Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետին հաջողվեց կասեցնել Գյումրիում նախատեսված բողոքի ավտոերթը

Փետրվար 06,2015 17:52

Այսօր Գյումրիում բողոքի ավտոերթ էր տեղի ունենալու, որը Վալերի Պերմյակովին հայկական արդարադատությանը հանձնելու պահանջից զատ, ուղղված էր լինելու Սառնաղբյուրի բնակիչ` 21-ամյա Մնացական Ալեքսանյանին անհապաղ ազատ արձակելուն: Վերջինս Ավետիսյանների սպանդից հետո Գյումրու ռուսական հյուպատոսարանում տեղի ունեցած բախումների պատճառով առաջին ձերբակալվածն էր:

Սակայն մինչև գյումրեցի ակտիվիստները նախապատրաստվում էին, առավոտյան շուտ նրանցից մեկին` տնտեսագետ Կարեն Պետրոսյանին իր մոտ է հրավիրել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետը ուրախ լուր է հաղորդել երիտասարդին` հորդորելով դուրս չգալ բողոքի ավտոերթի, քանի որ Մնացականին ազատ են արձակելու: Մարզպետ Ցոլակյանը, ըստ էության, չի էլ թաքցրել իր մեծ դերակատարությունն այս հարցում:

Կարեն Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Կարծում եմ` մեր պաշտոնյաները գիտակցեցին, որ իրավիճակը լարել պետք չէ, շատ խոհուն պետք չէ լինել, որ էդքանը հասկանային: Պարզից պարզ է, որ հատուկ իրավիճակ է եղել Գյումրիում: Մենք դեմ ենք որևէ բռնության, բայց սա եղել է մարդկանց անկեղծ պոռթկումը, մարդանց իրավացի պահանջը, հետևաբար և ամեն գործողություն սպասելի է: Եվ դրանից մի քանի օր անց ձերբակալել պահանջատիրոջը՝ խիստ անտրամաբանական է: Ավելի անտրամաբանական է երկու գերատեսչությունների հայտարարությունները (նկատի ունի գլխավոր դատախազությանն ու հատուկ քննչական կոմիտեին, երբ քննիչը առարկել է ձերբակալել Մնացականին, հսկողությունը իրականացնող դատախազը ինքն է ձերբակալել,- Ա.Ն.) , ավելի շատ այլ հարաբերությունների կիզակետում հայտնվելու նպատակը: Կարծում եմ, բոլորը սա գիտակցեցին և որոշակի պաշտոնյաներով ջանքեր ուղղակի գործադրեցին, որ այս հարցն իր տրամաբանական լուծում գտնի, այն է` բավարարեն մարդկանց արդար պահանջը»:

Իսկ ովքե՞ր են այդ պաշտոնյաների ցանկում, հետաքրքրվեցինք մենք: «Օրինակ` այսօր ես հանդիպեցի Շիրակի մարզպետի հետ, և ինքը ներկայացրեց, որ այս հարցով զբաղվել է: Եվ փաստորեն ինքն ասաց, Մնացականն այլևս ազատվելու է և խնդրեց բողոքի ակցիան կասեցնել: Ես ինքս դրան կողմ եմ, որովհետև համաքաղաքացիների կողմից նախատեսված բողոքի ավտոերթի այս պահի պահանջը հստակ էր` ազատ արձակել ձերբակալվածին: Մինչ ավտոերթը կատարվեց մեր պահանջը: Իսկ սադիստին մեր իշխանություններին և հայկական դատական համակարգին հանձնելու հետ կապված, Ռուսաստանի Դաշնության դատախազի «կորած» նամակի, պատասխանի հետ կապված մենք հետևողականորեն շարունակելու ենք այլ պահանջներ , այլ գործողությունների տեսքով: Օրվա պահանջը Մնացականին ազատելն էր, և փաստորեն իշխանությունները խոհուն գտնվեցին և հասկացան ժողովրդի արդար պահանջը»,- ասաց Կարեն Պետրոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728