Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխային ապօրինի որդեգրել են, մայրը փնտրում է երեխային

Փետրվար 07,2015 11:45

Տասը օր հետո աղջնակը կդառնա տասնհինգ տարեկան: Այդքան տարի նա իր մորը չի տեսել, չի տեսել իր կենսաբանական հորը, որոնք չեն հրաժարվել աղջնակից, որոնք մինչ օրս, նրա ծնվելուց հետո որոնում են նրան:

Ծնողներն անգամ չեն ունենում իրենց երկրորդ երեխային, քանի որ մեն-միակն այս գեղեցկուհին էր, որին տեսել են մի անգամ:

Զրուցակիցս՝ մայրը, որի տվյալները հասկանալի պատճառներով չեմ հրապարակում, ծննդաբերելուց հետո իմանում է, որ երեխան վատառողջ է, չի ապրի: Նրան այդ մասին հայտնում են բուժհաստատությունում: Մայրն անչափահաս էր, եւ որպեսզի իրավապահ մարմինների ուշադրությունը չգրավի ծննդաբերությունը, հավատում է ասվածին…

Մորը տալիս են դատարկ մի թուղթ, որ նա ստորագրի, իբր երեխայի առողջության մասին է տեղեկանում: Հետո պարզվում է, որ նա ստորագրել է երեխայից հրաժարվելու մասին:

Ուշքի գալով, հասկանալով կատարվածը` նա դիմում է իրավապահ մարմիններին, կատարված հանցագործության մասին հաղորդումով:

Զուգահեռ դիմում է քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային բաժիններ, որտեղից հայտնում են, թե տվյալ անուն-ազգանուն- հայրանունով, ծննդյան թվով, օրով  երեխայի ծննդյան ակտի գրանցում չի կատարվել:

Մայրը դիմում է ամուսնության պալատ: Հետագայում բուժհաստատություններից մեկը տալիս է մի պաշտոնական փաստաթուղթ, համաձայն որի «Երկարատեւ բուժումից ու հսկողությունից հետո, որպես առանց ծնողական խնամքի մնացած, երեխայի տեղավորման հարցը լուծելու նպատակով վերջինիս փաստաթղթերը ուղարկվել են տեղական ինքնակառավարման մարմին: Թաղապետարանի որոշմամբ  երեխան այդ ժամանակ ՀՀ գործող որդեգրման կանոնակարգի համաձայն որդեգրվել է»:

Մայրը փաստորեն ընկում է երեխայի «հետքի» վրա:

Թվում էր, թե այսքանից հետո քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել էր ապա դադարեցվել, պետք է նման պատասխան տվող բուժհաստատության թե բժիշկը, թե ՏԻ մարմինն իր երեխային փնտրող մորը տեղեկացնեին նրա գտնվելու վայրի մասին, որդեգրի, սակայն նման բան տեղի չի ունեցել:

Ըստ երեխայի մոր ներկայացուցիչ փաստաբանի, երեխան գտնվում է ապօրինի որդեգրողի կամ որդեգրողների հսկողության տակ, իսկ որդեգրման ակտը ոչ թե նախորդել, այլ հետեւել է որդեգրող, որդեգրողների երեխայի հանձմանը:

Առաջին ատյանի դատարանն որդեգրումն համարել է օրենքին համապատասխան:

«Որդեգրման որոշման կայացման համար առանցքային համարվող փաստաթուղթը նախ զուրկ է իրավաբանական ուժից, եւ հետո գտնվել է ոչ թե թաղապետարանում, այլ դրա իրավունքը չունեցող անձի մոտ, իսկ նույն թաղապետարանում այդ որոշման կայացման համար հիմքեր չեն եղել»,-ասում է փաստաբանը:

Ի դեպ, ըստ նրա, քննիչը թաքցրել եւ շահագրգիռ կողմին ապօրինաբար զրկել է թաղապետարանի որոշումն ուսումնասիրելու, ծանոթանալու հնարավորությունից, այն չի տրվել երեխայի իրական ծնողներին.  չի տրամադրել անգամ դրա անհատականացված առանց որդեգրողների ինքնության բացահայտման տեքստը:

Առաջին ատյանի որոշումը քննիչի դեմ  բողոքարկվել է վերաքննիչում:

Վերաքննիչն ըստ էության չի հերքել բողոքում նշված ըստ փաստաբանի «արտառոց հանգամանքները, պարզապես, «շրջանցել է» քննիչի ապօրինությունները, եւ ենթադրություններով որոշում կայացրել:

 

Փաստաբանը դիմել է վճռաբեկ դատարան:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728