Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

100-ամյակի հռչակագրի նոր տարրերը

Փետրվար 07,2015 16:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը եւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Արամ Աբրահամյան.– Ցեղասպանության հարյուրամյակի համահայկական հռչակագիրը մի փաստաթուղթ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր հայերը: Այդպե՞ս է:
Հակոբ Չաքրյան.- Ես չեմ կարծում, որ բոլոր հայերը դրանով պետք է առաջնորդվեն, բայց դա ամենանշանակալից քայլն է 100-րդ տարելիցին ընդառաջ, այլապես թուրքերը այդպիսի զայրույթով եւ սանձարձակությամբ իսկույն չէին արձագանքի: Հռչակագրի հրապարակման հաջորդ օրը Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը ելույթ ունեցավ եւ ասաց, որ դա Թուրքիայի նկատմամբ ակնհայտ թշնամանքի դրսեւորում է, իսկ արտգործնախարարությունը հայտարարություն արեց, որ դա ոտնահարում է դիվանագիտական քաղաքավարության բոլոր նորմերը եւ դա անվանեց պետության ղեկավարին անվայել արարք՝ ընդգծելով, որ այդ արարքը թույլ է տվել Հայաստանի նախագահը:

Ա. Ա.– Բայց մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Թուրքիայի հետ:

Արմեն Մարուքյան.– Անշուշտ: Նախ կցանկանայի զարգացնել այն միտքը, որ սա իսկապես աննախադեպ երեւույթ էր, երբ որ համազգային փաստաթուղթ է ընդունվում: Մենք ունենք միասնական փաստաթուղթ, որը ոչ միայն Հայաստանի Հանրապետության անունից է փաստորեն ի լուր աշխարհի հայտարարում, այլ նաեւ հայության հռչակագիր է: Փաստաթղթի կարեւորությունը կայանում է նրանում, որ նախ՝ գոնե մեզ համար ենք հստակեցնում, թե ինչ ասել է պահանջատիրություն, եւ որոնք են մեր քայլերը 100-րդ տարելիցից սկսյալ, եւ նաեւ սա ուղերձ է՝ ուղղված աշխարհին, նաեւ Թուրքիայի հանրապետությանը: Ուզում եմ ուղղակի հավելել նաեւ Էրդողանի խոսքերը, որը միշտ հավասարակշիռ է թերեւս իր արտահայտություններում, բայց այս դեպքում զգացվեց էմոցիոնալ ինչ-որ պոռթկում, երբ որ ասաց` Թուրքիան պատրաստ է գին վճարել, եթե պատմաբանները որոշեն, որ դա եղել է ցեղասպանություն: «Եթե»-ից հետո ասվածը մի կողմ թողնենք, որովհետեւ դա արդեն հայտնի խոսքեր են՝ պատմաբանների այդ չարաբաստիկ հանձնաժողովի հետ կապված, բայց այն հանգամանքը, որ ինքն ասում է` պատրաստ է գին վճարել, սա խոսում է այն մասին, որ նաեւ Թուրքիայում են գիտակցում հատուցման խնդրի առկայությունը:

Ա. Ա.– Արդյոք այդ հռչակագիրը հակասության մեջ չի՞ մտնում ցյուրիխյան արձանագրությունների հետ:

Հ. Չ.– Պետք է մեկը մյուսից տարբերակել: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը առանձին երեւույթ է, որ առնչություն չի ունեցել հայ-թուրքական արձանագրությունների հետ, այսինքն` երբ այդ արձանագրությունները քննարկվում էին, երկու երկրների արտգործնախարարները Հայոց ցեղասպանության հարցը այնտեղ չեն շոշափել: Հետո` շահագրգիռ պետությունները այդ արձանագրություններով, ավելի շուտ` Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը զարգացնելու առումով գիտեն, որ կա Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթաց, ծավալվում է, դրանով հանդերձ՝ զուգընթաց դրան ամեն ինչ արել են, որ նպաստեն արձանագրությունների ստորագրմանը, հետեւաբար՝ եթե մենք համադրելու լինենք մեկը մյուսի հետ, տակից դուրս չենք գա:

Ա. Ա.- Այնուամենայնիվ, կարելի՞ է ասել, որ այդ հռչակագրով մենք վերջնականապես խաչ ենք քաշում ցյուրիխյան արձանագրությունների վրա, որտեղ ասվում է՝ ճանաչում ենք սահմաններ, պայմանագրեր եւ այլն:

Ա. Մ.– Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ արձանագրությունում անուղղակի հղում կար` գոյություն ունեցող սահմանի հետ կապված պայմանագրերը վերահաստատելու, եւ եթե տեսնենք, թե ինչ է գրված հռչակագրում, որտեղ հղում է կատարվում մեկ այլ իրավական փաստաթղթի՝ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 1920թ. եւ Սեւրի պայմանագրի, ակնհայտ այստեղ գոյություն ունեցող սահմանը գիտենք, այս իմաստով որոշակի հակասություն կա: Իմ կարծիքով՝ հռչակագրին պետք է հաջորդեն էլի որոշ քայլեր, մասնավորապես` ստորագրության վերջնական հետ վերցնելը, որովհետեւ հակառակ պարագայում այս հռչակագիրը ադեկվատ ձեւով չի ընկալվի միջազգային հանրության կողմից: Ինձ թվում է` գոնե տրամաբանության տեսակետից հաջորդ քայլը պետք է լինի, քանի որ իրավաբանորեն մեր ստորագրությունը շարունակում է մնալ արձանագրությունների տեսքով:

Քննարկումն`  ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728