Լրահոս
Օրվա լրահոսը

Գծային կապ՝ Բերձորի դեպքերի և Գյումրիում կատարված ողբերգության միջև

Փետրվար 07,2015 10:44

 Տարածաշրջանային զարգացումներն ըստ Սարգիս Հացպանյանի  «Նոյան Տապան» գործակալությունում կայացած ազատամարտիկ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի մամուլի ասուլիսը, որը  նվիրված էր Բերձորի դեպքերին և Գյումրիում կատարված ողբերգությանը, ամփոփումն էր նաեւ հունվարի դեպքերը:

 

Բանախոսը փաստել է, որ 2015 թվականը սկսվեց մեզ համար ցավալի իրողություններով. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը կատարվեց առաջին դիվերսիոն հարձակումը մեր դիրքերի վրա, ունեցանք 2 զոհ, 10 օր անց՝ Գյումրիում  սպանվեց Ավետիսյանների ընտանիքը, իսկ հունվարի 31-ին՝ Բերձորում կատարվածը վեր հանեց մեր պետական մարմինների ոչ ադեկվատ մոտեցումը և փաստեց, որ Ռուսաստան- Հայաստան միջպետական հարաբերություններում կան բազմաթիվ չկարգավորված հարցեր: Ակնառու է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս ընդամենը սպասարկողի դերում և ոչ  որպես անկախ երկիր: Բերձորյան դեպքերը մի քանի  հարցեր բարձրացրին՝ արդյոք Արցախը Հայաստանի բաղկացուցիչ մաս է և գոյություն ունի, թե՞ չունի նրանց միջև սահման:

 

Ս. Հացպանյանն ասաց, որ ինքը 4 տարի ապրել է Արցախում և այդ ժամանակ երբեք իր մտքում նման հարցեր չեն ծագել: Արցախի ինքնուրույն հանդես գալը թերևս կարելի է ընդունելի համարել, բայց, երբ մեր երեխաները ծառայում և զոհվում են Արցախում, մենք հանդուրժում ենք, սակայն երբ մենք ենք գնում ու նման վերաբերմունքի արժանանում, դա անկարելի է: Անթույլատրելի է նաև պետական պաշտոնյաներից լսել, թե Արցախն առանձին երկիր է: Արցախը Հայաստանի մի մասն է, կարող է լինել 12-րդ մարզը, իսկ Բակո Սահակյանն էլ մարզպետ է ու ո՛չ նախագահ:

Արցախն ազատագրվելուց հետո բանախոսը բազմիցս է եղել Արցախում  և երբեք չի զգացել, թե այն անկախ է: Եթե լիներ այլ՝ լեգիտիմ իշխանություն, թերևս այլ Արցախ կունենայինք: Արցախցին ազատագրված չէ, եթե իր մտքերն ազատորեն չի կարող արտահայտել, ինչպես Ադրբեջանի տիրապետության տակ եղած ժամանակ:

Զարմանալի է, որ զինադադարից հետո շատ ճանաչված և չճանաչված  արցախցիներ հեռացան Արցախից, հաստատվեցին Երևանում և անվերջ հիշեցնում են, թե պատերազմական վիճակ է ու անհասկանալի է, որ այդ պարագայում  մեր միջև սահման է դրվում: Նույնչափ անհասկանալի է նաև, որ բանախոսի  կողմից շատ հարգված, ազնիվ մարդկանց նախաձեռնությունը ապրիլի 24-ին, ինչպես նաև Բերձորում ոստիկանության կողմից նրանց սադրելը: Ավելին՝ ձեռք բարձրացնել նվիրական հայորդիներ՝ Ալեք Ենիգոմշյանի ու Ժիրայր Սեֆիլյանի վրա, այդքան խաղաղ ընթացող երթին թրքաբարո վերաբերվելն անկարելի է: Այսօր արժեքների այլասերում է նկատվում թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Մարդիկ, որ պատերազմի ժամանակ փախած էին, այսօր պետական այրեր են դարձել, փիսիկներն առյուծի աթոռի են բազմելև հալածում են ժողովրդին: 1988թ. ոչ ոք այսպիսի անհեթեթ վիճակ չէր կարող պատկերացնել: Բաղրամյան 26-ից է հրահրվում, ոչ մի երկրում խաղաղ երթին այս կերպ չէին պատասխանի, սեպ են խրում մեր ժողովրդի 2 հատվածի միջև ու դա գալիս է օտարներին ծառայելու միտումից: Վերլուծաբանը գտնում է, որ Բերձորի դեպքերը և Գյումրում կատարված ողբերգությունը շաղկապված են, որ  Թուրքիայի նախագահ Էրդողանը Ալիևին խնդրել է, որ Ցեղասպանության 100- ամյակից շեղելու նպատակով՝ անընդհատ դիվերսիոն հարձակումներ անեն: Հացպանյանը  կարծում է, որ շուտով՝ Խոջալուի դեպքերի օրերին, սահմանում  հնարավոր է լայնածավալ հարձակում լինի: Այդ իսկ պատճառով հրապարակախոսը հորդորում է հայության առողջ ուժերն ի մի բերել և ապավինել ժողովրդին ու նրա իմաստնությանը:

Վերլուծաբանը վստահ է, որ մեզանում այսօր շատ կան թե՛ արևմտյան երկրներից ու թե՛ ՌԴ-ից եկած մարդիկ, որոնք իրենց գործն են անում՝ ի վնաս մեզ: Տարածաշրջանում իրենց ազդեցություն են ուզում ունենալ թե՛ մեկը և թե մյուսը:

 

Մեր ազատագրված տարածքներում ՌԴ ամեն կերպ ցանկանում է իր ներկայությունը հաստատել: Չի բացառվում, որ 2015 թ. աշխարհակալ ուժերն Հայաստանը դարձնեն իրենց բախումների վայր: ԱՄՆ-ը ՌԴ-ին թույլ չի տա, որ նա Հայաստանն օգտագործի իր համար որպես մարզ և իր կեցվածքով ձգտում է Արցախի հարցի լուծմանը: Ի դեպ, ԱՄՆ-ը ¼ -ով կրճատել է ՀՀ-ին հատկացվող օգնությունը:Կարճ ժամանակից կզգանք, որ ԱՄՆ-ն ի հակակշիռ ռուսական 102-րդ ռազմաբազայի, իր ռազմաբազան  կունենա Վրաստանում, քանզի Ուկրաինայում չկարողացավ ու բավարարվեց ընդամենը զենք վաճառելով, բայց կպատճառաբանի, թե իսլամական վտանգը դիմակայելու համար է անում: Մենք վատ իրավիճակում կհայտնվենք, եթե չհենվենք ժողովրդի վրա:

  

 Գոհար Արշակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728