Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեզ համար ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է, Ծառուկյանի ելույթն առաջընթաց է». Լեւոն Զուրաբյան

Փետրվար 06,2015 13:16

Թռուցիկ հետեւել եմ խորհրդաժողովի ընթացքին, նաեւ կարդացել եմ Ծառուկյանի ելույթը»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ խոսելով երեկվա ոչ իշխանականների խորհրդաժողովի մասին՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա հայտարարեց. «Մեզ համար ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է, որի հետ համագործակցում ենք: Կոնկրետ Ծառուկյանի ելույթի մասին կարող եմ ասել, որ սա իսկապես առաջընթաց է: Առաջին անգամ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն հարց դրեցին ՀՀ-ում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ: ՀԱԿ-ԲՀԿ դաշինքը բավականին արդյունավետ դաշինք է: Հիմա խոսում եմ երկկողմ հարաբերությունների մասին, ոչ եռյակ: Կան բնականաբար տարբեր մոտեցումներ մարտավարության հարցում: ՀԱԿ-ը կողմնակից է ավելի արմատական լուծումների: Մենք վստահ ենք, որ ամենաճիշտ քայլը ստեղծված իրավիճակում կլինի ժողովրդի կողմից ընդվզումը՝ ՀՀ-ում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով: Մենք պետք է պարտադրենք այս իշխանություններին, որ նրանք անմիջապես հեռանան»:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի դիրքորոշումները աստիճանաբար մերձենում են. «Տեսնում եք, որ մարտավարական տարբերությունները գնալով հարթվում են եւ այդ տարբերությունն ավելի ու ավելի նեղ է դառնում: Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը եւս մեկ քայլ էր՝ այդ տարբերությունը հարթելու ուղղությամբ: Նրանք էլ են գնում զիջումների, մենք էլ ենք գնում զիջումների: Կարեւորը՝ նրանք հասկանում են, որ կարեւորը ոչ թե առանձին ուժի դիրքորոշումն է, այլ այն, որ մեր ջանքերը կարողանում ենք համատեղել: Մենք մշտապես գնում ենք փոխզիջումներ գտնելու ուղղությամբ եւ գտնում ենք: Առաջիկա եռակողմ հանդիպման ընթացքում, վստահ եմ, կգտնվեն այնպիսի լուծումներ, որ կկազմակերպվեն հանրահավաքների հզոր ալիք, որը կտանի իշխանափոխության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728