«Անշուշտ, հպարտանալու բան է, երբ կենսագրությանդ մեջ նշվում է, որ արժանացել ես, օրինակ, Դերենիկ Դեմիրճյանի, Ավետիք Իսահակյանի, Լևոն Շանթի և մյուս մեծերի անունները կրող մրցանակների: Միայն նրանց անուններն արդեն պարտավորեցնող են, և չկա մի գրող, որ չցանկանա ստանալ այդպիսի մրցանակ, որովհետև դա, իսկապես, գրողական որակի նշան է»,- այսպես է կարծում Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, որն այսօր մրցանակներ ու պարգևներ հանձնեց տարվա ընթացքում ստեղծագործական ակտիվ գործունեություն ծավալած գրողներին:
Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակն ստացավ Հովիկ Վարդումյանը, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը՝ Մանվել Միկոյանը: Լևոն Շանթի անվան մրցանակը տրվեց Լևոն Մութաֆյանին, Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը՝ Նորայր Ադալյանին: Միքայել Նալբանդյանի անվան մրցանակին արժանացավ Ռուզան Ասատրյանը, իսկ Վախթանգ Անանյանի անվան մրցանակը հանձնվեց Նորայր Գրիգորյանին:
Հրանտ և Մանուշակ Սիմոնյանների անվան մրցանակին արժանացան Սամվել Կոսյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Ռոմանոս Սահակյանը և Սուրեն Մուրադյանը:
ՀԳՄ վաստակի մեդալը տրվեց Սերգեյ Վարդանյանին:
Կարդացեք նաև
Արմեն Շեկոյանը մրցանակ ստացավ գրողների՝ Ծաղկաձորի ստեղծագործական տանը գրած ստեղծագործությունների համար:
«Գրական մրցանակների հանդեպ հարգանքը միշտ էլ մեծ է եղել,- ասաց Է. Միլիտոնյանը,- մեր գրողներն իրենց կենսագրության մեջ միշտ նշել են, որ արժանացել են այս կամ այն մրցանակին: Այսօր գրական մրցանակներ շատ կան, և դա ինձ ուրախացնում է, որովհետև յուրաքանչյուր գրող ուզում է իր գիրքն ինչ-որ չափով կարևորված տեսնել: Հավատացեք, մրցանակները ոչ միայն գրողին են պետք, այլև ընթերցողին, որովհետև վերջինս, տեսնելով, թե ինչ մրցանակներ է ստացել տվյալ գրողը, միտվում է ճանաչելու նրան, կարդալու նրա գործերը»:
ՀԳՄ նախագահը պատվոգրեր հանձնեց նաև միության գործունեությունն ակտիվորեն լուսաբանող, նրա ձևակերպմամբ՝ լավն ու վատը ջրի երես հանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այդ թվում նաև «Առավոտ» օրաթերթի լրագրող, կրթական և մշակութային բաժինների պատասխանատու Գոհար Հակոբյանին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ