Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատժելի է Հոլոքոստը, պատժելի է նաև Հայոց ցեղասպանությունը». Վլադիմիր Վարդանյան

Փետրվար 07,2015 19:09

Արդյո՞ք Հայոց ցեղասպանության իրավական կողմն անհրաժեշտ չափով ուսումնասիրված է և արդյո՞ք Հայաստանն ունի այն թղթածրարը, որը թույլ կտա միջազգային ատյաններում հանդես գալու որոշակի պահանջներով:

ՍԴ իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված իրավական պահանջներ ամրագրող ավարտուն, ամբողջական թղթածրար առայժմ գոյություն չունի:

«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագրին,  ապա այն համայն հայության մտահոգություններն  ու ակնկալիքները ներկայացնող փաստաթուղթ է, որը, պարզապես, անդրադառնում է իրավական այն թղթածրարին, որն անհրաժեշտ կլինի հետագայում համապատասխան պահանջներ ներկայացնելու համար: Պահանջները, ի դեպ, միատեսակ չեն. դրանք բազմաշերտ են, և պահանջներից խոսելիս մենք պետք է հստակ հասկանանք, թե կոնկրետ ինչ և ումից ենք պահանջում: Միջազգային իրավունքում պետությանը դատական համապատասխան ատյան պատասխանատվության կանչելու համար այդ պետությունը պետք է ճանաչի տվյալ դատական ատյանի իրավազորությունը տվյալ գործով: Այսինքն` մենք չենք կարող ուղղակիորեն դիմել դատարան պետության դեմ՝ առանց հայցելու վերջինիս համաձայնությունը: Դուք կասեք՝ այդ դեպքում Թուրքիան երբեք չի տա իր համաձայնությունը և այլն, և այլն: Միջազգային իրավունքի առանձնահատկությունը սա է»,- ընդգծեց Վ. Վարդանյանը:

Անդրադառնալով Եղեռնի և Հոլոքոստի նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած երկակի մոտեցմանը՝ իրավաբանն ասաց, որ հայկական և հրեական ցեղասպանությունների պատժելիության միջազգային իրավական հենքերը նույնն են, դրանք 19-րդ դարի երկրորդ կեսից ձևավորված իրավական նորմեր են: «Եթե պատժելի չէ Հայոց ցեղասպանությունը, պատժելի չէ նաև Հոլոքոստը, եթե պատժելի է Հոլոքոստը, հետևաբար՝ պատժելի է նաև Հայոց ցեղասպանությունը, եթե կոնվենցիան կիրառելի չէ Հայոց ցեղասպանության նկատմամբ, կիրառելի չէ նաև Հոլոքոստի նկատմամբ»,- նշեց Վ. Վարդանյանը:

«Ի վերջո, ի՞նչ արեց Ռաֆայել Լեմկինը՝ հրեական ծագմամբ այդ լեհ իրավաբանը,- հռետորական հարցով արձագանքեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը,- նա Հայոց ցեղասպանության իրողությունն իր բոլոր շերտերով օգտագործեց, բանաձևեց ու ներկայացրեց ՄԱԿ-ին: Եվ 1948 թ. դեկտեմբերի 9-ին այն տեղ գտավ հայտնի կոնվենցիայում: Ինչ մեզ հետ տեղի էր ունեցել, նա նույնացրեց հրեաների հետ, և միջազգային իրավունքի տեսանկյունից ստեղծվեց մի հզոր փաստաթուղթ, որով, 1952 թվականից սկսած, նրանք, ի վերջո, հասան հատուցման գործընթացին: Բայց Ռ. Լեմկինն իր առջև խնդիր չէր դրել հայերին վերաբերող մի կարևոր հանգամանք ևս արձանագրելու այդ փաստաթղթում: Խոսքը հայրենիքից զրկվելու մասին է: Այդպիսի խնդիր չէր դրել, որովհետև հրեաների պարագայում նման հանգամանք չկար»,- ասում է պատմաբանը:

Նրա համոզմամբ՝ միջազգային իրավունքի բառապաշարում պետք է ներմուծել նոր եզրույթ, այն է՝ հայրենազրկում, որը, ըստ նրա, Հայոց ցեղասպանության թերևս ամենածանր հետևանքն էր: «Մենք հայրենազրկման դրույթը միջազգային իրավունքի տեսանկյունից դեռևս ձևակերպման չենք հասցրել: Դրա համար էլ դա խոցելի է: Երբ խոսում ենք նյութական հատուցման մասին, անկախ այն բանից՝ որևէ միջազգային դատարանում կհասնենք այդ նյութականին, թե ոչ, մեր հեռանկարային նպատակը, ի վերջո, հայրենիքն է, որովհետև մեզ ցեղասպանել են հենց հայրենիքից զրկելու նպատակով»,- նշեց Ա. Մելքոնյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728