«Բարեկամիս բարեկամը իմ թշնամին է հասկացության վրա հիմնված դաշինքը ձախողության է մատնվելու»,-Aravot.am-ի հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովին մասնակցության հրավեր ստացե՞լ են և եռյակի ուժերի հետ համագործակցության եզրեր տեսնում են, այսպես պատասխանեց Ս. Դ. Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կուսակցության կենտրոնը Սփյուռքից տեղափոխվել է Հայաստան, և ներքաղաքական կյանքում ակտիվ գործունեություն է ծավալելու: Սակայն եռյակի հետ համագործակցության եզրեր չեն տեսնում: Հակոբ Տիգրանյանն այս առիթով ասաց. «Ամիսներ առաջ ձևավորված եռյակի կամ քառյակի օրակարգը չի փոխվել. հերթական խորհրդաժողովն էր, մենք չենք տեսնում, որ եռյակը կարող է ինչ-որ եղանակ փոխել Հայաստանում: Մենք գաղափարական և քաղաքական որևէ համընկնություն այդ դաշինքի հետ չենք տեսնում և չենք կարող դրա մաս կազմել: Բայց մենք հրավեր չէինք էլ ստացել»:
Ներքաղաքական կյանքում ակտիվ գործողությունների է դիմում «Հիմնադիր խորհրդարանը» : Հետաքրքրվեցինք` նրանց հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ են և ինչպե՞ս են գնահատում այդ ուժի անդամներին ծեծի ենթարկելը և նրանց` ապրիլի 24-ին ակցիա իրականացնելու նպատակադրվածությունը: Հակոբ Տիգրանյանը նշեց, թե «Հիմնադիր խորհրդարանի» հետ ևս համագործակցության եզրեր չեն տեսնում, բայց դատապարտեց այդ ուժի անդամներին ծեծի ենթարկելը:
«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին պարոն Տիգրանյանն ասաց. «Նրանց նախաձեռնությունն ու ապրիլի 24-ն առանց ռեժիմի կարգախոսը մենք խորթ ենք համարում: Մեզ համար ընդհանրապես ապրիլ ամիսը պետք է սուրբ ամիս լինի: Կոչ եմ անում բոլոր քաղաքական կուսակցություններին զերծ մնալ ապրիլին որևէ ներքաղաքական առճակատումներից հանուն մեր միլիոնավոր նահատակների հիշատակի`որպես խորհրդանիշ միասնականության: Եթե մենք գոնե ապրիլին չկարողանանք մեր միասնականությունը դրսևորել, էլ ի՞նչ ուղերձներ ենք դուրս տալիս»:
Կարդացեք նաև
Հնչակյան կուսակցությունը կողմ է ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Այս առիթով պարոն Տիգրանյանն ասաց. «Իշխանություն և պետություն բառերն այսօր դարձել են հոմանիշներ, և դա Սահմանադրության բացթողումների արդյունք է: Այստեղ հաշվետվության հարցը պետք է բարձրացնենք: Ըստ Սահմանադրության` ՀՀ նախագահը հաշվետու չէ որևէ կառույցի: Իսկ խորհրդարանական համակարգի անցնելով` գործադիր իշխանությունը հաշվետու է լինելու խորհրդարանին: Սա կենսական հանգամանք է, դրա համար էլ մենք հույս ունենք, որ սահմանադրական բարեփոխումները տեղի կունենան»:
Հետաքրքվեցինք` արդյոք մտահոգվա՞ծ չեն, որ սահմանադրական բարեփոխումները հնարավորություն կտան Սերժ Սարգսյանին վերարտադրվելու` ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, պարոն Տիգրանյանն ասաց. «Դա ժողովուրդը պիտի որոշի, բայցևայնպես վերարտադրությունը եղել է և կարող է լինել նաև այս Սահմանադրությամբ»:
Պարոն Տիգրանյանին հիշեցրինք, թե ինչպես մեկնաբանվեց ՀՅԴ-ի այն դիրքորոշումը համաձայն որի` կուսակցությունը դուրս եկավ եռյակից և կողմ արտահայտվեց սահմանադրական բարեփոխումներին: Դա մեկնաբանվեց որպես իշխանության հետ գործարքի գնալ: Հետաքրքրվեցինք`չե՞ն վախենում, որ նույնը կվերագրեն նաև իրենց կուսակցությանը: Հակոբ Տիգրանյանը պատասխանեց. «Չեմ ուզում որևէ այլ կուսակցության գնահատական, բայց անդրադառնալով Ս. Դ. Հնչակյան կուսակցությանը` մեր քայլերը ցույց կտան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ