Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ հասկացել են, որ հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն այնտեղ, որտեղ սովորում են բոլորը»

Փետրվար 07,2015 16:00

Հանրակրթական դպրոցներում պետք է ստեղծվեն հավասար պայմաններ բոլոր երեխաների համար, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք չմեկուսացվեն համընդհանուր կրթության համակարգից: Սա «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջն է, որը մեր երկիրը վավերացրել է 2010 թվականին:

Անցյալ տարի քաղաքացիական հասարակության կառույցների դաշինքի համատեղ ջանքերով ուսումնասիրվել եւ պատրաստվել է մի զեկույց, որն անդրադառնում է Հայաստանում տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների վիճակին, այդ թվում եւ կրթական հատուկ կարիքներով երեխաների իրավունքներին: Փաստաթուղթը, որը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ, ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:

Զեկույցի հեղինակները, որոնք հարուստ փորձ ունեն Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մշտադիտարկման, փաստագրման եւ զեկուցման բնագավառում, փաստում են, որ չնայած այն բանին, որ 2013-ի փետրվարին ԱԺ-ն փոփոխություններ կատարեց «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում, որոնցով նախատեսվեց, որ հանրակրթական ողջ համակարգը 2022թ.-ի դրությամբ պետք է դառնա ներառական, այդուհանդերձ՝ ո՛չ կրթության փորձագետները, ո՛չ կրթության եւ գիտության նախարարության կամ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն ի վիճակի չեն կանխատեսել ներառական դպրոցների դինամիկան: Նրանց համոզմամբ. «Ավելին՝ պետական բյուջեն կարող է բավականացնել ներառական ընդամենը 1400 դպրոցների համար: Ավելի լուրջ խնդիր է այն, որ չկան լիարժեք ներառումը երաշխավորող ֆինանսավորման կայուն մեխանիզմներ»:

«Առավոտը» կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ են, որ զեկույցի հեղինակները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ներառական կրթության իրագործման վերաբերյալ նման մտահոգություններ են հայտնել եւ, որպես ոլորտի պատասխանատու, ինչպես կմեկնաբանի զեկույցի հեղինակների դիտարկումները: Պարոն Աշոտյանի հորդորով մեր հարցերին պատասխանեց կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը: Տիկին Մուրադյանի ներկայացմամբ՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովն ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, որը ենթադրում է անցում համընդհանուր ներառական կրթության հանրակրթության համակարգում. «Համաձայն օրենքի անցումային դրույթների՝ պետք է մշակվեն եւ կառավարության կողմից հաստատվեն գործողությունների պլան-ժամանակացույց մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը՝ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համար, այդ թվում՝ ֆինանսական մեխանիզմների մշակման համար»:

Անահիտ Մուրադյանը նաեւ ասաց, որ համաձայն նույն օրենքի անցումային դրույթների՝ մինչեւ 2022թ.-ի օգոստոսի 1-ը Հայաստանի յուրաքանչյուր մարզում գործող առնվազն 1 եւ Երեւան քաղաքում՝ առնվազն 4 հատուկ դպրոց պետք է վերակազմակերպվի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: Ըստ նրա՝ այդ կենտրոնները պետք է աջակցեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում կազմակերպելուն:

Կրթության նախարարությունից տեղեկացանք, որ հանրապետությունում գործում է շուրջ 1400 դպրոց, եւ ինչպես մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Մուրադյանը՝ բնականաբար, ներառական կրթությունը պետք է իրականացվի ներկայումս գործող շուրջ 1400 դպրոցում: Մեր երկրում կրթական հատուկ կարիքներով 8-10 հազար երեխա է ապրում: ԿԳ նախարարության մասնագետի տվյալներով՝ եթե այդ թիվը բաժանում ենք հանրապետության դպրոցների վրա, ապա դպրոցների քանակը լիարժեք բավականացնում է հատուկ կարիքներով երեխաների կրթությունը կազմակերպելու համար:

Չնայած նրան, որ մեր հանրապետությունում դեռեւս ոչ բոլոր հանրակրթական դպրոցներն են ներառական կրթությամբ, սակայն հաշմանդամություն ունեցող երեխայի մայր Արմինե Սահակյանը գտնում է, որ ամենակարեւոր խնդիրն այսօր մեծ հաշվով հաղթահարված է. «Հայաստանում մարդիկ հասկացել են, որ հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն այնտեղ, որտեղ սովորում են բոլորը»:

«Առավոտի» հետ զրույցում Արմինե Սահակյանը նաեւ թվարկում է այն խնդիրները, որոնք խոչընդոտում են, որպեսզի հատուկ կարիքներով երեխաները կարողանան լիարժեք ստանալ իրենց կրթությունը. դպրոցների ֆիզիկական անմատչելիությունը, մասնագետների վերապատրաստումը, նյութատեխնիկական բազայի պակասը ներառական կրթությունը լիարժեք կազմակերպելու առաջնային խնդիրներից են:

Արմինե Սահակյանի որդին՝ Հրաչյան, արդեն 8-րդ դասարանում է: Տիկին Արմինեի խոսքերով՝ ներառական կրթությունն անընդհատ կատարելագործվելու տեղ ունի, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ նոր խնդիր է առաջ գալիս. «Ողջունելի է, որ ուսուցիչները, մասնագետները տարիների ընթացքում իրենց փորձն են ձեռք բերում, որը հետո օգտագործում են ուրիշ երեխաների հետ: Եվ կարեւոր է, որ դպրոցների տնօրենները, ուսուցիչները գիտեն, որ անկարող երեխա չկա, պարզապես պետք է գտնել յուրաքանչյուր երեխայի հետ աշխատելու մեթոդ, ամեն ինչ սկսվում է վերաբերմունքից: Անկախ այն խնդիրներից, որոնք դեռեւս առկա են, պետք է ասեմ, որ դպրոցը որդուս շատ բան է տվել: Ճիշտ է, Հրաչյան դժվարություններ ունի ուսման մեջ, որոնք մենք ամեն օր, քայլ առ քայլ հաղթահարում ենք, առաջ գնում, բայց դրան զուգահեռ՝ որդիս ուրիշ ոլորտներում աճ ունի, ադապտացվել է միջավայրին, դարձել է՝ ինչպես բոլորը: Առաջ որ դպրոց էինք գնում, ձեռքն այնքան ամուր էի բռնում, որ հանկարծ չփախչի, հանկարծ ավելորդ շարժում կամ ձայն չհանի, իսկ հիմա մենք միասին հանգիստ գնում ենք: Դպրոցը մեզ կյանք է տվել: Տարիներ առաջ ես չէի էլ պատկերացնի, որ իմ երեխան կգնա դպրոց, բոլորի պես կունենանք արձակուրդ, կանենք այն ամենը, ինչ մնացած երեխաները»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728