Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ միայն համացանցում չէ, որ լատինատառ են գրում». Սամվել Մարտիրոսյան

Փետրվար 06,2015 18:23

Լատինատառ գրողների մի մասը իրենց անգրագիտությունն է փորձում թաքցնել:

 

2012 թվականից փետրվարի 7-ը ոչ պաշտոնապես համարվում է համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնության հեղինակը Զոհրապ Եգանյանն է, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս մտահղացման պատճառը համացանցում լատինատառ հայերենի «ծաղկումն» է եղել. «Այդ ծաղկումն արդեն զավեշտի էր հասնում, և ես ցանկացա իմ կողմից ինչ-որ բան անել: Իմ ֆեյսբուքյան էջում գրառում կատարեցի այն մասին, որ բոլորս փետրվարի 7-ը հռչակենք համացանցում հայատառ գրելու օր: Ի զարմանս ինձ՝ բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց այդ գրառումը: Շատերն այդ օրվանից սկսեցին հայատառ գրել: Չասեմ՝ հարցն այդ օրվանից լուծվեց (հարցը դեռ շատ հեռու է լուծված լինելուց), բայց ինչ-որ բան փոխվեց: Համենայն դեպս, ես նկատում եմ համացանցում հայերեն գրելու միտում»,- ասաց նա:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ է նկատում դրական տեղաշարժ ինչպես հոգեբանական առումով, այնպես էլ տեխնիկապես: «Ժամանակակից բջջային հեռախոսներն ու պլանշետները հայերեն գրելու հնարավորություն տալիս են: Այնպես որ, դա չէ խնդիրը»,- ասում է մասնագետը:

Խնդիրը, ըստ նրա, լատիներեն և ռուսերեն տառերով հայերեն բառեր գրելու սովորության խորը արմատների մեջ է. «Մարդիկ միայն համացանցում չէ, որ լատինատառ են գրում: Փողոցներում՝ պատերի վրա, հաճախ կարելի է կարդալ լատինատառ հայհոյանքներ, սիրո խոստովանություններ և այլն: Դա նշանակում է, որ լատինատառը շատ խորն է մտած: Իսկ զուտ համացանցի տեսանկյունից նայելիս, եթե, օրինակ, վերցնենք Հայաստանում ամենատարածված փնտրող համակարգը՝ «Գուգլը» (Google), ապա կտեսնեք, որ նույն բառը մոտ տասն անգամ ավելի շատ փնտրվում է լատինատառ հայերենով, քան մեսրոպատառով»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ նկատելով, որ երկու տարի առաջ այդ տարբերությունն ավելի մեծ էր, այսինքն, ըստ նրա, փոփոխություն կա, բայց քիչ է:

Պարոն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ միայն լատինատառի խնդիրը չէ. ընդհանուր գրագիտության հարց կա: «Նկատե՞լ եք, թե ինչքան տարածված է առանց որևէ կետադրական նշանի գրելը: Ես չեմ հասկանում՝ դա ինչպես է ընթերցվում: Իմ ուղեղը միշտ քարկապ է ընկնում, երբ լատիներեն մեծատառերով, առանց կետադրական նշանների, մոտ երեք պարբերություն ունեցող տեքստ է հանդիպում: Երևի, արդեն գրելաոճ է ձևավորվել, այսինքն՝ մարդիկ միտումնավոր չեն այսպես կամ այնպես գրում: Մյուս կողմից էլ, շատերն են խոստովանում, որ լատինատառ են գրում, որովհետև այդպիսով կարողանում են թաքցնել իրենց անգրագետ հայերենը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728