Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարն այցելել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

Փետրվար 06,2015 20:23

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը փետրվարի 6-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և խորհրդակցություն անցկացրել գործակալության աշխատակիցների հետ:

Նախարարը հանդիպման ընթացքում նշել է, որ պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները մշտապես կատարելագործման կարիք ունեն:

«Հաճելի է արձանագրել, որ Պետական ռեգիստրի գործակալության՝  քաղաքացիների սպասարկման էլեկտրոնային համակարգը բարձր գնահատականի է արժանանում նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք գնահատում են երկրի տնտեսական ակտիվությունն ու ներդրումային միջավայրը: Այս համակարգի առաջընթացը պետք է կարևոր նվաճում համարել, բայց դրանով չպետք է բավարարվել. դեռևս կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»,- ասել է նախարարը՝ հատկանշական համարելով «Մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցման գործընթացը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ադամյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է կատարված բարեփոխումներին և նշել, որ դրանք միտված են  իրավաբանական անձանց պետական գրանցման ու անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման գործընթացը պարզեցնելուն, գործարար ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, և կոռուպցիոն ռիսկերը զսպելուն:

Նախարարը Պետռեգիստրի աշխատակիցներին առաջարկել է ներկայացնել աշխատանքին առնչվող խնդիրներ, խոսել   հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերից: Գործակալության աշխատակիցները հիմնականում ներկայացրել են ինչպես ոլորտում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, այնպես էլ կարևորել շենքային պայմանների բարելավումն ու տեխնիկական հագեցվածության անհրաժեշտությունը: Լսելով ներկաներին՝ նախարարը հանձնարարականներ է տվել Պետռեգիստրի պետին, ինչպես նաև իր աշխատակազմի ներկայացուցիչներին: Քննարկում-խորհրդակցության արդյունքում ամրագրվել և հստակեցվել են համակարգի բարեփոխումներին վերաբերող ժամկետներն ու առաջնահերթությունները:

Խորհրդակցության ավարտին նախարարը ներկաներին վստահեցրել է, որ Պետռեգիստրի գործունեությունն իր ամենօրյա ուշադրության կենտրում է: Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է մշտապես բարձր պահել քաղաքացիների սպասարկման որակը և բացառապես առաջնորդվել օրենքի տառով:

                   

2011 թվականի ապրիլի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում իրավաբանական անձանց պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացվում է «մեկ պատուհան մեկ կանգառ» սկզբունքով,   որի շնորհիվ զգալիորեն կրճատվել են պետական գրանցման և պետական հաշվառման ժամկետները, վերացել են իրավաբանական անձանց կողմից նախքան պետական գրանցման դիմելը ֆիրմային անվանում ստանալու համար լիազորված մարմին դիմելու, իսկ պետական գրանցումից հետո՝ հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային մարմիններին դիմելու գործառույթները: Նշված գործառույթները ներկայում միանգամից կատարվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշված րոպեների ընթացքում: Համակարգը հնարավորություն է տալիս նաև  իրավաբանական անձանց պետական գրանցման  համար փաստաթղթերը ներկայացնել  առցանց ռեժիմում: Նախկինում գրանցված բոլոր իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերը թվայնացվում են և տեղադրվում ռեգիստրի տեղեկատվական բազայում:

 

Մինչև 2002 թվականը Հայաստանի Հանրապետությունում ընկերության հիմնադրումը իրականացվում էր 9 ընթացակարգով, որոնց ընդհանուր տևողությունը կազմում էր 9 օր: Այսօր   ստանդարտ կանոնադրությամբ ՍՊԸի գրանցումը տևում է 15-20 րոպե, իսկ անհատ ձեռներեց գրանցելը՝ 5 րոպե: Սկզբնական գրանցման ժամանակ առևտրային կազմակերպություններն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից: Ստանդարտ կանոնադրության պարագայում, ամբողջ փաստաթղթերի փաթեթը տրամադրվում է Ռեգիստրի կողմից: Ներկայում քաղաքացին հարկային կոդը ստանում է տեղում:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728