Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանը՝ Գյումրիում սպանության մասին. «Սա պարզ մարդասպանություն չէր»

Փետրվար 07,2015 13:07

Պերմյակովի կատարած հանցագործությունը բացառիկ է իր դաժանությամբ։ Այս տեսակետն այսօր «Ֆորում» մամուլի ակումբում հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը, անդրադառնալով Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործությանը։

Ըստ հոգեբանի ՝ շատ կարեւոր են սպանության դրդապատճառները. «Սա երեւի այն հարցերի հարցն է, որ կանգնած է իրավապահ մարմինների առջեւ։ Ես այն կարծիքին եմ, որ սա պարզ մարդասպանություն չէր։ Սա կամ համապատասխան պատվեր է, կամ էլ հանցագործության էքստազի մեջ նա մթագնած վիճակում, ամեն մի շարժվող բան իր թշնամին դարձնելով, անգամ երեխային, կատարել է այդ սպանությունը։ Սակայն որքան էլ հույզերը զարգացած լինեն, երեխա սպանելու համար բարոյական տհասության զրոյական մակարդակ է պետք»,-վստահ է բանախոսը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե իբր Պերմյակովը տառապում է սակավամտությամբ, տիկին Նալչաջյանը նշեց, որ այս պարագայում պետք է լուրջ փորձագիտական հետազոտություն իրականցնել։

Ի վերջո, ո՞վ է այդ 19 տարեկան տղան, որ ասում է, թե ինքն է այդ սահմռկեցուցիչ արարքն արել. «Ես շատ լավ նկատեցի, որ մի  քանի կադրեր ցույց տալուց հետո, մարդկանց մոտ տարակարծություններ եղան, շատերը մտածում էին, որ նա չի  կատարել այդ հանցագործությունը։ Մի նկար, մի քանի կադր տեսնելով՝ չի կարելի  եզրակացություններ անել»։

Տիկին Նալչաջյանը մասնագիտական տեսանկյունից բացատրեց, որ մարդասպանների տարբեր տեսակներ կան. «Կան մարդասպաններ, որոնց հետ շփվողները մտածում են, որ նրանից հնարավոր չէր նման բան սպասել, իսկ կան մարդասպաններ, որոնցից մենք սպասում ենք, քանի որ նրանց արարքները կանխատեսելի են դարձնում իրենց հետագա քայլերը։ Ես չեմ հանդգնի որեւէ որակում տալ Պերմյակովին, քանի  որ շատ քիչ բան գիտեմ։

Երեւի մարդիկ  սպասում էին ինչ-որ հրեշի կերպարի, մարդկանց մեջ այս կասկածը առաջացավ, քանի որ նա այդ ստերեոտիպին չէր պատկանում»։

Տարեսկզբին այսքան բացասական նորություններ լսելը, ըստ հոգեբանի, հասարակության վրա այնպես են ազդում, որ կոտրում են մարդկանց. «Հասարակությունը դուրս եկավ փողոց, քանի  որ այստեղ շատ կարեւոր էր վիրավորանքի տարրը, քանի որ սպանել էր այն մարդը, ում մենք բարեկամ էինք համարում։ Ես չեմ կարծում, որ բողոքի ալիքը մարել է, պարզապես ամեն մի ազդակ կարող է ժողովրդի մեջ բռնկումների առիթ դառնալ»։

Ասուլիսին հոգեբանը նաեւ անդրադարձավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանությանը. «Մենք հիմա կանգնած ենք մի սերնդի առջեւ, երբ ուժեղ լինելու պատկերը դաժան եւ բթամիտ ագրեսիվության հետ է կապված։ Ահա այսպիսի վիճակում են, որ կարող են հարցերը լուծելիս վերցնել եւ չորս հոգով սպանել մեկին։

Տեսեք ի՞նչ  աստիճանի դաժանություն եւ սադիզմ, որ սպանում են, հետո սցենարներ են մտածում։ Սա դաժանություն է,  որ արժանի է մեծ պատժի։ Այդպիսի բաները անխուսափելի են, երբ փողոցային, արատավոր բարքերը սկսում են գերակշռել»։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728