«Չէի ուզի ասել, որ դա պառակտում, կամ երկու թևերի բաժանում է. կա մեկ Հնչակյան կուսակցություն և այլ կուսակցություններ», – Aravot.am-ի հարցին` արդյոք հարթվեցի՞ն կուսակցության ներքին, երկու թևերի միջև եղած տարաձայնությունները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց Ս.Դ. Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը:
Շարունակելով՝ Հակոբ Տիգրանյանը պարզաբանեց. «Թույլ տվեք չհամաձայնել`ասելով երկու թև: Ցավոք, Ձեր մատնանշած ներքին հարցերի առաջացման փուլից անցել է չորս տարի: Որևէ հնչակյանի համար այդ ժամանակաշրջանը հպարտանալու չէր, երբ կուսակցությունից դուրս եկան նախկին կուսակիցներ և ստեղծեցին իրենց կուսակցությունը: Դա պատահական չէր. եղան մարդիկ, որոնք նժարի վրա դրեցին մի կողմից Հնչակյան կուսակցությունը, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ինչ-ինչ պատճառներով իրենց մոտ ավելի կշռեց ՀԱԿ-ը, և իրենց ճանապարհն այդ ուղղությամբ որդեգրեցին»: Պարոն Տիգրանյանն ասաց, թե նրանք ստեղծել են (նկատի ունի Վերակազմյալ ՍԴՀԿ-ն,-Տ.Հ.) ուրիշ կուսակցություն ու թեման եզրափակեց. «Մեզ համար այդ կուսակցությունը ոչ մի տարբերություն չունի մյուս կուսակցությունների հետ, մենք ունենք մեր ուղղությունը, մեր ինքնուրույն քաղաքական տեսակետները»:
Լրագրողների հետ հանդիպմանը Հակոբ Տիգրանյանը տեղեկացրեց, որ «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 2009 թվականին տեղի ունեցած 19-րդ համագումարում որոշում է կայացրել դառնալ հայաստանակենտրոն: 4 տարի հետո 20-րդ համագումարի ընթացքում` 2013-ի սեպտեմբերին, այդ որոշման վերահաստատումից հետո ՍԴՀԿ կենտրոնը Սփյուռքից տեղափոխվել է Հայաստան: Պարոն Տիգրանյանն ասաց. «Ես` որպես կենտրոնական ատենապետ, տեղափոխվել եմ ՀՀ մշտական բնակության: Որպես ավանդական և հայ քաղաքական կյանքի առաջին քաղաքական կուսակցություն, ճիշտ չէ, որ մեր գրասենյակները լինեին ՀՀ-ից դուրս, երբ մենք ՀՀ անկախության համար հազարավոր նահատակներ ենք տվել և ունենք ազատ, անկախ Հայաստան: Մեր` Հայաստան տունդարձով կամրապնդենք ՀՀ-սփյուռք կապերը, կդառնանք կամուրջ: Մեր 128-ամյա փորձառությամբ, լինելով սկզբունքային կուսակցություն` մենք շատ անելիքներ ունենք ՀՀ-ում, մանավանդ, որ այսօր հայաստանյան քաղաքական կյանքում տեսնում ենք գաղափարական կուսակցությունների պակասը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ