Նախօրեին իրենց տան մոտ ծեծված ու անգիտակից վիճակում հայտնաբերված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը դեպքից առաջ կարեւոր հայտարարություն էր արել:
«Կասեցում» հասարակական նախաձեռնության համակարգող, ներկայացուցիչ, նույն ինքը ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը հայտնի էր շրջանառության մասին հարկի բողոքի ակցիաներից, նա այդ ակցիաների լիդերներից էր: Եվ ԲՀԿ վերջին խորհրդաժողովի ժամանակ նա սպառնացել էր իշխանություններին: Ներկայացնում ենք նրա ելույթը ամբողջությամբ:
Կարդացեք նաև
«Կասեցում» նախաձեռնության անունից պետք է ասեմ, որ պրակտիկայում կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել, այսինքն, ժողովրդի ձայնը փորձել ենք լսելի դարձնել հասարակական անհնազանդություն ցուցաբերելու միջոցով: Պետք է ողջունել այն փաստը, որ ոչ իշխանական ուժերը մեզ սատարեցին ու առաջին արձագանքը ստացանք ԲՀԿ խմբակցությունից՝ ի դեմս Վահան Բաբայանի ու Միքայել Մելքումյանի: Քաղաքացիական անհնազանդության գործընթացը սկսված է, բայց ավարտված չէ: Շրջանառության հարկի մասին օրենքի կասեցումը մինչեւ հուլիս մեզ չի բավարարել, չի բավարարելու: Մենք կսպասենք երկու շաբաթ, այսինքն` մինչև մյուս Աժ նստաշրջանը ու եթե այդ ժամանակ չունեցանք օրենքում դրույթներ, որոնք կարող են բավարարել մեր պահանջները, նորից դուրս ենք գալու փողոց: Կոչ եմ անում նաեւ ձեզ՝ բացի ամբիոնից ելույթ ունենալուց, դիմել գործնական քայլերի, կանգնել սեփական ժողովրդի կողքին՝ նպաստելով սեփական ժողովրդի շահերի պաշտպանությանը: Եթե մինչեւ փետրվարի 23-ը՝ հաջորդ նստաշրջանի սկիզբը, կառավարությունը կամ իշխանությունը չներկայացնի օրենքի համապատասխան փոփոխություն, մեր շարժումը դուրս է գալու փողոց, փորձելու է փողոցում, հրապարակում քաղաքացիական անհնազանդության միջոցով բարձրաձայնել իրենց խնդիրները»:
Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանին անհայտ անձինք առեւանգել էին, իսկ որոշ ժամանակ անց նրան անգիտակից վիճակում ու մարմնական տարբեր վնասվածքներով գտել էին իրենց տան մոտ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ