Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական դպրոց՝ Չինաստանի փողերով

Փետրվար 07,2015 14:00

Հայկական ուսումնական հաստատությունն ապամոնտաժվելու է՝
չինական դպրոց կառուցելու համար

Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց է բացվելու, որի համար Չինաստանի կառավարությունն անհատույց տրամադրելու է 27 մլն դոլար: Դպրոցի բացման կապակցությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս 2013 թվականին, Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրերով: Իսկ ավելի վաղ՝ 2010 թվականին դպրոցի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մեր եւ Չինաստանի նախագահների հանդիպման ժամանակ:

Կառավարության փետրվարի 5-ի նիստի օրակարգից տեղեկացանք, որ կրթության եւ գիտության նախարարության կողմից ներկայացված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Սարկավագի 14 հասցեում գտնվող ընդհանուր մոտ 5.1 հազար քմ մակերեսով ուսումնական մասնաշենքը՝ Երեւանի Հ. Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցի շենքը, ապամոնտաժել, որպեսզի դրա տեղում կառուցվի նոր դպրոց՝ Չինաստանի կառավարության տրամադրած դրամաշնորհով։ Ծրագրի առաջին փուլում չինարենը կուսումնասիրվի ռուսական հենքով ստեղծված դասագրքերով: Նախատեսված է, որ հետագայում Բրյուսովի անվան համալսարանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնագետներն արագ կստեղծեն հայերենի հենքով չինարեն ուսուցանելու դասագրքեր:

Օտարալեզու դպրոցների վերաբացման թեմայով շատերն էին դժգոհություն արտահայտում: Ոմանք չինական դպրոցի բացման հետ կապված էլ ինչ-ինչ մտահոգություններ ունեն:

Ի վերջո, ի՞նչ կտա այն մեր հասարակությանը, բարձրացնելո՞ւ է մեր մակարդակը, նպաստելո՞ւ է զարգացմանը: «Առավոտի» հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ նման ուսումնական հաստատությունների բացումը՝ դա նախեւառաջ կամուրջ է երկու երկրների միջեւ, այսինքն՝ հայերը չինարեն կխոսեն, չինացի ուսանողները կգան Հայաստանում սովորելու, ինչպես որ ժամանակին էր: «Նման հաստատությունները կամուրջներ են, որոնցով մասնագիտական կոնտակտներ են լինում օտար երկրների, առեւտրական, տնտեսական, մշակութային խմբերի միջեւ: Լավ կլիներ, որ ունենայինք նաեւ ճապոնական, հնդկական դպրոցներ, որովհետեւ հայը կարող է այդպես զարգանալ եւ միջազգային հանրության մեջ լինել, իսկ միջազգային հանրությունում բավականին պատվաբեր է երկու-երեք լեզվի տիրապետելը: Մեր բազմահազարամյա պատմության մեջ, մենք միշտ եղել ենք երկու-երեք լեզվի կրողներ, ու դա եղել է մեր պահպանման, զարգացման նախադրյալներից մեկը», – ասաց Ահարոն Ադիբեկյանը, հավելելով, որ մենք պետք է ողջունենք չինական դպրոց բացելու գաղափարն ու կոչ անենք, որ մյուս պետություններն ու ՀՀ-ում տեղակայված նրանց դեսպանություններն էլ դպրոցներ բացեն մեզ մոտ ու հատկապես այն երկրները, որտեղ հայերն ունեն մեծ սփյուռք:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728