Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Բանակային միջավայրը ագրեսիվության բարձր մակարդակ է ծնում»

Փետրվար 06,2015 14:28

«Դեռահասության տարիքը համարվում է ագրեսիվության տարիք»,- փետրվարի 6-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում  տեղի ունեցած սպանությանը, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նրա խոսքերով՝ դեռահասների մտածողությունը բավականին ծայրահեղ է՝ ամեն ինչ ընկալվում է սեւ եւ սպիտակ ֆոնի վրա, իսկ դեռահասների ինքնահաստատվելու հիմնական ձեւը ագրեսիան է, այդ ձեւով են նրանք հասնում դիրքի: Հոգեբանը սպանության մեջ կարեւորում է նաեւ դեռահասության հանգամանքը. «Մյուսը տղայական միջավայրն է, որը նույնպես նպաստում է ագրեսիվությանը. Տղաների խումբը կա՛մ իր ներսում պետք է կռիվ անի, կա՛մ ուրիշ խմբերի հետ: Բանակային միջավայրը եւս ագրեսիվության բարձր մակարդակ է ծնում: Բանակում խեղճուկրակության, վախկոտության հանգամանքները հնարավորին չափ նվազեցվում են»:

Պարոն Խուդոյանի կարծիքով՝ գործի ամենակարեւոր գործոններից մեկը «իմ դեմ խաղ չկա» փիլիսոփայությունն է, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ սպանությունը կատարած խմբի առաջնորդի հայրը բարձր պաշտոն է գրավում. «Բնականաբար, նա առաջին անգամը չէ, որ այսպիսի քայլերի է դիմել, որոնք չեն պատժվել, սա ամենակարեւոր հանգամանքն է: Սովորաբար, մարդը  քրեական հանցագործության չի գնում, որովհետեւ վախենում է պատժից, իսկ այս դեպքում եղել են նաեւ նախադեպեր, որ ինքը չի պատժվել: Իհարկե՛, պետք է քննվի, բայց այստեղ ակնհայտ է՝ «իմ դեմ խաղ չկա» փիլիսոփայությունը առկա է: Այդպիսի դաժանություն կարող է կիրառել միայն այն մարդը, որը մի քանի անգամ արել է եւ չի պատժվել, նրա նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է եղել, դա էլ նրան «դուխ» է տվել, ոգեւորել է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728