Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Փետրվար 06,2015 16:07

ՀՀ ներկա եւ նախկին պետական թերեւս բոլոր պաշտոնյաները ջանք ու եռանդ չեն խնայում մեզ` հայերիս ցույց տալու համար, որ իբր Ղարաբաղը «ճշտով» հանրաքվե անցկացրած եւ կայացած անկախ պետություն է: Ավելին` այս գաղափարին ընդդիմացողին նրանք կվերագրեն անգրագիտություն, խառնակչություն, էլի լիքը բաներ եւ դա կլինի նրանց փաստարկն իրենց «ճիշտ» լինելու մեջ:

1.Ումի՞ց անկախացավ Ղարաբաղը 1991թ. սեպտեմբերի 2-ին: Եթե Ադրբեջանից, ապա մինչ այդ, այսինքն՝ նաեւ 1990թ. մայիսի 20-ի դրությամբ, Ղարաբաղը գտնվո՞ւմ էր Ադրբեջանի կազմում: Այդ դեպքում որքանո՞վ էր օրինական 1990թ. մայիսի 20-ին ձեւավորված եւ մինչեւ 1995 թվականն աշխատած ՀԽՍՀ գերագույն խորհուրդը, որն իր կազմում ուներ պատգամավորներ ընտրված Ղարաբաղից, այսինքն ՀԽՍՀ-ին չպատկանող տարածքից, ասել է թե Ադրբեջանից:

2.Եթե այո՛, օրինական էր 1990թ. մայիսի 20-ին ձեւավորված եւ մինչեւ 1995 թվականն աշխատած ՀԽՍՀ գերագույն խորհուրդը, որն իր կազմում ուներ պատգամավորներ ընտրված Ղարաբաղից, այսինքն` ՀԽՍՀ-ին չպատկանող տարածքից, ապա նույն այդ սկզբունքով կարո՞ղ է այսօր ինչ-որ մեկն էլ ՀՀ ԱԺ լիարժեք պատգամավոր ընտրվել  ՀՀ-ին չպատկանող տարածքից` ասենք Մալթայից, Բաքվից կամ Շուշիից: Այո կամ ոչ, եւ իրավական ի՞նչ հիմքով:

3.Եթե Ղարաբաղը 1991թ սեպտեմբերի 2-ի դրությամբ Ադրբեջանի ենթակայության տակ չէր, ապա նա ՀԽՍՀ-ի կազմում էր ըստ 1989թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ եւ ԼՂԻՄ ԱԽ համատեղ որոշման, որով ԼՂԻՄ-ը հայտարարվեց ՀԽՍՀ-ի մաս՝ ընդ որում առանց որեւէ ինքնավարության: Իր կազմում Ղարաբաղ ունեցող ՀԽՍՀ-ն 1990թ. օգոստոսի 23-ի անկախության մասին Հռչակագրով վերանվանվեց ՀՀ: Հետևաբար` Ղարաբաղը իր այսպես կոչված անկախությունը հռչակեց ՀՀ-ի՞ց: Այո կամ ոչ:

4.Եթե ՀՀ-ին պատկանող որեւէ տարածք կարող է հանրաքվեով կամ այլ որոշմամբ անջատվել ՀՀ-ից, ապա ՀՀ ո՞ր օրենքով, եւ ո՞րն է այն նվազագույն միավորը, որը կարող է կատարել այդ գործողությունը՝ քաղաքը, գյուղը, բակը, ընտանիքը, անհատը, ո՞րը:

1.Պարզից պարզ է, որ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ապօրինի եւ խամաճիկային կառույց է, որը հակաօրինական գործողություն է անցկացրել 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ ամբողջովին մաս էր կազմում Հայաստանի Հանրապետության: Ով կհակադարձի, թող իր մանրակրկիտ վերլուծությունը տա 1989թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ եւ ԼՂԻՄ ԱԽ-ի համատեղ որոշմանը, 1990թ. ՀԽՍՀ ԳԽ ընտրատարածքներին ու 1990թ. մայիսի 20-ի ընտրություններին, եւ մինչեւ 1995թ. ՀՀ Գերագույն խորհրդի կազմին ու նրա կայացրած որոշումների օրինականությանը, ինչպես նաեւ 1990թ. օգոստոսի 23-ի ՀՀ անկախության Հռչակագրին:

2. Հայաստանի Հանրապետությունը հանցավոր անտարբերություն է ցուցաբերել իրենից ապօրինաբար անջատվելու փորձ արած մասի հանդեպ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ապօրինի հանրաքվեն չկանխելու եւ դրա արդյունքների հնարավոր ճանաչման ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ-ի վրա:

3. Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե այսպես կոչված ԼՂՀ-ն օրենքի տառին համապատասխան (ո՞ր օրենքի) ինքնահռչակ պետություն է, թող հիմնավորեն, թե ո՞ր օրինականության սահմաններում ու ո՞նց եղավ, որ 1991թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղին չպատկանող Ադրբեջանական ԽՍՀ-ի Շահումյանի շրջանը նույնպես մասնակցեց այսպես կոչված անկախության հանրաքվեին եւ դրանից անմիջապես հետո հայտարարվեց այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս: Ո՞ր օրենքով, եւ ինչո՞ւ միայն այդ շրջանը: Դա ի՞նչ հաշվարկ կամ ցանկություն էր, կամ քաջության ա՛յդ չափի դրսեւորում: Իսկ եթե է՛լ ավելի ուշադիր նայենք ԽՍՀՄ քարտեզները, ապա կտեսնենք, որ ԼՂԻՄ-ը իր իսկ ներսում ուներ տարածքներ, որոնք վարչականորեն չէին պատկանում իրեն: Դրանք նո՞ւյնպես օրինական ձեւով սեփականացվեցին եւ ըստ ո՞ր օրենքի:

Ինչպե՞ս է ստացվում, որ թե մանր, թե խոշոր հանգամանքները միշտ ի վնաս մեզ են գործում: Ինչո՞ւ ենք խեղկատակային հրճվանք ապրում հայկական հողերի վրա մեկից ավելի պետությունների գոյության գաղափարով: Եթե պիտի հրճվենք և հպարտանանք, ապա ինչո՞ւ միայն երկու պետությունով ուրախանանք: Թող հազար երկուսով ուրախանանք եւ մեր հրճվանքն ու հպարտությունը հազարապատկենք: Թող տրոհվենք, տրոհվենք այնքան, որ ունենանք որքան հայ, այնքան պետություն: Միլիոնավոր պետություններ… թե չէ երկու` անհետաքրքիր է: Իսկ գիտակցո՞ւմ ենք, որ գովերգելով մեկից ավելի հայկական պետության գաղափարը` մենք հիմք ենք դնում հայության բաժանմանը եւ հայության հիմքի վրա այլ՝ ու գուցե թշնամի ազգերի առաջացմանը: Այսպես կոչված ԼՂՀ-ի ջատագովների կարծիքով, ինչպե՞ս և ի՞նչ հիմքով են առաջացել, ասենք, Ռուսաստանն ու Ուկրաինան, որոնք, այսօր թշնամական վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ նման մեր մտածելակերպով հիմք ենք դնում հայաստանցի և ղարաբաղցի նոր ազգերի ձևավորմանը, որոնք ռուսների և ուկրաինացիների օրինակով իրար հանդեպ ինչ ասես կարող են անել: Մենք սա՞ ենք ուզում: Թշնամի Կորեանե՞ր ենք ուզում, թե՞ մասնատված ու պատառ-պատառ կլլելի արաբական աշխարհ: Խոցելի Հունաստան ու Կիպրո՞ս, թե՞ մեկը մյուսին ցեղասպանության մեղադրանքներ ներկայացնող Սերբիա ու Խորվաթիա, որ նույն ազգերն են: Ի՞նչ ենք ուզում եւ ինչո՞ւ: Վենետներն ու սիցիլացիները շատ, շատ ավելի շատ բաներով են իրարից տարբերվում, քան հայ ժողովրդի որեւէ հատվածներ: Բայց վենետների ու սիցիլացիների պարագայում գործում է մեկ ազգ՝ մեկ պետություն  սկզբունքը եւ նրանք իրարով պաշտպանված են եւ իրարով հզոր:

Եթե Ղարաբաղը չպետք է լինի Հայաստանի Հանրապետության կազմում, ապա անձամբ ինձ համար միևնույն է, այն կլինի առանձին պետությո՞ւն, թե՞ որեւէ պետության (թեկուզ Ադրբեջանի) կազմում, կամ ընդհանրապես կլինի՞, թե՞ ոչ: Իսկ եթե մեր ցանկությունն է միասնական, հզոր պետություն ունենալը, ապա մեր համոզմունքներում և մեր խոսքում պիտի հնչի.

1.Կորչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

2. Կեցցե ՀՀ Լեռնային Ղարաբաղի մարզը:

3.Կորչի ԼՂՀ նախագահը:

4. Կեցցե ՀՀ ԼՂ մարզպետը:

5.Կորչեն ԼՂՀ Ազգային ժողովը, կառավարությունը, նախարարությունները:

6.Կեցցեն ՀՀ ԼՂ մարզպետարանը, տեղական ինքնակառավարման մարմինները:

7.Կորչեն ԼՂՀ զինանշանը, դրոշը, օրհներգը;

8. Կեցցեն ՀՀ ԼՂ մարզի զինանշանը, դրոշը, օրհներգը այնքանով, որքանով ՀՀ այլ մարզերինը:

9. Կեցցեն ՀՀ օրենքները, պետական բոլոր ատրիբուտները ՀՀ Լեռնային Ղարաբաղ մարզում:

Արտո ՄՈՍԻՆՅԱՆ

Հ. Գ. Այն տարածքը, ուր հասնում է հայ զինվորի սուրը, մեզ համար պետք է լինի Հայաստանի Հանրապետություն՝ միասնական, անբաժանելի: Մինչդեռ, հայ քաղաքական գործիչները պատրաստ են վկայակոչել ամեն տեսակի թուղթ, փաստաթուղթ էլ չէ, այլ թուղթ, ջանք չխնայել, մեզ՝ հայերիս ցույց տալու համար, որ Ղարաբաղը ՀՀ-ի մասը չէ: Ու սա կոչվում է ծառայել երկրի՞ն, ազգի՞ն: Էհեեեեեեեեեեեեեեեեեեեեե…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան Հովհաննիսյան says:

    Արցախի բդեշխությունը պատմական Մեծ Հայքի մասն է եղել և, բնականաբար, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է….ինչպես ասվում է մեր քաղաքային ժարգոնով ,,կասկածող եմ ման գալիս,,…..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728