Փետրվարի 7-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Իվիցա Դաչիչի հետ։
Նախարար Նալբանդյանը շնորհավորեց սերբ գործընկերոջը՝ հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ, և Հայաստանի աջակցությունը հայտնեց` ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման գործում։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության խնդիրներին։
Նախարարները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն հայտնեց` հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ, և կարևորեց 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրով հրադադարի ռեժիմի լիարժեք ապահովումը։
Կարդացեք նաև
Նախարար Նալբանդյանը նշեց, որ չնայած եռանախագահող երկրների ղեկավարների բազմաթիվ կոչերին` Բաքուն շարունակում է իր առավելապաշտական գիծը՝ արգելակելով բանակցային գործընթացը։
Անդրադարձ կատարվեց հայ-սերբական դինամիկ զարգացող հարաբերություններին և դրանց առավել ընդլայնմանն ուղղված քայլերին։
Էդվարդ Նալբանդյանը Իվիցա Դաչիչին հրավիրեց այցելել Հայաստան։
Արտաքին գործերի նախարարություն