիչ պակաս վայրենի էր, հետո՝ Վերածննդի ժամանակ, էլի քաղաքակրթվեց՝ մինչեւ որ հասավ 20-րդ դարի «օրհնյալ» ժամանակները, երբ իրեն շրջապատելով զանազան իրերով՝ կարողացավ վայելել կատարյալ երջանկությունը:

Ռուս փիլիսոփա Նիկոլայ Բերդյաեւը, հակադրվելով այդ «պրոգրեսիստական» տեսություններին, գրում էր, որ դրանք «չարիքը մշտապես համարում են անցյալի երեւույթ, իսկ բարիքը՝ ապագայի»: Ըստ այդմ, «առաջադիմությունը պետք է վերջնականապես ոչնչացնի ցանկացած չարիք ապագայում եւ հասցնի այս աշխարհը կատարելության»: Բերդյաեւն ասում է, որ «պրոգրեսիստները» չեն նկատում, որ երկու՝ դրական եւ բացասական տարերքներն աճում են հավասարապես:

Եվ իրոք՝ ես ավելի շատ հակված եմ մտածել, որ մարդկությունն իր ստեղծման պահից չի փոխվել, իրենց կանանց գլուխները ջարդողների կամ իրար միս ուտողների տոկոսը հազարամյակների ընթացքում չի նվազել: Փոխվել են հասարակարգերը, հագուստները, տները, արտադրական գործիքները եւ, ի դեպ, նաեւ իրար սպանելու գործիքները, ինչի պատճառով 20-րդ դարի երկրորդ կեսից առ այսօր Միջին Արեւելքում բռնկվող պատերազմների զոհերի թիվը համադրելի է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերի թվերի հետ:

Ճիշտ նույն ձեւով եղել է մարդկանց փոքր թվի ձգտումը՝ վերահսկել զանգվածների ուղեղները, եւ դեռ պարզ չէ՝ ի՞նչն է ավելի զորեղ՝ շամանների «ուղերձների» ազդեցության տակ պար բռնած համա՞յնքը, քրիստոնեական մոլեռանդությո՞ւնը միջին դարերում, այսօրվա մահմեդական մոլեռանդությո՞ւնը, թե՞ այսօրվա սպառողական հոգեբանությունը: Ինչպես գրում է իտալացի հրապարակախոս Ջուլիետտո Կյեզան՝ «Մարդկանց դարձրել են գնումների գործիք: Բացարձակ մեծամասնության ուղեղները վերահսկվում են: Մենք ապրում ենք շուկայի համար, երբ աշխատում ենք եւ երբ հանգստանում ենք: Հենց ինքն է թելադրում մեր գործողությունները»:

Իհարկե, ավելի լավ բան, քան շուկայական հարաբերություններն են, մարդկությունն առայժմ չի մտածել: Կյանքը զարգանում է ապրանքների եւ գաղափարների ազատ փոխանակման հիման վրա: Խոսքն այստեղ այլ բանի մասին է՝ նայել ապրանքին եւ փողին՝ որպես ապրանքի մասնավոր արտահայտություն, ոչ թե որպես տոտեմի, կուռքի, այլ որպես գործիքի՝ այլ, ավելի բարձր, ավելի հոգեւոր նպատակների հասնելու համար:
Փողը կամ ապրանքը չպիտի խորհրդանշի որեւէ բան, չպիտի ո՛չ սիրո, ո՛չ հարգանքի, ո՛չ էլ (որը նույնն է) ատելության հիմք դառնա: Երբ մենք շեղվենք իրերից եւ սկսենք զբաղվել մարդկանցով, աշխարհը կփոխվի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Հոգևոր արժեքներով պարուրված հոդված է, որում ակնհայտ երևում է աստվածաշնչյան` կենդանի և զորավոր ներգործությունը: Վստահ եմ, որ մեզ այսպիսի հոդվածներ են անհրաժեշտ, դրանք այսօր պակասում են մեր իրականության մեջ: Հավատում եմ, որ հոդվածում սերմանված հոգևոր արժեքները իրենց ժամանակին կտան բարի պտուղները:Պարոն Աբրահամյան քաջալերում եմ Ձեզ շարունակել նմանատիպ հոդվածների հրապարակումը:
    Երկիրն ու երկինքը կանցնեն, բայց Աստծո խոսքը կմնա հավիտյան…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728