Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակվածների թիվը 1 հիվանդով էլ ավելացավ. վերջին տվյալներով՝ 14 հիվանդ կար, երեկ պարզվել է, որ հայտնաբերվել է եւս 1 հիվանդ, այսինքն՝ երեկվա դրությամբ արդեն 15 հիվանդ կա: Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ այս թիվը դեռ փոփոխվելու է, որովհետեւ հետազոտությունների պատասխանները ստանալու համար ժամանակ է հարկավոր:
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին բացահայտվել է, որ մեկ ամիս առաջ այդ հիվանդանոցում բուժսպասարկում ստացած մի քանի անձինք վարակվել են հեպատիտ C-ով, դեռ նոյեմբերին հիվանդների թիվը 8-ն էր:
Հիշեցնենք նաեւ, որ այս առնչությամբ քրեական գործ է հարուցված:
Տիկին Վարդանյանից հետաքրքրվեցինք հիվանդների վիճակի մասին, ինչին ի պատասխան՝ մասնագետը վստահեցրեց, որ վերջին հիվանդը երեկ առավոտյան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. «Այս պահի դրությամբ որեւէ հիվանդանոցում հիվանդ չկա: Սուր հեպատիտով C-ով հիվանդների թիվը 9-ն է եղել, որոնցից 8-ը հիվանդանոցային բուժում են ստացել Կապանի հիվանդանոցում, 1-ը՝ Նորքի ինֆեկցիոն հանրապետական կենտրոնում: Այս բոլոր հիվանդները դուրս են գրվել, հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն չկա»: Արդյոք այս հիվանդները շարունակելո՞ւ են դեղեր ընդունել, բուժումը տանը շարունակել՝ մեր այս հարցին տիկին Վարդանյանն ասաց, որ բոլոր հիվանդները բժիշկների հսկողության տակ են, հնարավոր է թեթեւ պրեպարատներ ստանան, բայց դրանք հակավիրուսային դեղեր չեն:
Տիկին Վարդանյանի խոսքերով՝ «Այն բուժումը, որ հեպատիտ C ասելով ենթադրվում է լուրջ բուժում՝ հակավիրուսային, այս հիվանդների դեպքում դա չէ, պաշտոնապես հայտնում եմ՝ որեւէ մեկը հակավիրուսային բուժում չի ստանում, որովհետեւ հակավիրուսային բուժումն ունի որոշակի ժամանակահատված: Այսինքն՝ բոլորը գտնվում են համապատասխան բժիշկների հսկողության տակ, համապատասխանաբար արդեն ժամանակահատվածը կորոշի, թե որ ժամանակահատվածից կսկսվի նրանց հակավիրուսային բուժումը: Վիճակագրորեն 30-40%-ի դեպքում ինքնաբուժում է լինում, այսինքն՝ օրգանզիմը պայքարում է, հաղթահարում եւ հնարավոր է՝ չհայտնաբերվի վիրուսը»:
Այսինքն՝ դեռ մի քանի ամսից հետո նոր պարզ կլինի՝ այս հիվանդներին արդյոք հարկավո՞ր է թանկարժեք բուժումը, որն, ըստ մասնագետի, «Պեգասիս» դեղամիջոցի միջոցով բուժման կուրս պետք է լինի:
Կարդացեք նաև
Եթե պարզվի, որ որոշ հիվանդներ, այնուամենայնիվ, պետք է թանկարժեք հակավիրուսային բուժում ստանան, ո՞վ պետք է հոգա այդ ծախսերը՝ մեր այս հարցին էլ Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ արդեն «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինության հետ կա պայմանավորվածություն, առողջապահության նախարարությունն ու կոմբինատը հուշագիր պետք է ստորագրեն, ըստ որի էլ կոմբինատը հիվանդների հետագա բուժման ծախսերը վերցնում է իր վրա. «Ամենաէժան կուրսը 16-20 հազար դոլար արժե: Ունենք որոշակի կանխատեսումներ, թե մոտավոր քանի հիվանդի համար պետք կլինի «Պեգասիսով» բուժումը:
Իսկ մինչ օրս նշված հիվանդների բուժումը, ըստ մասնագետի, պետպատվերով է եղել: Իհարկե, դեպքն անցանկալի է, որովհետեւ մարդկանց կյանքի, ապրելու որակի մասին է խոսքը, մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր մարդու առողջության խնդիր է, ուստի անհրաժեշտ բուժօգնությունը կտրամադրվի»:
Նշենք, որ պաշտոնական նախնական տվյալներով՝ Քաջարանի հիվանդանոցում կատարվել են ուսումնասիրություններ, եւ վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում հայտնաբերվել են շեղումներ, ախտահանման որակի 60 նմուշից 5-ում են եղել շեղումներ, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում են հայտնաբերվել շեղումներ:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.02.2015