Ռեժիսոր Արմեն Սաֆարյանը երազում է
վերադարձնել Գավառի թատրոնի նախկին փառքը
Որքան էլ բարձրաձայնվում է, թե նույն պետական մոտեցումն է ցուցաբերվում մայրաքաղաքի եւ մարզային թատրոնների նկատմամբ, իրականությունը, սակայն, այլ է: Մի հանգամանք էլ կա. մարզային իշխանությունները խանդոտ կամայականություն են ցուցաբերում իրենց ենթակայության տակ գտնվող թատրոնների նկատմամբ: Ըստ էության, մարզային թատրոնների մասնագիտական խնդիրները լուծում է մշակույթի նախարարությունը, իսկ մարզային իշխանություններին մնում է մեծ հաշվով հոգ տանել թատրոնների շենքի պահպանման, տնտեսական խնդիրների, աշխատավարձերի եւ, որ ամենակարեւորն է՝ կադրերի մասին:
Բոլոր ժամանակներում մարզային թատրոններում կադրերի հարցը պրոբլեմ է եղել: Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում ռեժիսորի եւ դերասանի մասնագիտություն ստացածներից շատերն ամեն գնով փորձում են աշխատանքի տեղավորվել մայրաքաղաքում: Տասնամյակներ ձեւավորված այս կարծրատիպը կարծես փշրեց մեր զրուցակիցը՝ երիտասարդ ռեժիսոր Արմեն Սաֆարյանը (լուսանկարում): Նրա մասին մասնագիտական շրջանակներում դրական են խոսում: Նա 2014թ. բեմադրություն է իրականացրել Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Սա այն դեպքում, երբ 80-ամյա թատրոնի շենքը վթարային լինելու պատճառով հիմնովին քանդվել է, նոր շենքի կառուցումը դեռ չի ավարտվել:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմեն Սաֆարյանը նշեց, որ բեմադրությունը եղել է իր դիպլոմային աշխատանքը՝ Ալ. Շիրվանզադեի «Ունե՞ր իրավունք» դրաման. «Ես միակը չէի, որ դիպլոմային աշխատանքս իրականացրի մարզային թատրոնում: Օրինակ, Ռուզաննա Խաչատրյանը դիպլոմային աշխատանքը բեմադրեց Ստեփանակերտի թատրոնում, Քրիստինե Բեկնազարյանը՝ Էջմիածնում, Աննա Ավետիսյանը՝ Կապանում, Վազգեն Ծատինյանը՝ Ալավերդիում: Մի խոսքով՝ յուրաքանչյուրն իր բնակավայրում»:
Հարցին՝ ինքն ու ընկերները պատրա՞ստ են աշխատել մարզում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես իմ անունից կարող եմ ասել՝ այո: Ավելին՝ վաղ թե ուշ ինձ տեսնում եմ հենց Գավառի թատրոնում: Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ երազում եմ այդ թատրոնը տեսնել բարեկարգ, ծաղկուն: Ախր այդ թատրոնում են բեմ բարձրացել Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետիսյանը, Կարպ Խաչվանքյանը եւ ուրիշ մեծեր: Ասում են՝ եղել են ժամանակներ, երբ թատրոնի խաղացանկը հարուստ էր հայ, ռուս, արեւմտաեվրոպական հեղինակների պիեսներով: Շատ կուզեի, որ Գավառի թատրոնը ձեռք բերեր իր նախկին համբավը»:
Անդրադառնալով իր ռեժիսուրայով բեմադրած Շիրվանզադեի «Ունե՞ր իրավունք» դրամային, Արմեն Սաֆարյանը նշեց, որ ներկայացումը խաղացել են Գավառի մշակույթի տանը, իսկ թե ե՞րբ կավարտվի թատրոնի շենքի կառուցումը, դժվարացավ պատասխանել: Հարցին՝ մարզպետարանի աջակցությունը բավարարե՞ց բեմադրությունը կյանքի կոչելուն, արվեստագետը ժպտալով պատասխանեց. «Բավականացրինք»:
Արմեն Սաֆարյանը նշեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Գառնիկ Պողոսյանի եւ հատկապես իր բեմադրության մեջ ընդգրկված ՀՀ վաստակավոր արտիստ Բյուրեղիկ Մնեյանի, դերասաններ Սուսաննա Սարգսյանի, Սեդա Թովմասյանի, Ռուզաննա Պողոսյանի, Մարտուն Ղեւոնդյանի, Հովհաննես Օհանյանի՝ սրտացավությունն ու պրոֆեսիոնալիզմը:
Մեր զրուցակցին խնդրեցինք ներկայացնել Գավառի մշակութային կյանքը: Արմեն Սաֆարյանը շրջանցելով հարցը, կանգ առավ միայն թատրոնի խնդրի վրա: Նրա խոսքերով՝ իր համար բացահայտում է եղել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի վերաբերմունքը. «Ուզել են թատրոնի շենքն ընդհանրապես վերացնել, ու եթե մարզպետը չլիներ, ապա թատրոնի շենքի տեղում այսօր այլ շինություն կլիներ: Հետո էլ, երկու ամիս տեւած բեմադրությանս փորձերին հաճախ էին մարզպետարանից պաշտոնյաներ այցելում, հետաքրքրվում՝ խնդիրներ ունե՞նք, թե՞ չունենք, օգնություն առաջարկում»:
Իսկ ինչո՞ւ որոշեց բեմադրել Շիրվանզադեի այդ գործը եւ ոչ թե որեւէ ժամանակակից հեղինակի: Արմեն Սաֆարյանն ասաց, որ կարեւորում է ազատության ընկալումը, սակայն միշտ չէ, որ պետք է կուրորեն հետեւել արեւմտյան բարքերին: «Մեր մարզերի ու գյուղերի դատարկվելը, ընտանիքների քանդվելը հենց նման բաների հետեւելու արդյունքն է: Կարծում եմ՝ «Ունե՞ր իրավունք» դրամայի բեմադրելը շատ այսօրեական էր, քանի որ այնտեղ պատկերվող ընտանիքի պատմությունը կարող է դաս լինել»,- պատասխանեց ռեժիսորը: Նա հավելեց, թե ինքը բնավ նահապետական բարքերի կողմնակիցը չէ, ուղղակի կցանկանար, որ հայկական լավագույն արժեքներն ավելի բարձրացվեին ու վերաարժեւորվեին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.02.2015