Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը պատմություն է փոքր մարդու ողբերգության մասին. Արամ Շահբազյան

Փետրվար 06,2015 23:30

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Մինչ ֆիլմի ցուցադրությունը ֆիլմի ստեղծագործական խումբը կինոթատրոնի ճեմասրահում հանդիպում ունեցավ լրագրողների հետ՝ ներկայացնելով ֆիլմի պատմությունն ու անցած ճանապարհը: Ներկա էին բեմադրող ռեժիսոր Արամ Շահբազյանը, պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանը, գլխավոր դերակատար Մարտուն Ղևոնդյանն ու բեմադրող օպերատոր Արթուր Ղարայանը:

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը հայ-ֆրանս-ռուսական համատեղ արտադրանք է, որի նկարահանումները կատարվել են Հայաստանում, իսկ մոնտաժն ու հնչյունային ձևավորումները մեծ մասամբ կատարվել են Ֆրանսիայում: Այն ֆիլմ է, որը ստեղծվել է իրական պատմության հիման վրա: Արցախից գտնված Վլադիմիր Շիրինյանի օրագիրն էլ նպաստել է, որպեսզի ֆիլմը կյանքի կոչվի: Ավելին, 2008 թվականին ֆիլմի սցենարը մասնակցել է հանրահայտ Մոնպելեյի փառատոնին և հաղթող ճանաչվել որպես լավագույն սցենար: Նկարահանումները սկսել են 2012 թվականից և տևել ավելի քան երկու տարի:

Բեմադրող ռեժիոսր Արամ Շահբազյանը չբացառեց նաև, որ ֆիլմը հետագայում հնարավոր է մասնակցի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, իսկ առաջիկայում այն դեռ չի ցուցադրվի կինոթատրոններում: Պատճառը մեկն է՝ պրեմիերան անհրաժեշտ է իրականացնել նաև Ռուսաստանում և Ֆրանսիայում: Ռեժիսորի փոխանցմամբ՝ դերերի ընտրությունը կատարվել է մանրակրկտորեն, հաշվի առնելով դերասանների հնարավորություններն ու ֆիլմում կիրառվող սցենարական յուրօրինակ իմպրովիզները:

«Անկեղծ ասած՝ գլխավոր դերակատարներին ընտրելու մասին շատ եմ մտածել: Թեև Մարտուն Ղևոնդյան դերասանին քչերն են ճանաչում, բայց այնուամենայնիվ նա կարողացավ մտնել դերի մեջ ու հավուր պատշաճի ներկայացնել այն: Ֆիլմը ընդհանուր առմամբ կենտրոնացված չէ հայերի վրա: Հայկական է այնքանով, որքանով նկարահանումները կատարվել են Հայաստանում: Այն պատմություն է փոքր մարդու ողբերգության մասին»,- նշեց պարոն Շահբազյանը:

Շուրջ երկու ժամ տևողությամբ ֆիլմը պատմություն է Ադրբեջանի Լենինավան գյուղից գաղթած Համոյի ու իր կնոջ մասին, ովքեր ապրում են Հայաստանի փոքրիկ մի գյուղում: Թվում է, թե ծերունիները կյանքն այդպես էլ միապաղաղ ապրելու էին, եթե Համոն շրջկենտրոնում չլսեր փողոցում հավաքված տղամարդկանց խոսք ու զրույցը: Ինչ-որ մեկն ասում է, որ հարևան գյուղում Մոսկվիչ  ավտոմեքենա է վաճառվում: Գլխավոր հերոսի՝ Հմայակ Ավանեսյանի (Համո) երազանքը լինում է հենց այդ մեքենան: Բայց թե ինչ փորձություններ է նա հաղթահարում, կարող է պարզել միայն հանդիսատեսը…:

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728