Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը դեռեւս գտնվում է արդարադատության նախարարության «ՙՎարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, իսկ դատական նիստերը, թվով յոթ, շարունակվում են ընթանալ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:
Ըստ գործի նյութերի, Նոր Նորքի զինկոմը, որը եղել է տեղական զորակոչային հանձնաժողովի նախագահ, զինկոմիսարիատում հաշվառված եւ առողջական վիճակի բերումով տարեկետման մեջ գտնվող զորակոչիկներին մինչեւ տարեկետման ժամկետի ավարտը «այլ ընտանեկան դրության բերումով տարեկետման իրավունք ձեռքբերելու դեպքում կրկին համապատասխան բուժհիմնարկ ուղեգրելու» համար իր աշխատասենյակում՝անցյալ տարվա մարտին քաղաքացի Գագիկ Վարդանյանից նրա որդու օգտին բժշկական փաստաթուղթ ձեռք բերելու համար, չորս հազար դոլարին համարժեք գումար կաշառք էր պահանջել:
Նախաքննության մարմնի տեղեկացմամբ, նա ստացել էր երեք հազար ինը հարյուր դոլարը՝զորակոչային բաժնի պետի աշխատասենյակում:
Գնդապետին մեկ այլ մեղադրանք էլ կա առաջադրված.ապօրինի զենք-զինամթերք պահելու: Պարզվել է, որ նա իր մոտ ունեցել է «ՊՄ», «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված, գործարանային արտադրության քսանչորս փամփուշտ, որը պահել է իր թանկարժեք մեքենայում՝ «Տոյոտա Պրադոյում»:
Ռ.Մ.