Արգամ Այվազյանը համարում է, որ Բերձորում հայկական կողմը իր բարոյական մակարդակով բավականին իջավ
Պատմաբան Արգամ Այվազյանը փետրվարի 7-ին «Հայք» մամուլի ակումբում «Չհարամե՛նք ապրիլի 24-ը» խորագրով ասուլիսի ընթացքում ասաց, որ պետք է կոնկրետ ծրագրով իշխանափոխություն կատարել:
Նրա կարծիքով՝ Հայաստանին պետք է մտքի զորավար, որը կկարողանա բոլոր ուժերը մեկտեղել եւ հայ ժողովրդին տանել նրա երազած ճանապարհով. «Ես երբեք չեմ պաշտպանում իշխանությունների թերությունները, որոնք առկա են: Խորհրդային Միության տարիներին Հայաստանի Հանրապետության մշակույթը եւ գիտությունը Խորհրդային Միության ամենաաչքի ընկնող մշակույթն ու գիտությունն էր, իսկ այսօր կործանման եզրին ենք մենք կանգնած»:
Պատմաբանը կարծում է, որ ապրիլի 24-ին բողոքի ակցիաներ չեն լինի. հայ ազգը պետք է արժանապատվությամբ իրեն պահի. «Եթե հայ ժողովուրդը արժանապատվություն չցուցաբերի Հայաստան եկած պաշտոնյաները հիասթափված կհեռանան: Ո՞վ է կազմել այդ հռչակագիրը, նրանք թո՛ղ տիրություն անեն: Ես չեմ կարծում, որ այդքան անհեռատես, մանրախնդիր, նեղ անձնական ու խմբակային շահերով առաջնորդվող մարդիկ կլինեն, թեեւ մեր ժողովրդի մեջ եղել է: Բայց սա այդ դեպքը չէ, ժողովուրդը ինքը թույլ չպետք է տա»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Բերձորի դեպքերին, երբ ոստիկանները ծեծի էին ենթարկել «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամներին`Արգամ Այվազյան գնահատեց այն որպես վայրագություն. «Բերձորում պատահածը մեծ սպի է Արցախի եւ Հայաստանի իշխանությունների ճակատին: Չի՛ կարելի այդպիսի բան թույլ տալ: Մենք մեր բարոյական մակարդակով այնքա՜ն իջանք Բերձորում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ