«Ժառանգություն» կուսակցության վարչության արտագնա նիստն այսօր կայացավ Գյումրիում, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Սակայն մինչև նիստի մեկնարկելը, կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին լրագրողների հետ: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եկել են հերթական անգամ իրենց մոտեցումները, տեսակետները, հույզերն ու հույսերը հայտնելու Հայաստանի ապագայի մասին: Ըստ պարոն Հովհաննիսյանի, նիստը գումարելով Գյումրիում` նպատակ ունեն զորակցել գյումրեցիներին Ավետիսյանների սպանդի կապակցությամբ և պահանջել արդարություն: Ի դեպ, նախքան Գյումրի ժամանելը նրանք եղել էին նաև Սառնաղբյուրում և իրենց զորակցությունն էին հայտնել ձերբակալված ու երեկ ազատ արձակված Մնացական Ավետիսյանի ընտանիքին:
« Ես կարծում եմ, որ ամբողջ Հայաստանը ` հյուսիսից հարավ և հատկապես ամբողջ Շիրակը, Գյումրին պիտի պատրաստվեն մեծ զորաշարժի` արդարություն բերելու վերջապես մեր պետությանը և մեր ժողովրդին: Առաջինը` ունենք շատ ցավալի, վշտալի հոգեհանգիստ մի քանի շաբաթ անց, բայց միայն հոգեհանգստով չէ, որ մեր քաղաքացիական նվիրումը, զորակցությունը, քաղաքացիական ակտիվությունը պիտի պայմանավորվի: Սառնաղբյուրից մինչև Գյումրի , բոլոր շրջակա գյուղերը, Վանաձոր և Թալին, մենք պիտի պատրաստվենք քաղաքացիական հզոր ալիքի: Չեմ ասում վերջին շանս կամ հնարավորություն, բայց ասում եմ, որ հասունացել է ժամանակը: Եվ հոգեհանգստից , քառասունքից հետո թող ողջ ազգը, քաղաքացիությունը պատրաստվի միասնական համատեղ պայքարի: Թող ոչ մեկը իմ այսօրվա խոսքերը չմեկնաբանի որպես հարգանքի պակաս որևէ մեկի նկատմամբ. ո՛չ օտարի, ո՛չ ռազմավարական գործընկերոջ, ո՛չ էլ դե ֆակտո գործող իշխանության: Ես հարգել գիտեմ, և նաև գիտեմ մեր պետական և ազգային շահը: Եթե Ռուսաստանի Դաշնության իշխանությունը հանցագործ հրեշին և իր ղեկավարներին չհանձնի հայոց արդարադատությանը, այս բազան և սահմանապահները հետ պետք է դուրս գան Հայաստանի տարածքից: Ես հարգում եմ ռազմավարական գործընկերոջ, իր մեծությունը, շահերի ընդհանրությունը , բայց նաև ես գնահատում եմ ավելի բարձր մեր ազատությունը, ինքնիշխանությունը: Եվ պահանջում եմ հարգանք Ավետիսյանների ընտանիքի, գյումրեցու, Հայաստանի հանրապետության նկատմամբ: Շատ պարզ բան , մեր տարածքն է, մեր սուվերեն, անկախ պետությունն է, էդ հրեշը ոչ միայն սպանեց և չի բացառվում ուրիշների մեղսակցությամբ, այլ փորձի փախչել:Եվ իրեն բռնողը հայ էր, թե ռուս պարտավոր էր այդ դավաճանությունը, հանցանքը կատարելուց հետո հանձնել Հայաստանի արդարադատությանը»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Նա անդրադարձավ նաև սահմանում ու զորամասերում տեղի ունեցող սպանություններին , նշելով, որ պահը եկել է, որ հանուն Հայաստանի ու ճշմարտության, հանուն զինվորների Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը հրաժարական տան, որպեսզի նման զոհեր այլևս չլինեն:
Մանրամասները տեսանյութում.
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Րաֆֆի ջան, պիտի որ սկսես նորէն մի լաւ հացաթուլով… լաւ կը լինի նաեւ քո առողջության համար…
(ի դէպ՝ Զարուհին ել թող մասնակցի, ան ել կարծես պետք ունի մի քանի քիլո կորսնցնելու…)