Երեկ ՝փետրվարի յոթին, Երևանի կենտրոնից առևանգվել և դաժան ծեծի է ենթարկվել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը:
Արտակ Խաչատրյանի առևանգումն ու բռնությունն ակնհայտորեն կապված են նրա հասարակական գործունեության և մասնավորապես «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված վիճահարույց փոփոխությունների դեմ հանրության պայքարում նրա ակտիվ դերակատարման և քաղաքացիական սկզբունքային կեցվածքի հետ: Այս հանցավոր արարքի հետևում ակներևաբար կանգնած է երկրի բարձրագույն ղեկավարությունը, որը,ինչպես և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի և իրենց քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկած մեր ազատամարտիկների նկատմամբ կատարված բռնարարքների դեպքերում, նպատակ է հետապնդում ահաբեկել և լռեցնել երկրի ճակատագրի համար մտահոգ ուժերին և անհատներին և այդպիսով կասեցնել ժողովրդի վերահաս պոռթկումը և համազգային ապստամբությունը:
Վերակազմյալ սոցիալ – դեմոկրատ հնչակյան կուսակցությունն Արտակ Խաչատրյանի նկատմամբ կատարված բռնարարքը որակում է որպես օրվա իշխանության կողմից հասարակությանն ու առողջ քաղաքական ուժերին ուղղված հերթական սադրանք, որով իշխանությունը փորձում է կանխել հայաստանակենտրոն, առողջ քաղաքական և հասարակական ուժերի առաջնորդությամբ ժողովրդական զանգվածների կողմից վերահաս ապստամբությունը՝ ժողովրդի շրջանում փորձելով սերմանել վախի մթնոլորտ:
Մենք խստորեն դատապարտում ենք իշխանությունների հակաօրինական և անմարդկային գործելակերպը և պահանջում ենք երկրի քաղաքական իշխանությունից անհապաղ բացահայտել Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության բոլոր մեղավորներին:
Կարդացեք նաև
Մենք կոչ ենք անում երկրի ղեկավարությանը լինել ողջախոհ և զերծ մնալ հասարակության և առողջ հասարակական –քաղաքական ուժերի դեմ որևէ անօրինական գործողությունից և սադրանքից:
ՎՍԴՀԿ կենտրոնական վարչություն