ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՏԵՍԱՆԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Սա պատմություն է մի ժողովրդի, ով կյանքի է կոչել ինքնորոշման իր օրինական իրավունքը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը և գրեթե մեկ դար շարունակ դիմակայում է իր վրա իշխելու նկրտումներ ունեցողների թշնամանքին:
Պատմական ակնարկ
Ղարաբաղը (որ դարեր շարունակ կոչվել է Արցախ) եղել է հայկական թագավորությունների բաղկացուցիչ մաս: Դրա մասին են հավաստում անտիկ հեղինակների աշխատությունները (Ստրաբոն, Պլինիոս Ավագ, Կլավդիոս Պտղոմեոս, Պլուտարքոս, Դիոն Կասիոս), ինչպես նաև հայկական ներկայությունը փաստող բազմաթիվ մշակութային և պատմական վկայությունները (հուշարձաններ, եկեղեցիներ, գերեզմաններ և այլն):
1918թ.-ին՝ Ռուսական Կայսրության փլուզումից հետո, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը հռչակեցին իրենց անկախությունը: Մեծամասնությամբ` գրեթե 95%-ով բնակեցված լինելով հայերով` Լեռնային Ղարաբաղը 1918-1920թթ. դե ֆակտո ինքնիշխան էր (1): Այդ ժամանակից սկսած` Ադրբեջանը սկսեց պահանջներ ներկայացնել այս տարածքի նկատմամբ՝ փորձելով ուժի միջոցով զավթել այն: 1918թ.-ի մայիսից մինչև 1920թ.-ի ապրիլ հայ բնակչության կոտորածներ իրականացվեցին: Միայն 1920թ.-ի մարտին շուրջ 20 հազար հայեր սպանվեցին, ևս 20 հազարն արտաքսվեցին Ղարաբաղի այդ ժամանակվա մայրաքաղաք Շուշիից: Այս գործողությունների անօրինական բնույթն ընդգծվել էր Ազգերի լիգայի կողմից, որը մերժեց Ադրբեջանի անդամակցության դիմումը` նրա սահմանները հստակեցնելու անհնարինության պատճառով (2):
Կարդացեք նաև
Կովկասյան հանրապետությունների խորհրդայնացումը ադրբեջանական ղեկավարության առջև Արցախի բռնազավթման համար կանաչ լույս վառեց:
1921թ.-ի հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն, Իոսիֆ Ստալինի ճնշման ներքո, որոշեց Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Հատկանշական է, որ այս բյուրոն որևէ իրավասություն չուներ որոշումներ կայացնելու այլ երկրների միջև տարածքային խնդիրների վերաբերյալ, հատկապես այն պարագայում, երբ ԽՍՀՄ-ը դեռ չեր ստեղծվել, և Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե անկախ պետություններ էին:
Ավարտելով իր զավթողական ծրագիրը` Բաքուն ավելի հեռուն գնաց: Չնայած Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն նախատեսել էր ինքնավար մարզի ստեղծում ողջ Լեռնային Ղարաբաղում` այս տարածքի միայն մի մասն ընդգրկվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կազմում: Արդյունքում այն վերածվեց անկլավի` զրկվելով Հայաստանի հետ ընդհանուր սահմանից:
Խորհրդային տարիներին Ադրբեջանի իշխանությունները փորձեցին խոչընդոտել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ իրականացնելով էթնիկ զտումներ և ավերելով կամ յուրացնելով հայկական հուշարձանները և մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևն իր հարցազրույցներից մեկում (3) խոստովանել է, որ նա արել է հնարավոր ամեն ինչ` Ադրբեջանի օգտին Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը փոխելու համար: Փաստորեն, հայերը, որոնք 1921թ.-ին բնակչության 94.4%-ն էին կազմում, 1989թ.-ին չէին գերազանցում 76.9%-ը:
Արցախի ժողովուրդը երբեք չհամակերպվեց սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից իրեն զրկելու ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության հետ: Այն բազմիցս է հարցը բարձրացրել խորհրդային կենտրոնական իշխանությունների առջև: Մի շարք դիմումներ և ստորագրահավաքներ են ուղարկվել՝ խնդրելով Մոսկվային վերանայել 1921թ.-ի որոշումը և Արցախը վերամիավորել Հայաստանին:
1985թ.-ին Միխայիլ Գորբաչովի կողմից նախաձեռնված վերակառուցման քաղաքականությունը հնարավորություն ընձեռեց վերաբացելու խնդիրը: Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու ժողովրդական շարժումը, որը պայքարում էր վերջ դնելու ադրբեջանական տիրապետությանը և հանուն ինքնորոշման իրավունքի` ազատականացման, ժողովրդավարացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, նոր թափ ստացավ 1988թ.-ին:
1988թ.-ի փետրվարի 20-ին Ղարաբաղի Ժողովրդական պատգամավորների խորհուրդը՝ տեղական խորհրդարանը, ընդունեց բանաձև` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանին վերամիավորելու խնդրանքով խորհրդային իշխանություններին դիմելու վերաբերյալ:
Խորհրդային Ադրբեջանի արձագանքն իրեն սպասել չտվեց: Հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության նոր ալիք բարձրացավ Արցախի տարածքում, ինչպես նաև` Ադրբեջանի հայաբնակ շրջաններում: 1988թ.-ի փետրվարին Սումգայիթում իրականացված կոտորածների հետևանքով տասնյակ զոհեր եղան: Դաժանությունը շարունակվեց՝ ընդգրկելով Բաքուն, Կիրովաբադը և այլ քաղաքներ ու գյուղեր: Ընդհանուր առմամբ, ջարդերի ընթացքում սպանվեցին հարյուրավոր հայեր, շուրջ 400.000-ը ստիպված եղան փախչել` ապաստան գտնելով Հայաստանում, Ռուսաստանում և խորհրդային մյուս հանրապետություններում:
Իրավական հիմքերը
1990թ.-ի ապրիլի 3-ին ԽՍՀՄ-ում նոր օրենք ընդունվեց, որը խորհրդային հանրապետությունների ինքնավար միավորներին և կոմպակտ բնակվող էթնիկ խմբերին իրավունք էր տալիս ազատորեն որոշելու իրենց իրավական կարգավիճակը` ԽՍՀՄ կազմից այդ հանրապետությունների դուրս գալու պարագայում: 1991թ.-ի օգոստոսի 30-ին Խորհրդային Ադրբեջանի անկախության հռչակագրի ընդունումից հետո, Լեռնային Ղարաբաղը նախաձեռնեց միևնույն իրավական գործընթացը` ընդունելով սեփական անկախության հռչակագիրը: 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում բնակչության մեծամասնությունը (ավելի քան 99%-ը), միջազգային դիտորդների ներկայությամբ, քվեարկեց անկախության օգտին:
Հանրաքվեի ժամանակ Լեռնային Ղարաբաղը դեռևս ԽՍՀՄ կազմում էր գտնվում և դրա անցկացումը լիովին համահունչ էր խորհրդային օրենսդրությանը: Տրամաբանական է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում ստեղծվեցին երկու պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը:
Տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանն ընդունել է մի շարք բանաձևեր՝ իր աջակցությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պայքարին: 1999թ.-ի հունիսի 21-ի բանաձևում շեշտվում էր, որ. «1991թ.-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն իր անկախությունը հռչակել է` հետևելով ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունների կողմից արված նմանատիպ հայտարարություններին»:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է` ամրագրված Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ և վերահաստատված բազում այլ միջազգային հիմնարար փաստաթղթերով:
Չունենալով Լեռնային Ղարաբաղի անկախության դեմ որևէ իրավական հակափաստարկ` Բաքուն փորձեց խնդիրը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ:
Հակամարտությունը և խաղաղ կարգավորման գործընթացը
Լեռնային Ղարաբաղում և շրջակա հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված էթնիկ զտումներն արագորեն վերածվեցին լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք հանգեցրին տասնյակ հազարավոր զոհերի և զգալի ավերածությունների պատճառ հանդիսացան: Այս պատերազմում Ադրբեջանն օգտագործում էր տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող, հիմնականում` աֆղան և չեչեն վարձկանների:
Միջազգային իրավունքի նման լուրջ խախտումները չվրիպեցին միջազգային հանրության ուշադրությունից: 1988-1991թթ. ԱՄՆ Կոնգրեսը մի քանի անգամ դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան հայ քաղաքացիական բնակչության նկատմամբ: Ավելին, 1992թ.-ին ընդունեց Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը, որով սահմանափակվում էր ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին` հղում անելով վերջինիս կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը:
1993թ.-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն ընդունեց չորս բանաձև` կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները, բացել հաղորդակցության ուղիները և վերսկսել խաղաղ բանակցությունները բոլոր շահագրգիռ կողմերի` ներառյալ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Ի պատասխան` Ադրբեջանը ուժգնացրեց իր ռազմական հարձակումները: Բայց ռազմի դաշտում ուժերի հարաբերակցությունը դասավորվեց ի վնաս իրեն, և շուտով Ադրբեջանը չուներ որևէ այլընտրանք, բացի Լեռնային Ղարաբաղից հրադադար խնդրելը:
1994թ.-ի մայիսին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքվեց հրադադարի մասին համաձայնագիր, որին միացավ նաև Հայաստանը: 1995թ.-ի փետրվարին կնքվեց հրադադարի ամրապնդման մասին նոր եռակողմ համաձայնագիր: Այս երկու համաձայնագրերն էլ շարունակաբար խախտվում են Ադրբեջանի կողմից:
1990-ականների կեսերից խաղաղ բանակցություններն իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Սկզբնական շրջանում խաղաղ բանակցություններում ընդգրկված էին երեք կողմեր` Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը: Բայց, 1990-ականների վերջերին Ադրբեջանը խզեց Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսությունը: Խաղաղության գործընթացը պահպանելու նպատակով Հայաստանը շարունակեց բանակցությունները` այն համոզմամբ, որ հետագայում ԼՂ-ն անպայման կներգրավվի դրանցում: Իրականում, անհնար է հասնել տևական կարգավորման առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, և համանախագահները լիովին կիսում են այս մոտեցումը:
Մինսկի խմբի համանախագահները ջանքեր չեն խնայում` կազմակերպելով պարբերական բարձր մակարդակի բանակցություններ և այցելելով Բաքու, Ստեփանակերտ և Երևան: Սակայն, խաղաղությանն ուղղված նրանց բոլոր ջանքերը արդյունք չեն տալիս, քանի որ ձախողվում են Ադրբեջանի կողմից: 2001թ.-ին Փարիզում բանակցային կողմերը մոտ էին հակամարտության կարգավորմանը: Ցավոք, այդ ժամանակվա Ադրբեջանի նախագահ և ներկայիս նախագահի հայր Հեյդար Ալիևը հետ կանգնեց Ֆրանսիայի մայրաքաղաքում ձեռք բերված համաձայնություններից:
Հիմնարար սկզբունքները
2007թ.-ի նոյեմբերին Մադրիդում կայացած ԵԱՀԿ Նախարարների խորհրդի ընթացքում համանախագահները ներկայացրին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք հետագայում հայտնի դարձան «Մադրիդյան սկզբունքներ» անվան տակ:
Ադրբեջանը նախ հրապարակայնորեն հրաժարվեց նույնիսկ ընդունել Մադրիդյան առաջարկների գոյությունը: Հետագայում Բաքուն փորձեց կեղծել փաստաթղթի էությունը և խեղաթյուրել խաղաղության գործընթացի բովանդակությունը:
Համանախագահ երկրները հարկադրված էին հրապարակել Մադրիդյան փաստաթղթի հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:
Հրապարակվեցին նաև առաջարկների հիմնական տարրերը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավականորեն պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ մինչև ազատ կամարտահայտման կազմակերպումը, բազմաշերտ անվտանգության երաշխիքներ` ներառյալ խաղաղապահ գործողություն Լեռնային Ղարաբաղի շուրջ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք, բոլոր փախստականների և ներքին տեղահանված անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք:
Ադրբեջանը մերժել է եռանախագահների կողմից ներկայացված բոլոր առաջարկները։ Նա փորձում է տարբեր միջազգային հարթակներում ոչ միայն խեղաթյուրել բանակցային գործընթացի էությունը, այլև՝ հակամարտության բնույթը՝ չխորշելով ապակողմնորոշել միջազգային հանրությանը` ներկայացնելով հակամարտության հետևանքները որպես դրա պատճառներ:
2010թ.-ին ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ՝ «Առաջարկված այս տարրերը մշակվել են որպես մեկ ամբողջություն, և որոշ տարրերը մյուսներից գերադասելու ցանկացած փորձ անհնար կդարձնի հասնել հանգուցալուծման»:
2008-2011թթ. ընթացքում Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեծ ներդրում ունեցավ խաղաղության գործընթացում: Նա կազմակերպեց մի շարք եռակողմ բանակցություններ` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, որոնց ընթացքում կողմերն ընդունեցին չորս հայտարարություն (4):
Աջակցելով խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` համանախագահ երեք երկրների նախագահներն ընդունեցին հինգ հայտարարություն (5): Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին հայտարարություններ ընդունվեցին նաև ԵԱՀԿ գագաթաժողովի և ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստերի շրջանակներում (6):
Հայաստանը ողջունեց այս հայտարարությունները և պատրաստակամություն հայտնեց գնալ հակամարտության կարգավորմանը` այդ հայտարարություններում ներկայացված առաջարկների հիման վրա:
Սակայն Ադրբեջանը ոչ միայն հրաժարվեց աջակցել այդ հայտարարություններին, այլև մերժեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները, որոնք առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից` ներառյալ Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս), Աստրախանի (2010թ. հոկտեմբեր), Սոչիի (2011թ. մարտ) և Կազանի (2011թ. հունիս) գագաթաժողովների ժամանակ:
Կազանի հանդիպմանը, որը կազմակերպվել էր նախագահ Մեդվեդևի կողմից և որին իրենց աջակցությունն էին հայտնել նախագահներ Օբաման և Սարկոզին, մենք մասնակցեցինք դրական տրամադրվածությամբ և այն զգացումով, որ կարող ենք համաձայնություն ձեռք բերել Հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Ամերիկայի և Ֆրանսիայի նախագահներն օգտագործեցին իրենց ողջ կշիռը՝ աջակացություն հայտելով հանդիպմանը: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումից անմիջապես առաջ Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթում հայտարարեց, որ հնարավոր կլինի ակնկալել դրական արդյունքներ, եթե Ադրբեջանը չառաջարկի նոր փոփոխություններ: Բայց կրկին, չնայած բոլոր հույսերին, Կազանի գագաթաժողովը ևս բեկումնային չդարձավ: Վերջին պահին Ադրբեջանը հետքայլ կատարեց` առաջարկելով տասը փոփոխություն արդեն իսկ համաձայնեցված տեքստի մեջ: Դա նախկին հանդիպումների սցենարի կրկնությունն էր:
Կազանի գագաթաժողովից հետո
Կազանի գագաթաժողովին հետևեց խաղաղ կարգավորման գործընթացի գրեթե երկամյա լճացումը: Իր ապակառուցողական դիրքորոշմամբ Ադրբեջանը ոչ միայն ձախողեց բանակցությունները, այլև նպաստեց հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը: Այս ընթացքում բազմապատկվեցին Ադրբեջանի կողմից իրականացված հրադադարի ռեժիմի խախտումները և սադրիչ գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով, ինչպես նաև` Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին:
Համանախագահներն օժտված են միջազգային մանդատով` դյուրացնելու բանակցային գործընթացը, ինչպես նաև նպաստելու հրադադարի ռեժիմի պահպանմանը և ամրապնդմանը: Նրանք ներկայացրել են վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների վերաբերյալ մի շարք առաջարկներ՝ հրադադարի ռեժիմի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում: Բոլոր այս առաջարկները հավանության են արժանացել մի շարք կարևոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից: Դրանք ողջունել են նաև Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Բայց բոլորը մերժվել են Բաքվի կողմից:
Ադրբեջանը մերժել է անգամ իրականացնել հետաքննության մեխանիզմի ստեղծումը, որին նախագահ Ալիևը տվել էր իր համաձայնությունը (05.03.2011թ. և 23.01.2012թ. Սոչիի հայտարարություններ): Ադրբեջանը նույնիսկ սպառնում էր վետո դնել ԵԱՀԿ 2012թ. բյուջեի վրա, եթե որևէ ֆինանսավորում հատկացվի հետաքննության նման մեխանիզմի ստեղծման համար:
Հայաստանը մշտապես աջակցել է վստահության և անվտանգության ամրապնդման միջոցներին: Մենք կարծում ենք, որ այս միջոցները թույլ կտան նպաստավոր պայմաններ ստեղծել բանակցությունների համար: Ադրբեջանն այս ամենին հակառակ տեսանկյունից է մոտենում և հրաժարվում է դիտարկել այդ միջոցների իրագործումը, քանի դեռ կարգավորման հարցում առաջընթաց չի արձանագրվել: Սա լիովին անիմաստ է, քանի որ ակնհայտ է, որ եթե մենք կարողանանք լուծման հասնել, նման միջոցների կարիք չի լինի: Ակնհայտ է նաև, որ առանց կողմերի միջև վստահության անհնար է որևէ կարգավորում:
Հայատյացությունն Ադրբեջանում
Բաքուն բացահայտորեն խրախուսում է հակահայկական այլատյացությունը: Ադրբեջանի նախագահը ողջ աշխարհի հայերին Ադրբեջանի «թիվ մեկ թշնամիներ» է հռչակել:
Այս հակահայկական քարոզչությունն իր գագաթնակետին հասավ Սաֆարովի դեպքի ժամանակ: 2004թ.-ին այս ադրբեջանցի զինծառայողը, ով մասնակցում էր Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացին, կացնահարեց քնած հայ սպային, սոսկ նրա ազգային պատկանելության պատճառով: Դատապարտվելով Հունգարիայում, որտեղ նա կրում էր իր պատիժը` Սաֆարովն ի վերջո արտահանձնվեց 2012թ.-ին: Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո նրան ներում շնորհեցին և փառաբանեցին: Ադրբեջանական ղեկավարությունը նրան դարձրեց ազգային հպարտության խորհրդանիշ և ներկայացրեց որպես օրինակ, որին պետք է հետևի երիտասարդ սերունդը։ Դա արժանանացավ ողջ աշխարհի դատապարտմանը: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շեշտեց, որ՝ «Նման անձի հերոսացումը և պարգևատրումը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վերաբերյալ ընդունված բոլոր չափանիշներին»: Եվրոպական խորհրդարանի նախագահը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը ևս ահազանգեցին իրենց մտահոգության մասին: Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարեց, որ՝ «ազգային ատելության հողի վրա կատարված նման ծանրության հանցագործությունները պետք է դատապարտվեն և համապատասխան կերպով պատժվեն, այլ ոչ թե հրապարակայնորեն փառաբանվեն»: Չնայած այս զգուշացումներին՝ Բաքվի իշխանությունները շարունակում են պնդել, որ իրենց արածը «շատ լավ է և ճիշտ» և փոխարենը համարձակվում են քննադատել միջազգային հանրության դիրքորոշումը:
Երբ տխրահռչակ «Սաֆարովյան դեպքից» որոշ ժամանակ անց` 2013թ.-ի նոյեմբերին, Վիեննայում համանախագահների ջանքերի շնորհիվ վերսկսվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բարձր մակարդակի երկխոսությունը, հույս արթնացավ, որ բանակցություններում տեղաշարժ կգրանցվի: Եվս մեկ անգամ այդ սպասումները չարդարացան. Ադրբեջանն արեց ամեն ինչ, որպեսզի ապակայունացնի իրավիճակը հակամարտության գոտում:
Ադրբեջանական կողմը մի շարք հարձակումներ իրականացրեց, որոնք հանգեցրին բազում զոհերի` զգալիորեն մեծացնելով լարվածությունը հակամարտության գոտում: Հայ գյուղացին, ով սխալմամբ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ձերբակալվեց, ահաբեկչական կազմակերպությունների հայտի ոճով ստորացվեց տեսախցիկների առջև և սպանվեց հաջորդ օրը:
Ադրբեջանում լրագրողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները, մտավորականության ներկայացուցիչները հետապնդվում են` որպես «Հայաստանի լրտեսներ» կամ «ազգի թշնամիներ»` միայն այն պատճառով, որ նրանք հանդես են գալիս հօգուտ խաղաղության և հաշտեցման: Գրող Աքրամ Այլիսլին հետապնդումների թիրախ դարձավ մի վեպ հրատարակելու համար, որում անդրադառնում էր Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերին (7): Նրա գրքերը հրապարակայնորեն այրվեցին, իսկ գրողը, ստանալով մահվան սպառնալիքներ, ստիպված էր լքել երկիրը:
Հայատյացությունն իր հաստատուն տեղն է զբաղեցնում Ադրբեջանի քաղաքական կյանքում: Առավել համարձակներն, ովքեր դեմ են դուրս գալիս պաշտոնական քաղաքականությանը, շատ արագ անհետանում են ասպարեզից: Պատմության խեղաթյուրումը և քարոզչությունն այն աստիճանի են հասել, որ հազարամյա Երևանը և ողջ Հայաստանը ներկայացվում են որպես Ադրբեջանի հինավուրց տարածքներ:
Մի դարաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը և խրախուսումը համարվում են հիմնարար սկզբունքներ, այլ քաղաքակրթությունների արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության պարբերական բնույթ կրող ոչնչացումը կամ ավիրումը պետք է դատապարտվեն այն նույն խստությամբ և վճռականությամբ, ինչպես մարդկանց նկատմամբ բռնությունը:
Հայկական ճարտարապետական կոթողների և սրբավայրերի հետևողական ոչնչացումը, ներառյալ՝ 1998-2005թթ.-ին Նախիջևանում հայ վարպետների կողմից 9-ից 16դդ. ընթացքում կերտված հազարավոր բարձրարվեստ խաչքարերի ոչնչացումը (8), նման հանցագործության վառ դրսևորումն է:
Միջնադարյան գերեզմանատան հազարավոր հսկա քանդակները ադրբեջանական կառավարության հրահանգով հիմնահատակ ոչնչացվեցին, իսկ տարածքը վերածվեց ռազմաբազայի: Վանդալիզմի այս դրսևորումը խստորեն դատապարտվեց Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ICOMOS) 16-րդ գլխավոր վեհաժողովի կողմից. «Այս ժառանգությունը, որ ժամանակին իր արժանի տեղն էր զբաղեցնում աշխարհի ժառանգության գանձերի շարքում, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ահազանգել են Ադրբեջանում ռասիզմի, անհանդուրժողականության և մարդու իրավունքների խախտումների այս սարսափելի դրսևորումների և հայատյացության քաղաքականության մասին: Ռասիզմի և այլատյացության դեմ եվրոպական հանձնաժողովն (ECRI) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խորը անհանգստությամբ ընդգծել է «պաշտոնական շրջանակների և լրատվամիջոցների կողմից Հայաստանի Հանրապետության հասեցին մշտապես ուղղվող բացասական արտահայտությունների» մասին և խորհուրդ է տվել ադրբեջանական իշխանություններին «պատշաճ կերպով արձագանքել հայերի դեմ խտրականության և ատելության դրսևորումների բոլոր դեպքերին»: Ի պատասխան՝ Բաքուն հանդուրժողականության և ազատությունների թեմաներով կեղծ համաժողովներ է կազմակերպում՝ հույս ունենալով ուրիշներին պարտադրել մարդու իրավունքների վերաբերյալ իր սեփական տեսակետը…
Ունենալով ներպետական մակարդակով կոռուպցիայի իրականացման հարուստ փորձ՝ Ադրբեջանը ձգտում է իր այս «ունակությունները» տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն: Օտարերկրյա մայրաքաղաքներում և միջազգային կազմակերպություններում լոբբիստական խմբերը փորձում են արդարացնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:
Ադրբեջանը՝ որպես վտանգ տարածաշրջանային անվտանգության համար
Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանի նախագահը Սոչիում (2014թ. օգոստոս), ԱՄՆ պետքարտուղարը Նյուպորտում (2014թ. սեպտեմբեր), այնուհետև Ֆրանսիայի նախագահը Փարիզում (2014թ. հոկտեմբեր), կազմակերպեցին բարձր մակարդակի հանդիպումներ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ՝ լարվածությունը թուլացնելու և իրավիճակի հետագա սրումից խուսափելու նպատակով: Ադրբեջանը հերթական անգամ մերժեց Փարիզի գագաթաժողովի ընթացքում Ֆրանսուա Օլանդի կողմից առաջարկված վստահության միջոցները:
Այդ հանդիպումներից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունը բարձրացրեց հակահայկական հռետորաբանության հերթական ալիքը: Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին անգամ հայտարարեց, որ իր երկիրը կլուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով՝ պարծենալով Ադրբեջանի ռազմական բյուջեի 27% աճով: 2015թ.-ին այն կհասնի 4.8 մլրդ. ԱՄՆ դոլարի, որը 30 անգամ ավելի շատ է 2003թ.-ի համեմատ, երբ Իլհամ Ալիևը փոխարինեց հորը պետության ղեկավարի պաշտոնում:
Վերջին սադրանքը 2014թ.-ի նոյեմբերին ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումն էր: Սպանվեցին երեք երիտասարդ զինծառայողներ: Ադրբեջանցիները գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի կործանման վայրը պահում էին ուժգին կրակի տակ՝ խոչընդոտելով ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների և փրկարար խմբերի մուտքը անկման վայր: Անձնակազմի զոհված անդամների մարմինները տարհանելու նպատակով մարդասիրական միջանցք բացելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պահանջը նույնպես մերժվեց: Առերեսվելով միջազգային մարդասիրական իրավունքի այս կոպիտ խախտմանը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ի վերջո հարկադրված էր զոհվածների մարմինների տարհանման հատուկ գործողություն իրականացնել:
Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբին և միջազգային հանրությանը: Նա ոչ միայն անտեսում է վստահության ամրապնդման միջոցների իրականացման կոչերը, այլև գործում է դրանց դեմ՝ կրելով իրավիճակի սրման համար ողջ պատասխանատվությունը:
Քսան տարիների ընթացքում Ադրբեջանն արել է ամեն ինչ՝ խաթարելու հրադադարի ռեժիմը: Շփման գծի երկայնքով և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունները հանգեցրել են մեծաթիվ մարդկային կորուստների և կտրուկ ավելացրել են լարվածությունը: Բաքվի ղեկավարության հայտարարությունները և քայլերը ապացուցում են, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության լուրջ վտանգ է դարձել: Այս երկիրը կորցրել է իրականության զգացումը և ջանք չի խնայում՝ խափանելու խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունները: Ահա թե ինչու, չնայած վերջին վեց տարիների ընթացքում համանախագահ երեք երկրների ինտենսիվ ջանքերին՝ շուրջ քսան գագաթաժողով, մի քանի տասնյակ հանդիպումներ նախարարական մակարդակով, եռանախագահների այցեր տարածաշրջան, բանակցային գործընթացում չի հաջողվել բեկում արձանագրել:
Ադրբեջանական կողմը Մինսկի խմբի համանախագահների հեղինակությունը վարկաբեկող արշավ է ծավալում: Նա շարունակաբար քննադատում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, ով իր թիմի հետ միասին փորձում է թույլ չտալ տարածաշրջանում իրավիճակի լարումը: Ադրբեջանցի պաշտոնյաները ջանում են կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից այլ հարթակներ տեղափոխել:
Փաստացի, Բաքվի իշխանությունները հետաքրքրված են միայն միակողմանի օգուտներ կորզելու մեջ: Այդ պատճառով է, որ նրանք միտումնավոր տապալեցին գագաթաժողովները Սանկտ Պետերբուրգում` 2010թ. հունիսին, Աստրախանում` 2010թ. հոկտեմբերին, Սոչիում` 2011թ. մարտին և Կազանում` 2011թ. հունիսին: Հայաստանը անընդունելի է համարում նման մոտեցումը: Ինչպես համանախագահները, Հայաստանը ևս համոզված է, որ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուն միտված բանակցային գործընթացի ձգձգման բոլոր խուսանավումներն անընդունելի են:
Հնարավո՞ր է արդյոք կարգավորումը
Մենք համոզված ենք, որ վերջին վեց տարիների ընթացքում համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում ուրվագծված սկզբունքները և տարրերը կարող են հիմք հանդիսանալ հակամարտության արդար և տևական կարգավորման համար:
Մենք կիսում ենք այն մոտեցումը, որ ժողովուրդները պետք է նախապատրաստվեն խաղաղության, ոչ թե պատերազմի: Դժբախտաբար, մինչ օրս ադրբեջանական ղեկավարությունն անում է ճիշտ հակառակը: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը, ի պատասխան համանախագահ երկրների նախագահների կոչերին, քանիցս վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին:
Մենք լիովին համաձայն ենք համանախագահ երկրների հետ առ այն, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը, և որ միայն բանակցային կարգավորումը կարող է հանգեցնել կայունության ու խաղաղության՝ ընձեռելով տարածաշրջանային համագործակցության և զարգացման նոր հնարավորություններ: Որքան շուտ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա այս իրականությունը, այնքան ավելի մոտ կլինի հակամարտության կարգավորումը:
Այն օրը, երբ Ադրբեջանը կձերբազատվի իր պատրանքներից, այն օրը, երբ նա կգիտակցի, որ նավթային եկամուտները ռազմական լարվածության պահպանմանն ուղղելով չի կարող հասնել իր շահերից բխող կարգավորման, այդ ժամանակ, խաղաղության գործընթացում առաջընթացն առավել տեսանելի կլինի: Հայաստանը շարունակելու է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղին:
(1) 1918-1920թթ. ընթացքում իշխանությունն իրականացվում էր Ղարաբաղի հայերի համագումարի կողմից: 1918թ.-ի հուլիսի 22-ին վերջինս Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ քաղաքական միավոր և ընտրեց Ազգային խորհուրդ (խորհրդարան) և ժողովրդավարական կառավարություն:
(2) Ազգերի լիգայի ասամբլեայի 5-րդ հանձնաժողովի որոշում, 1 դեկտեմբերի 1920թ.:
(3) Zerkalo, Azerbaijan, July 23, 2002.
(4) Մայենդորֆում (2 նեյոմբերի 2008թ.), Աստրախանում (27 հոկտեմբերի 2010թ.) և Սոչիում (5 մարտի 2011թ. և 23 հունվարի 2012թ.)
(5) Լաքվիլայում (2009թ.), Մուսկոկայում (2010թ.), Դովիլում (2011թ.), Լոս Կաբոսում (2012թ.), Էնիսկիլենում (2013թ.)
(6) Հելսինկիում (2008թ.), Աթենքում (2009թ.), Ալմաթիում (2011թ.), Վիլնյուսում (2011թ.) Դուբլինում (2012թ.), Կիևում (2013թ.), Բազելում (2014թ.) ԵԱՀԿ Նախարարների խորհրդաժողովին և ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին (2010թ.)
(7) «Каменные сны», Дружба народов, 2012
(8) -Stephen Castle «Azerbaijan ‘flattened’ sacred Armenian site», The Independent, 30 May 2006 ;RFE/RL, 22 April 2011.- Sarah Pickman «Tragedy on the Araxes», archaeology.org, 30 June 2006;- «U.S. Envoy barred from Armenian cemetery in Azerbaijan», RFE/RL, 22 April 2011.
Արտաքին գործերի նախարարություն