Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ դատին Նարինեն կհրապարակի երեխայի իսկական հոր անունը (Տեսանյութ)

Փետրվար 06,2015 17:20

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Քննչական կոմիտեի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանի կայացրած քրեական գործը կարճելու որոշումը վերացնելու պահանջով հայցադիմումը:

Հիշեցնենք, որ այս գործով նախորդ նիստը 2014 թվականին դեկտեմբերի 26-ին է եղել, որին քննիչը ներկա չէր: Հիշեցնենք նաեւ, տուժող Նարինե Նիկողոսյանը պնդում է, որ 2013 թվականի հուլիսի 15-ին ծննդատնից դուրս գրվելուց դեռ 1 ժամ էլ չանցած, իր նորածին երեխային խաբեությամբ իրենից բաժանել են,  իր խոսքերով ասած` երեխային գողացել է իր ծանոթ Էդիսոն Ադյանը: Այս առնչությամբ, որոշ ժամանակ անց կինը դիմել էր իրավապահ մարմիններին, գործով զբաղվել է Քննչական կոմիտեի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանը, որն այսօր ներկա էր դատական նիստին:

dat_erexa_03 dat_erexa_02 dat_erexa_04

Նարինե Նիկողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն այսօր դատարանում ասաց, որ քննիչը գործով կարեւոր ապացույցներ է թաքցրել եւ որոշում է կայացրել կարճել քրեական գործը: Փաստաբանի ներկայացմամբ` քննիչը չի ներկայացրել գործում ներգրավված անձանց բջջային հեռախոսազանգերի մասին տեղեկություններ:

Դատարանում ներկա քննիչ Առաքելյանն էլ նշեց, որ գործում առկա է սկավառակը, որտեղ կան բջջային օպերատորներից ստացված տեղեկությունները:

Փաստաբան Հովհաննիսյանն էլ նկատեց, որ սկավառակը տրվել է, սակայն գործում չի նշվել, թե ի՞նչ կա սկավառակում, այսինքն` ո՞վ ` ու՞մ երբ է զանգել, օրինակ` Յուրա եւ Էդիսոն Ադյանները ե՞րբ են զանգել Նարինե Նիկողոսյանին, նույն տարածքո՞ւմ են գտնվել, թե` ոչ. «Քննիչը օպերատորներից ստացել է այդ սկավառակը, նայել է, բայց ոչ մի տող չկա որոշման մեջ` արդյոք ցուցմունքները համապատասխանո՞ւմ են: Օրինակ` էդիսոն Ադյանն իր ցուցմունքում հայտնել է, որ 2012 թվականի աշնանը, կոնկրետ օրը չի հիշում, Զեյթունի հիվանդանոցի մոտի պոլիկլինիկայում հանդիպել է Նարինեին, ծանոթացել են, միասին գնացել են Աբովյան քաղաքի գործում նշված հասցով բնակարան, մի քանի ժամ են անցկացրել միասին: Քննիչի համար դժվարություն չէր ներկայացնում, ավելին, պարտավոր էր 2012 թվականի աշնան ամիսների համար ստանալ Էդիսոն Ադյանի բջջային հեռախոսների տեղակայվածությունները, եւ պարզել` այս հեռախոսահամարները սպասարկվե՞լ են Աբովյան քաղաքի արբանյակների կողմից»:

Մանրամասն` տեսանյութում

Տուժող կողմի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց գործի քննությունը հետաձգել, քանի որ ինքը չի ստացել սկավառակը, եւ հարկավոր է դա վերծանել եւ ծանոթանալ դրան: Այս միջնորդությանն առարկեց նախաքննության մարմնի կողմից որպես հսկող դատախազ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Դավիթ Կարապետյանը: Նրա ներկայացմամբ` փաստաբանը պահանջում է քննել հանգամանքներ, որոնք հնարավոր չէին պարզել: Դատախազի խոսքերով` փաստաբանը փորձում է հետաձգել դատական նիստերը, ինչը անհիմն է:

Դատախազի առարկության մանրամասները` տեսանյութում

Նարինե Նիկողոսյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը նաեւ միջնորդություն ներկայացրեց դատավոր Ավետիսյանին ինքնաբացարկ հայտնելու կապակցությամբ, ինչը մերժվեց:

Ապա Նարինե Նիկողոսյանը դիմեց դատարանին կրկին նիստը հետաձգելու համար, նա նախ ասաց, որ հրաժարվում է իր փաստաբանից, հետո նշեց, ցանկանում է գործում ներգրավել եւս մեկ փաստաբանի:

Մանրամասն` տեսանյութում

Դատախազ Կարապետյանն այս միջնորդության դեմ էլ առարկեց, նկատելով` որ այսօր արդեն ներկա է փաստաբան Հովհաննիսյանը եւ կարելի է նիստը շարունակել, բայց դատավորը մերժեց, նշելով, որ Նարինե Նիկողոսյանն իրավունք ունի եւս մեկ փաստաբանի ներգրավել:

Մանրամասն` տեսանյութում

Նիստի ավարտից հետո Aravot.am-ը փորձեց քննիչ Առաքելյանին մի քանի հարց ուղղել, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել:

Դատախազ Կարապետյանին էլ դիմելով` Aravot.am-ը հետաքրքրվեց, ինչո՞ւ գենետիկ փորձաքննություն չի իրականացրել քննիչը, քանի որ Նարինե Նիկողոսյանը պնդում է, որ Էդիսոն Ադյանն իր երեխայի հայրը չէ: Դատախազն ասաց, որ չի կարող այսօր խոսել, քանի որ մեր հարցի պատասխաններն ինքը պատրաստվում է հաջորդ նիստերին ներկայացնել: Նշենք, որ քննիչի որոշման դեմ բողոքում, նաեւ նշված է այն հանգամանքը, որ քննիչը գենետիկ փորձաքննություն չի նշանակել պարզելու երեխայի կենսաբանական հայրը` Ադյա՞նն է, թե` ոչ:

Հիշեցնենք, նաեւ որ «Առավոտի» դեկտեմբերի 26-ի «Երեխայի կռիվ. առանց գենետիկ փորձաքննության երեխային մորից բաժանել է եւ հայրություն է անում»  հրապարակման մեջ էլ Էդիսոն Ադյանն ու նրա ներկայացուցիչն իրենց տեսակետներն են հայտնել դեպքի վերաբերյալ, Էդիսոն Ադյանը պնդել է, որ հենց ինքն է երեխայի կենսաբանական հայրը, եւ, որ ինքը երեխային չի գողացել, այլ Նարինե Նիկողոսյանն ինքն է համաձայնվել:

Aravot.am-ին Նարինե Նիկողոսյանը դատական նիստից հետո ասաց. «Էդիսոն Ադյանը չէ իմ երեխայի հայրը, հաջորդ նիստին կհրապարակեմ իսկական, կենսաբանական հոր անուն- ազգանունը, որին ծանոթ է նաեւ նախաքննական մարմինը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 Հ.Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի Արագ արձագանքման խմբի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728