Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Նիկողոսյան. «Հրաձգությունում տոն տվողների մեջ աղջիկները քիչ չեն»

Փետրվար 07,2015 13:30

Հայաստանի հրաձիգները, ինչպես մեր առաջատար մարզաձեւերի ներկայացուցիչները, մրցաշրջան 2015-ում որոշել են պայքարել Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշներ նվաճելու համար:

Որքանո՞վ է դա իրատեսական եւ ի՞նչ է պահանջվելու նպատակին հասնելու համար: «Առավոտը» զրուցել է Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ:

– Պարոն Նիկողոսյան: Այսօր գործող մեր առաջատար հրաձիգների մեծ մասը դեռ երիտասարդ կամ պատանի է: Նրանք ի վիճակի՞ են այդքան լուրջ ծրագրեր իրականացնել:

– Հնարավոր է: Ֆեդերացիան այդ ուղղությամբ աշխատում է վերջին տարիներին ու արդեն այս մրցաշրջանում փորձելու ենք:

– Քանի՞ վարկանիշային մրցում կա:

– Ընդհանուր առմամբ՝ չորս, որից երեքն այս տարի. Մյունխենում աշխարհի գավաթը՝ մայիսին, Բաքվի Եվրոպական խաղերը, Եվրոպայի առաջնություն Սլովենիայում՝ հուլիսին: Վարկանիշային վերջին մրցումը մեր մարզաձեւում եկող մարտին կայանալիք օդամղիչ զենքերի Եվրոպայի առաջնությունն է:

– Այս տարի աշխարհի առաջնություն չկա՞:

-Ոչ: Հրաձգությունում աշխարհի առաջնությունն անցկացվում է չորս տարին մեկ: Մարտի սկզբին մեր հրաձիգները Հոլանդիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որից հետո հավաքականը կհամալրվի լավագույններով: Նրանք էլ կմասնակցեն նշածս միջազգային վարկանիշային մրցումներին:

– Ովքե՞ր են այն հրաձիգները, որոնց հետ հույսեր եք կապում եւ ո՞ր մրցաձեւերում են նրանք հանդես գալիս:

– Հրաչ Բաբայանի (ատրճանակ 10 մետր) եւ Զավեն Իգիթյանի ( ատրճանակ 10 եւ 50 մետր) մասին արդեն ասացի: Ավելացնենք գերմանաբնակներ Իրինա Լաուերին (հրացան 10 մետր) եւ նրա ամուսնուն՝ Քրիստիան Լաուերին (հրացան 10 մետր), Նորայր Առաքելյանին (ատրճանակ 10 եւ 50 մետր) եւ Էլմիրա Կարապետյանին (ատրճանակ 10 մետր):

– Հրաձգությունն առանձնահատուկ ու թանկ մարզաձեւ է, որտեղ անհրաժեշտ է ոչ միայն մարզումային բազա՝ հրաձգարան, այլեւ բարձրակարգ գույք՝ զենք, փամփուշտ, հանդերձանք եւ այլ պարտադիր պարագաներ: Վիճակն ինչպիսի՞ն է:

– Ցավոտ հարց է: Միակ մարզաբազան Երեւանի հրաձգության մարզադպրոցն է, որը շահագործման է հանձնվել 2008 թվականին եւ ունի պայմաններով համապատասխանում է միջազգային պահանջներին: Այ, զենքի եւ փամփուշտների հարցում խնդիրներ ենք ունենում: Հավաքականի ոչ բոլոր անդամներն ու մյուս հրաձիգները իրենց զենքն ունեն: Երեք-չորս լավագույններին իրենց զենքերը տվել ենք ու միայն իրենք են դրանից օգտվում: Իսկ մյուսների համար նման պայման չկա: Մի քանի հոգի մեկ զենքով են մարզվում: Փառք Աստծո, մեր ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն իր միջոցներով 4,5 մմ. փամփուշտներ է ձեռք բերել: Ուսումնամարզական հավաքները կրկին ֆեդերացիայի նախագահի միջոցների հաշվին անցկացնում ենք Երեւանի հրաձգության մարզադպրոցում ու արտագնա հավաքների հնարավորություն չունենք: Պարոն Հովհաննիսյանը հոգում է զենքերի, հանդերձանքի, մարզաձեւի մյուս ու մարզիկների հետ կապված բոլոր հոգսերը:

– Պետությունից մարզաձեւի աջակցության տարեկան գումարը որքա՞ն է:

– Ստույգ չգիտեմ, բայց այն բավարարում է միայն Հայաստանի առաջնությունն անցկացնելուն եւ արտագնա մրցումներին մասնակցելուն:

– Հրաձգությունը Հայաստանում բավականին հարուստ ավանդույթներ է ունեցել. Բարսելոնի օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյան, Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, միջազգային մի շարք խոշոր մրցաշարերի հաղթող ու մեդալակիր Նորայր Բախտամյան: Իսկ հիմա՞…

– Պետիկյանն ու Բախտամյանը խորհրդային տարիներին մարզված մարզիկներ էին: Անկախությունից հետո մեր մարզաձեւն էլ քանդվեց: Չկար հրաձգարան, մարզական զենք ու փամփուշտ: Բոլոր լավագույնները կամ հեռացան, կամ թողեցին մարզաձեւը: Այդպես շարունակվեց մինչեւ 2008 թվականը, երբ շահագործվեց Երեւանի հրաձգության մարզադպրոցը: Դրանից հետո հրաձգությունը մեզանում արագ թափով սկսեց վերելք ապրել: Զրույցի սկզբում ձեր նշած պատանիները այդ սերունդն են ու արդեն հասցրել են լուրջ արդյունքներ ցույց տալ. պատանեկան օլիմպիական խաղեր՝ արծաթ, Աշխարհի երիտասարդների առաջնություն՝ 2 արծաթ, բրոնզ ու թիմային 3-րդ տեղ, Եվրոպայի երիտասարդական առաջնություն՝ բրոնզ, Եվրոպայի պատանեկան առաջնություն՝ ոսկի: Այս մարզիկները դեռ պատանի են ու պայմաններ լինելու դեպքում կարող են կրկնել Հրաչյա Պետիկյանի ու Նորայր Բախտամյանի արդյունքները: Եվ վերջում մի բան էլ եմ ուզում ասել. հրաձգությունը մեզանում, թերեւս, այն բացառիկ մարզաձեւերից է, որտեղ տոն տվողների մեջ քիչ չեն աղջիկները:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728