Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Տիգրանյանը` ներկուսակցական տարաձայնությունների մասին. «Կա մեկ Հնչակյան կուսակցություն»

Փետրվար 06,2015 14:09

«Չէի ուզի ասել, որ դա պառակտում, կամ երկու թևերի բաժանում է. կա մեկ Հնչակյան կուսակցություն և այլ կուսակցություններ», – Aravot.am-ի հարցին` արդյոք հարթվեցի՞ն կուսակցության ներքին, երկու թևերի միջև եղած տարաձայնությունները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց  Ս.Դ. Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը:

Շարունակելով՝ Հակոբ Տիգրանյանը պարզաբանեց. «Թույլ տվեք չհամաձայնել`ասելով երկու թև: Ցավոք, Ձեր մատնանշած ներքին հարցերի առաջացման փուլից անցել է չորս տարի: Որևէ հնչակյանի համար այդ ժամանակաշրջանը հպարտանալու չէր, երբ կուսակցությունից դուրս եկան նախկին կուսակիցներ և ստեղծեցին իրենց կուսակցությունը: Դա պատահական չէր. եղան մարդիկ, որոնք նժարի վրա դրեցին մի կողմից Հնչակյան կուսակցությունը, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ինչ-ինչ պատճառներով իրենց մոտ ավելի կշռեց ՀԱԿ-ը, և իրենց ճանապարհն այդ ուղղությամբ որդեգրեցին»: Պարոն Տիգրանյանն ասաց, թե նրանք ստեղծել են (նկատի ունի Վերակազմյալ ՍԴՀԿ-ն,-Տ.Հ.) ուրիշ կուսակցություն ու թեման եզրափակեց. «Մեզ համար այդ կուսակցությունը ոչ մի տարբերություն չունի մյուս կուսակցությունների հետ, մենք ունենք մեր ուղղությունը, մեր ինքնուրույն քաղաքական տեսակետները»:

Լրագրողների հետ հանդիպմանը Հակոբ Տիգրանյանը տեղեկացրեց, որ «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 2009 թվականին տեղի ունեցած 19-րդ համագումարում որոշում է կայացրել դառնալ հայաստանակենտրոն: 4 տարի հետո 20-րդ համագումարի ընթացքում` 2013-ի սեպտեմբերին, այդ որոշման վերահաստատումից հետո  ՍԴՀԿ կենտրոնը Սփյուռքից  տեղափոխվել է Հայաստան: Պարոն Տիգրանյանն ասաց. «Ես` որպես կենտրոնական ատենապետ, տեղափոխվել եմ ՀՀ մշտական բնակության: Որպես ավանդական և հայ քաղաքական կյանքի առաջին քաղաքական կուսակցություն, ճիշտ չէ, որ մեր գրասենյակները լինեին ՀՀ-ից դուրս, երբ մենք ՀՀ անկախության համար հազարավոր նահատակներ ենք տվել և ունենք ազատ, անկախ Հայաստան: Մեր` Հայաստան տունդարձով կամրապնդենք ՀՀ-սփյուռք կապերը, կդառնանք կամուրջ: Մեր 128-ամյա փորձառությամբ, լինելով սկզբունքային կուսակցություն` մենք շատ անելիքներ ունենք ՀՀ-ում, մանավանդ, որ այսօր հայաստանյան քաղաքական կյանքում տեսնում ենք գաղափարական կուսակցությունների պակասը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728