Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ. Ծեծված ԲՀԿ-ականի մոտ թոքերի լուրջ խնդիր է առաջացել

Փետրվար 08,2015 20:05

Նախօրեին իրենց տան մոտ անգիտակից վիճակում հայտնաբերված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը  ծեծվելու հետեւանքով բացի մարմնական այլ վնասվածքներից, թոքերի սալջարդ է ստացել:

«Այս պահին նրա արտաքին թոքերը դրենաժավորում են, որ թոքերում կուտակված օդը դուրս գա, վտանգավոր իրավիճակ է»,- Aravot.am-ին ասաց Արտակին այցելած ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանը՝ «Կասեցում» հասարակական նախաձեռնության համակարգողն է, ինչպես նաեւ վերջին օրերին շրջանառության մասին հարկի օրենքի դեմ կազմակերպվող ակցիաների ակտիվիստներից: Նրան անհայտ անձինք առեւանգել էին, իսկ որոշ ժամանակ անց անգիտակից վիճակում ու մարմնական տարբեր վնասվածքներով թողել  իրենց տան մոտ:

Տիկին Զոհրաբյանը պատմեց, որ Արտակ Խաչատրյանի ծեծի կազմակերպման մանրամասները պարզելու համար անձամբ այցելել է, թե Կենտրոնի, թե ոստիկանության Երեւանի վարչություն. «Երեկվա դրությամբ տարբեր վարկածներ էին շրջանառվում, հանդիպմանը ներկա էր նաեւ Արտակի եղբայրը, նա միանշանակ հերքեց անձնական որեւէ վարկած: Նշելով, որ բացառվում է, որ այս գազանաբար ծեծը որեւէ անձնական շարժառիթ ունենա, որովհետեւ Արտակը որեւէ մեկի հետ անձնական խնդիրներ չուներ: Հարազատները այս ամենը կապում են Արտակի հանրային, հասարակական գործունեության հետ: Հարազատները ինձ տեղեկացրին, որ գազանաբար վեց ժամ ծեծվելուց հետո Արտակը մի կերպ հասել է տուն, շտապ օգնության մեքենայով ուղևորվել Մալաթիա բշժշկական կենտրոն: Բժշկական մանրազնին հետազոտություն են անցկացրել, ինքս ներկա էի այդ զննությանը, Արտակն ի վիճակի չէր զրուցելու, պարզապես ասաց, որ վեց ժամ անմարդկային դաժանությամբ ծեծել են»:

Բժշկական կենտրոնում այսօր հրավիրված կոնսիլիումի ժամանակ որոշվել է Արտակին լրացուցիչ զննության ենթարկել, եւ միայն այսօր է թոքերի խնդիրը բացահայտվել. «Կարող ենք խոսել գանգստերական Հայաստանի մասին, երբ բոլորը հարցերը փորձ է արվում լուծել ոչ թե օրենքի շրջանակում, այլ սպառնալիքով, ահաբեկումներով: Նման գործելաոճ որդեգրում է իր վերջին, շատ կարճ  ժամանակաշրջանն ապրող, հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը»:

Մեր հարցին՝ Արտակի ելույթը ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ կապո՞ւմ է ծեծի հետ, պատգամավորն ասաց. «Արտակը դա ասել է ամեն օր, ցանկացած վարկած ոստիկանությունը պետք է քննարկի, բացահայտելը ոստիկանության պատվի ու արժանապատվության խնդիրն է: Եթե իշխանությունը որեւէ առնչություն չունի այս խայտառակ, գանգստերական հաշվեհարդարի հետ, ապա օր առաջ կատարվածը պետք է բացահայտվի: Ու ոչ թե չակերտավոր մեղավոր պեղեն, ինչպես պեղեցին պատգամավոր Արամ Մանուկյանի դեպքում՝ Մոսկվայից ինչ-որ մեկին, որը ադրբեջանցու հետ զրույցից խստորեն նեղված, եկել էր Հայաստան ու որոշել ապտակել Արամ Մանուկյանին: Ակնկալում ենք հստակ բացահայտում տեղի ունեցածին: Կրկնում եմ՝ չեն մարսելու այս դեպքը, այս դեպքի չբացահայտումը լրջագույն հետեւանքներ է ունենալու»:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկություններ չուներ, թե արդյոք դեպքի վայրի հարակից տեսախցիկների ձայնագրությունները առգրավվե՞լ են, միայն ասաց՝  նշված տարածքում բազմաթիվ տեսախցիկներ են եղել ու ենթադրվում է, որ բոլոր տեսախցիկները՝ որպես իրեղեն ապացույց, արդեն պետք է ուսումնասիրվեն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արտակ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728