Տասնհինգ տարի առաջ փետրվարի 16-ին Հայաստանի բուժհիմնարկներից մեկում ծնվեց աղջնակ:
Երեխայի ծնունդը գրանցվեց քաղաքացիական ակտերի գրանցման ստորաբաժանումներից մեկում: Տրվեց ծննդյան վկայական:
Զրուցակիցս՝ երեխայի մայրն, անչափահաս էր: Եվ օգտվելով նրա անչափահաս լինելու հանգամանքից, բուժհաստատության պաշտոնատար անձինք, խաբելով մորը, հայտնեցին, թե երեխան հիվանդ է, վատառողջ, երեխան չի ապրելու, եւ առանց երեխայի անչափահաս մոր համաձայնության, առանց հոր համաձայնության, երեխային «վաճառեցին»:
Կատարված հանցագործության մասին զրուցակիցս՝ մայրը, հաղորդում է ներկայացնում ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին:
Կարդացեք նաև
Ավագ քննիչ Ս.Մարգարյանի որոշմամբ մերժվում է քրեական գործ հարուցել, իսկ բժիշկներ Ռազմիկ Աբրահամյանի եւ Անդրանիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվեց հանցակազմի բացակայության հիմքով:
Երեխային փնտրող մայրը դիմեց դատարան, առաջին ատյանի դատարանը բավարարեց մոր բողոքը, իսկ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց:
Մոր ներկայացուցիչը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:
Խայտառակ մանրամասներ են բացվել ծննդատան հետ կապված:
«Իր տված ցուցմունքներում մայրը հայտնել է մինչեւ ծննդաբերելը բժշկի թելադրանքով որպես չափահաս ներկայանալու, դրա դիմաց հինգ հարյուր դոլար պահանջելու հանգամանքների մասին, ինչը բժիշկը հերքել է»,-գրված է բողոքում:
Քննիչը քրեական գործ չի հարուցել, քննչական գործողություն չի կատարել, հետեւաբար, չեն եղել նաեւ առերեսումներ, ինչը քրեաիրավական հետեւությունների հանգելը դարձրել է անհնար:
Քննիչը ծննդկանի մոր եւ բժշկի հետ առերեսումներն, ըստ ներկայացուցչի, համարել է ոչ նպատակային, չհիմնավորելով՝ ինչո՞ւ:
Ի դեպ, այս գործով նշանակվել է ծառայողական քննություն:
Քննիչն, ըստ այդ քննության, կոծկել է հանցագործության փաստը:
Նրա կողմից կեղծվել է դատախազին ուղարկված որոշման ամսաթիվը, որոշումն ընդհանրապես չի ուղարկվել դատախազին, քննիչը չի անդրադարձել անչափահասի հետ սեռական հարաբերության՝ հանցագործություն հանդիսացող փաստը բժիշկների կողմից թաքցնելու հանգամանքներին, արձանագրելով, որ տասնվեց տարին լրացած անձի հղիության եւ ծննդաբերության դեպքում իրավապահ մարմիններին հայտնելու կարգ նախատեսված չի եղել»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ