Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Չեմ կարծում, թե Գ.Ծառուկյանը նոր բան է ասել». «Հայոց աշխարհ»

Փետրվար 07,2015 11:33

Ի՞նչ ուղերձ հղեց Գագիկ Ծառուկյանը իշխանություններին, ի՞նչ նոր բան ասաց հանրությանը եւ համակիրներին, որ մինչեւ հիմա չէր ասվել։ Հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։

-Չեմ կարծում, թե Գ.Ծառուկյանը նոր բան է ասել. նորից խոսել է ընտրությունների ճանապարհով իշխանափոխության մասին, եւ մենք այստեղ արտառոց ոչինչ չենք տեսնում։

Բազմիցս ասել ենք՝ ցանկացած իշխանափոխություն կարող է լինել միայն ընտրությունների, ընդ որում՝ հերթական ընտրությունների միջոցով։ Պարզ պատճառով. արտահերթ ընտրությունների որեւէ նախադրյալ, անհրաժեշտություն այսօր գոյություն չունի՝ երկրում ո՛չ քաղաքական, ո՛չ իշխանական ճգնաժամ կա, որ մտածենք արտահերթ ընտրությունների մասին։

Հանրապետականը միշտ էլ ասել է՝ պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, որը կարող է օգուտ բերել մեր ժողովրդին՝ միաժամանակ չսասանելով պետության հիմքերը։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետեւ կան կառույցներ, որոնք այս ծանր շրջանում փոխանակ փորձեն համագործակցել իշխանության հետ եւ աջակցել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, հակառակը, ամեն ինչ անում են իրավիճակն էլ ավելի լարելու եւ ապակայունացնելու համար. մի բան, որ մեզ բոլորովին պետք չէ։
Նախ՝ մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, երկրորդ՝ գտնվում ենք համահայկական նշանակության պատմական հանգրվանում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին։ Կարծում եմ, ցանկացած քաղաքական ուժ իր գործունեությունը պետք է իրականացնի՝ ելնելով այս երկու կարեւոր իրողություններից։

 –Ասում եք՝ ՀՀԿն խնդիր չունի համագործակցելու որեւէ քաղաքական ուժի հետ, բայց Գ.Ծառուկյանն իր ելույթում եւս մեկ անգամ ընդգծեց, որ երկրում հաստատվել է մեկ քաղաքական ուժի բացարձակ մենաշնորհը՝ մյուս բոլոր կուսակցությունները «խաղից դուրս» վիճակում են, օտարված են կառավարման գործընթացից եւ ոչ մի հնարավորություն չունեն իրացնելու իրենց մտավոր եւ մասնագիտական կարողությունները։

-Ի՞նչ քաղաքական մենաշնորհ, եթե իշխանության մեջ՝ ե՛ւ նախարարություններում, ե՛ւ տարբեր կառույցներում, առավել եւս խորհրդարանում, կան բոլոր հնարավորությունները, որպեսզի Ազգային ժողովում ներկայացված հիմնական քաղաքական ուժերը կարողանան իրենց դիրքորոշումը հայտնել ցանկացած հարցի վերաբերյալ։ Ի դեպ, նրանք լիուլի օգտվում են այդ հնարավորություններից՝ բավական ակտիվորեն մասնակցելով տարբեր քննարկումների։

Այսինքն՝ այնպես չէ, թե փակել ենք բոլոր ճանապարհները եւ ասում ենք՝ միայն Հանրապետականը իրավունք ունի իր կարծիքը ներկայացնել այս կամ այն հարցի վերաբերյալ։ Բայց ամեն մի քննարկում պետք է լինի ռացիոնալ դաշտում՝ միայն այդ դեպքում կարող են ծնվել լավ մտքեր, գաղափարներ, որ իշխանությանը պետք կգան ժողովրդին մտահոգող խնդիրներին արդյունավետ լուծում տալու համար։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728