Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ երաժշտությունը հոգուդ մեջ է

Փետրվար 08,2015 00:28

«30 տարի անց…»՝ այսպես էր այսօր կայացած իր մենահամերգը խորագրել Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի բազմամյա դաշնակահարուհի եւ դաշնամուրի ուսուցչուհի Տամարա Պողոսովան:

«Երեսուն տարի առաջ այս բեմում կայացավ իմ առաջին մենահամերգը, երեսուն տարի առաջ ես կորցրի իմ թանկագին մայրիկին՝ Ժուանիտա Բոգդանովնային, ում նվիրված է այս համերգը: Նա դաշնամուրի իմ առաջին ուսուցիչն էր, եւ նրա շնորհիվ է նաեւ, որ ես այսօր այս բեմում եմ»,- ասաց Տ. Պողոսովան իր հանդիսատեսներին, որոնք ոչ միայն նրա բազմաթիվ ընկերներն էին, այլեւ մի քանի սերունդների աշակերտները, ովքեր Տամարա Պողոսովայի շնորհիվ հաղորդակից են դարձել երաժշտությանը, արվեստի գեղեցկությանը:

toma glxՏ. Պողոսովան, կամ պարզապես՝ Տոման, ինչպես նրան կոչում են ոչ միայն ընկերներն ու հարազատները, այլեւ անգամ՝ աշակերտները, անգնահատելի դեր ունի իր բոլոր աշակերտների կյանքում, որոնց նա ոչ միայն դաշնամուր նվագել է սովորեցնում, այլեւ՝ մտերիմ ընկեր է դառնում եւ իր օրինակով մասնակից դառնում նրանց՝ որպես մարդ ձեւավորմանը: Այդ մասին նշեցին նրա աշակերտների ծնողները, ովքեր նույնպես ներկա էին Տամարա Պողոսովայի մենահամերգին:

Բախ, Մոցարտ, Բեթհովեն, Դեբյուսի… Մեծ կոմպոզիտորների գործերը Տ. Պողոսովայի կատարմամբ յուրովի էին հնչում՝ չափից ավելի զգացմունքային, ճիշտ այնպես, ինչպիսին կատարողն է: Ծափողջույնները երկար ժամանակ չէին դադարում:

toma 6Սակայն Տ. Պողոսովան չէր կարող մոռանալ ի վերուստ իրեն տրված ուսուցչի կոչման մասին, եւ վերջում հանդիսատեսին սպասվում էր հետաքրքիր անակնկալ: «Կատակում են երաժիշտները»՝ հայտարարեց դաշնակահարուհին, եւ բեմում հայտնվեցին նրա ներկայիս աշակերտները: Մոնտիի «Չարդաշը» կատարեցին բոլորը միասին՝ ռոյալի վրա երբեմն մի ձեռք էր նվագում, որոշ պահերի՝ միանգամից՝ ութ:

Համերգի ավարտից հետո էլ հիացած հանդիսատեսը երկար ժամանակ բաց չէր թողնում դաշնակահարուհուն՝ շնորհավորանքների եւ շնորհակալությունների տարափը շարունակվում էր:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728