Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը` Մոսկվայի եւ Բաքվի, Արեւմուտքի ու ՌԴ-ի շահերի արանքում

Փետրվար 07,2015 12:00

ՀԱՊԿ-ը Ադրբեջանի գործողությունները ագրեսիա
չի՞ համարում

Փետրվարի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, որը խորը մտահոգություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ՝ վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Անցյալ շաբաթ Բորդյուժան «Ռոսիա Սեգոդնյա» գործակալության սրահում մամլո ասուլիս էր անցկացրել, որի ընթացքում անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության վերջին շրջանի լարվածությանը՝ բացառել է ՀԱՊԿ-ի կողմից որեւէ ռազմական միջամտություն: Նա շեշտել էր, թե դա կհակասի ՀԱՊԿ-ի հիմնական դիրքորոշմանը. «Եթե դուք կարծում եք, որ մենք այնտեղ պետք է ինչ-որ ձեւով ռազմական միջոցներով պատասխանենք, ապա դա հակասում է ՀԱՊԿ-ի հիմնական դիրքորոշմանը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել բացառապես խաղաղ միջոցներով՝ հիմնվելով առաջին հերթին Մինսկի խմբի վրա»: Բորդյուժան չէր շրջանցել «գունավոր հեղափոխությունների» թեման, որին պարբերաբար ռուս պաշտոնյաներն իրենց պարտքն են համարում անդրադառնալ: Ուկրաինայում զարգացումների ու գունավոր հեղափոխությունների հարցին անդրադառնալով՝ նա հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ներուժ ունի՝ կանխելու գունավոր հեղափոխություններն ու ոչ սահմանադրական հեղաշրջումները:

Այն, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ որ ՌԴ-ն կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը կարգավորման գործընթացում` միանգամայն դրական փաստ է: Բայց խնդիրն ամենեւին այն չէ, որ Հայաստանի հասարակությունը ակնկալում է ՀԱՊԿ-ից ռազմական միջամտություն, այլ հարցադրումները շատ ավելի պարզ են` ինչո՞ւ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի կողմից կատարվող ոտնձգություններին ՀԱՊԿ-ը չի արձագանքում, օրինակ, որեւէ հայտարարությամբ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին, առավել եւս, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Եթե ելնենք այն դիտարկումից, թե ՀԱՊԿ-ը սեփական նախաձեռնությամբ ու կամքով չի կարող արձագանքել ու պաշտպանական գործողություններ իրականացնել, ապա այս հարցի ֆորմալ կողմին անդրադառնալիս պաշտոնական Երեւանն օրերս պարզաբանում էր տվել: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անցյալ շաբաթ պատասխանելով «Առավոտ»-ի հարցին՝ հայտարարեց, որ վերջին գործողությունների առիթով դիմել են ՀԱՊԿ-ին, ինչպես նաեւ մյուս միջազգային կառույցներին: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, ՀԱՊԿ-ը չի՞ համարում, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է իրականացվում Հայաստանի նկատմամբ, ինչի դեպքում ՀԱՊԿ-ը պարտավոր է արձագանքել հենց կազմակերպության շրջանակներում, այլ ոչ թե ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում: Թե՞ ՌԴ-ի «միջամտությունները» հետխորհրդային երկրներում միայն աշխարհաքաղաքական, «գունավոր հեղափոխությունների» հարցում են շատ արագ կազմակերպվում:

Ադրբեջանը ՌԴ-ի համար` «ազնիվ», «վստահելի», «օբյեկտիվ», «բարեկամ» երկիր

Հունվարի 30-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարարության խորհրդի նիստում նշել էր, թե ՌԴ-ն ուժեղացնելու է իր զինված ուժերը «ռազմավարական շրջաններում»: Հայաստանում «ռազմավարական» ամրացման տեղ, կարծես, այլեւս չի էլ մնացել, սակայն նույնիսկ այս դեպքում Ռուսաստան-Ադրբեջան վերջին շրջանի բավական սերտ համագործակցությունն ավելի ազդեցիկ է թվում:

Օրեր առաջ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաստատելով ՌԴ դիրքորոշումը ԵԽԽՎ-ում աշխատանքը մեկ տարով դադարեցնելու հարցում՝ ուշագրավ խոստովանություններ է արել: ԵԽԽՎ-ն, ինչպես հայտնի է, մինչեւ ապրիլյան նստաշրջանը ռուսական պատվիրակությանը զրկեց հիմնական լիազորություններից՝ ձայնի եւ վեհաժողովի ղեկավար մարմիններում աշխատելու իրավունքից: «Ինչպես սովորական մարդիկ, այնպես էլ պետության ղեկավարները լինում են վստահելի կամ ոչ վստահելի:

Երկրների համար հատկապես կարեւոր է ունենալ վստահելի դաշնակիցներ` հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Ռուսաստանի համար այդպիսի ազնիվ, վստահելի եւ օբյեկտիվ բարեկամ երկիր է Ադրբեջանը»,- հայտարարել է Սերգեյ Նարիշկինը «Վեստի 24» հեռուստակայանի եթերում` բերելով ադրբեջանական պատվիրակության օրինակն ու հավելելով. «Մեր բարեկամներն ու գործընկերները ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունից քվեարկել են այնպես, ինչպես որ համարել են ճիշտ` արդարության, առողջ դատելու եւ ժողովրդավարության օգտին»:

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում ջերմությունն, ինչպես նկատում ենք, դրսեւորվում է տարբեր մակարդակներում: Հայաստանի պատվիրակության երեք անդամների անակնկալ «ձեռնպահ» քվեարկությունը ԵԽԽՎ-ում՝ հատկապես Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո, իհարկե, արդարացված էր: Սակայն հարցն այն է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վստահելի հուն բերելու մեկ ճանապարհ կա` ժողովրդավար, ամուր Հայաստանը, նույնիսկ մեր երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմաններում:

Ռուսաստանյան Независимая газета-ն օրերս նկատել է, թե Ադրբեջանը ԵԽԽՎ-ում աջակցություն է հայտնել ՌԴ-ին՝ այն դեպքում, երբ «նման քայլի չեն գնացել անգամ ՌԴ-ի ամենամոտ դաշնակիցները»: Ըստ պարբերականի` այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում Բաքուն կողմ արտահայտվեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, շատերը հույս ունեին, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ «սեւ կատու» կանցնի. «…Սակայն հակառակ դրան՝ Ադրբեջանը որոշեց նոր մակարդակի հասցնել համագործակցությունը Մոսկվայի հետ: Իսկ ԵԽԽՎ-ում Ռուսաստանին աջակցելը շատերն ընկալեցին որպես Բաքվի արտաքին քաղաքականության ուղղության փոփոխություն»:

Ադրբեջանը, փաստացի, ԵԽԽՎ-ում ուղերձ հղեց ինչպես Եվրոպային, այնպես էլ Մոսկվային: Պաշտոնական Բաքուն հանդես եկավ ընդդեմ Ռուսաստանին մեկուսացնելու` ավելի մեծ վստահություն ակնկալելով Մոսկվայից: Եվ բոլորովին էլ չափազանցություն չեն այն պնդումները, որ Ադրբեջանի ակնկալիքները Մոսկվայից հիմնականում կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Մինչ ՌԴ-ից դիֆերամբներ են հնչում առ Ադրբեջանի իշխանություններ, Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը մեկնաբանել է ԵԽԽՎ նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության կողմից կատարված քվեարկությունը. «Մենք չենք միանում այդ պատժամիջոցներին, մենք դեմ ենք դրան: Անհիմն են այն պնդումները, թե Ադրբեջանը դրանով իսկ «աջակցում է զավթիչին»: Ո՛չ, դա բացարձակապես այդպես չէ: Մենք պարզապես պատժամիջոցների փոխարեն հանդես ենք գալիս երկխոսելու օգտին: Այդ նույն Եվրոպան ԼՂ-ի հարցում հայերի դեմ պատժամիջոցներ սահմանելու փոխարեն՝ մեզ առաջարկում է երկխոսություն: Ահա եւ մենք էլ նրանց ենք առաջարկում տարբերակ»:

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ջերմության ողջ «հմայքը» հասկանալու համար որպես ապացույց կարելի է դիտարկել օրերս մի սենսացիոն հայտարարություն, որը հաղորդեցին ադրբեջանական մի քանի կայքեր: «Ես` ի՞նչ, դուրս գա՞մ ու ասե՞մ, որ Բաքուն ինձ գրաքննության է ենթարկում, եւ այդ պայմաններում հայտարարում է, թե երկրում գրաքննություն չկա՞: Երբ ես գնում եմ որեւէ տեղ ելույթ ունենալու, ապա ինձ անմիջապես զանգում եւ խնդրում են չքննադատել Ռուսաստանին: Բայց ինչի՞ մասին խոսի դեսպանը, եթե նրա երկիրը ենթարկվել է ագրեսիայի Ռուսաստանի կողմից»,- հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոն` ելույթ ունենալով ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուի` «Մայդանից Մայդան» ակնարկի շնորհանդեսում:

Հիմա ավելի հստակ կարելի է հասկանալ, թե Մոսկվան որքան կարող է դժգոհ լինել Հայաստանում այնպիսի տրամադրություններից, որոնք նրանք «հակառուսական» են համարում: Այդ էր, թերեւս, պատճառը, որ Հայաստանում ՌԴ դեսպանն անձամբ սպառնաց հայ-ռուսական հարաբերություններում «սեպ խրող» Հ/Կ-ներին: Չէ՞ որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում իշխանությունից եւ ոչ իշխանությունից բացի՝ այլ շերտերում այսօրվա Ռուսաստանի իշխանությունների մասին խոսելու, տեսակետ արտահայտելու գրաքննություն չի իրականացվում, տաբու դրված չէ:

Արեւմուտքում կարծում են, թե Հայաստանը կարող է վերանայել հարաբերությունները Մոսկվայի հետ

«Ստրատֆոր» հետազոտական կենտրոնը վերջերս ուշագրավ շեշտադրումներով զեկույց հրապարակեց, որում հանգել էին այն եզրակացության, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսը եւ Հայաստանը հնարավոր է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արեւմուտքի հետ հակամարտության լույսի ներքո: Կենտրոնի փորձագետները մատնանշել էին հունվարի վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը չբացառեց, որ Բելառուսը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից, եթե համաձայնությունները չպահպանվեն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կենտրոնի փորձագետների համոզմամբ` աճող դժվարությունների առջեւ է մեր երկիրը` ԼՂ հակամարտության պատճառով, որտեղ ՌԴ-ն առանցքային դերակատարություն ունի, բայց նրանց համոզմամբ` Բելառուսն ու Հայաստանը շարունակաբար կվերագնահատեն իրենց դիրքորոշումը՝ կապված այն բանի հետ, թե Մոսկվայի ու Արեւմուտքի միջեւ պայքարը ինչի կհանգեցնի: «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները կարծում են, որ ամեն դեպքում Ուկրաինայի ճգնաժամը ազդեցություն է թողել ԼՂ հակամարտության վրա, Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով աճել է լարվածությունը, իսկ Ադրբեջանը հակամարտությունում ավելի մանեւրելու հնարավորություն է ձեռք բերել էներգետիկ ռեսուրսների հաշվին, ինչպես նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանի ուշադրությունը բեւեռված է Ուկրաինայի իրադարձությունների վրա: «Այս գործոններով պայմանավորված՝ Հայաստանը հարցականի տակ է դնում Ռուսաստանի հանձնառությունը՝ որպես անվտանգության երաշխավորի, հատկապես, որ Մոսկվան թույլ արձագանքեց հայկական ուղղաթիռը խփելու միջադեպին:

Հայաստանը պատասխան որեւէ ուժեղ գրոհ չձեռնարկեց, իսկ հունվարի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստովանեց, որ խփված ուղղաթիռը շեղվել էր կուրսից, ու նաեւ հայտնեց, որ միջադեպի պատճառով պաշտոնանկություններ են կատարվել»,- նշվել էր զեկույցում։ «Ստրատֆոր»-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս ապշեցուցիչ ու արտառոց խոստովանությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որից օգտվելու փորձեր կարող են անել Արեւմուտքը եւ Թուրքիան, սակայն ամեն դեպքում Հայաստանը կզգուշանա շատ հեռու մնալ Ռուսաստանից:

Հաշվի առնելով թե՛ ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից որոշ արձագանքները Հայաստանի հետ հարաբերությունների առնչությամբ, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ կարելի է ասել, որ Հայաստանն այս պահին արժեւորում է Արեւմուտքի հետ գործընկերությունը: Այսօր, առավել քան երբեւէ, Հայաստանում կարեւոր է կայունության պահպանումը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728