Ըստ Գագիկ Ծառուկյանի, ստացվում է, որ Հանրապետական կուսակցությունը շարունակաբար ձգտում է «քաղաքական մենաշնորհի», չի ուզում «կիսվել» իշխանական լծակներով եւ այսպես շարունակ: Սակայն «Քաղաքական մենաշնորհի» թեմայով մեղադրանքները, բնորոշումներն ու հայտարարությունները առնվազն անկեղծ ու ազնիվ չեն: Հիշեցնե՞նք:
Հիշեցնե՛նք: Սկսած 2003 թվականից, խորհրդարանական (2008-ին նաեւ՝ նախագահական) ընտրություններից հետո մեր երկրում ձեւավորվել են բացառապես կոալիցիոն կառավարություններ: Ըստ որում՝ կոալիցիա կազմելու բոլոր դեպքերում ՀՀԿ-ն ընտրություններում ավելի շատ ձայներ է ստացած եղել, բայց, այսպես ասած, «կիսվել» է իշխանությամբ, եւ նույնիսկ այն դեպքերում, երբ Ազգային ժողովում ունեցած մանդատների թիվն ազատորեն հնարավորություն էր տալիս միայնակ (այսինքն՝ հենց մենաշնորհով) կառավարություն կազմել:
Եվ ո՞վ, եթե ոչ հենց Գագիկ Ծառուկյանը պետք է դրա մասին հրաշալի իմանար, քանզի, օրինակ, 2007-ին հենց իր գլխավորած նորաստեղծ կուսակցությունը «մտավ» կոալիցիայի մեջ: ԲՀԿ-ական նախարարներ նշանակվեցին, մարզպետներ, այլ պաշտոնյաներ: Ըստ որում՝ ԲՀԿ-ն այնքան ինքնավար էր իշխանական լծակներին տիրապետելու առումով, որ նույն Գագիկ Ծառուկյանը կարող էր, օրինակ, օրումեջ սոցապնախարարի մի նոր թեկնածու ներկայացնել նշանակման (եթե չենք սխալվում՝ մեկ տարվա մեջ 3 նախարար փոխեցին):
Ամենակարեւո՛րը: Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո հենց ԲՀԿ-ն առաջինը հայտարարեց, որ մտադիր չէ այս անգամ կոալիցիա կազմել: Կրկնենք. ոչ թե ՀՀԿ-ն հայտարարեց, թե նպատակահարմար չի տեսնում կոալիցիա կազմելը, այլ Գագիկ Ծառուկյանը ինչ-ինչ հիմնավորումներով չցանկացավ լինել կոալիցիայի մեջ (երեւի ցանկանում էր ստանալ ավելին, իսկ նրան դա չէին առաջարկում): Մինչդեռ հիմա «մենաշնորհից» է խոսում:
Կարդացեք նաև
Մեկ այլ, մեր կարծիքով, կարեւոր նրբերանգ:
Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողովի ելույթում, «ժողովրդի իրական մանդատով օժտված իշխանություն» ձեւավորելու համատեքստում մասնավորապես հայտարարեց. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել անցնող տարվա վերջում տեղ գտած՝ ֆինանսական շուկայի տատանումների վրա: Երեք-չորս օրը ցույց տվեց, թե որքան թույլ եւ փխրուն է մեր երկրի տնտեսական կայունությունը: Մենք տեսանք, թե որքան արագ տարածվեցին խուճապային տրամադրությունները մեր ժողովրդի եւ գործարարների մեջ: Սա խոսում է տնտեսական սխալների եւ լրջագույն խնդիրների մասին` այն, ինչի մասին ես ահազանգում էի դեռեւս 4-5 տարի առաջ»:
Լավ էր անում, իհարկե, որ մի 4-5 տարի առաջ ահազանգում էր: Բայց գանք բանախոսի ընդգծած «խուճապային տրամադրություններին եւ դրանց արագ տարածմանը»: Նշված տրամադրությունների ու դրանց տարածման պատճառներից մեկը զանազան ապրանքների գների ու ծառայությունների գների թռիչքային տատանումներն էին: Հիմա ինչպե՞ս չհիշեցնես ընդամենը մեկուկես ամիս առաջ եղածը: Գուցե տողերիս հեղինակի՞ ավտոգազալցակայաններում էր, որ մի ոտք էլ առաջ ընկած «թռցրեցին» վառելիքի գինը, 1 խմ հաշվով՝ 25-30 դրամի չափով:
Բայց տողերիս հեղինակը գազալցակայան չունի (եւ չի էլ ուզում ունենալ): Իսկ այ, Գագիկ Ծառուկյանը ունի եւ այնքան ունի, որ այս շուկայի խոշոր ներկայացուցիչներից է: Ու իրեն պատկանող գազալցակայանները բոլորից շուտ եւ մյուսներից շատ են թանկացրել լիցքավորվող գազի գինը:
Ի դեպ: Նույն ելույթում Գագիկ Ծառուկյանը նաեւ հայտարարեց. «Մենք պետք է կարողանանք գրագետ եւ կազմակերպված աշխատանքով խափանել ընտրակեղծիքների մեքենան: Այդ նպատակի համար տասնյակ հազարավոր մարդկանց մենք ներգրավելու ենք ամենօրյա աշխատանքի մեջ: Ի վերջո, ընտրակեղծիքների չարաբաստիկ մեքենան մեր երկրում մի օր պետք է ջարդվի»:
Ոսկի խոսքեր են: Նույնիսկ ոսկի էլ չէ. շաքարի փոխարեն դնես թեյի սեղանին: Բայց:
Բնութագրական է, որ Գագիկ Ծառուկյանն է խոսում դրա մասին: Կհամաձայնեք, թերեւս, որ «ընտրակեղծիքների մեքենա» ասված հոռի երեւույթի ամենից հուսահատեցնող «մեքենամասերից» մեկն ընտրակաշառք կոչված տնաքանդությունն է: Հարկավ ԲՀԿ-ն չի դրել դրա հիմքը: Բայց մի՞թե հենց «Բարգավաճը» չէր, որ ընտրություններից առաջ մեքենաներով «տուկի թել» եւ կարտոֆիլի սերմացու էր բաժանում ընտրողներին: Դա ի՞նչ էր: Անշահախնդիր օգնությո՞ւն: Իսկ «նաղդ» փո՞ղը։
Քաղաքականության մեջ, առանձին իրավիճակներում միգուցե հնարավոր չէ առանց ցինիզմի որոշ տարրերի, բայց չի կարելի քաղաքականություն «անել»՝ հիմնվելով բացառապես այդ «իզմի» վրա:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: