Պարզվում է՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ երեկ ոչ իշխանականների խորհրդաժողովում կարդացած ելույթը այսպես ասած «քոփի փասթ» է արված ՀՅԴ անդամների ելույթներից:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցին՝ ի՞նչ տպավորություն ունեք այդ խորհրդաժողովից՝ պատասխանեց. «Այն, ինչ հրապարակավ հիմա ասում են, այդ ամենը վաղուց ՀՅԴ-ն հրապարակել է: Կարող եմ ելույթի հետ կապված բառ առ բառ ասել: Օրինակ, 2010-ի Գերագույն ժողովի արդյունքները ամփոփելիս հունիսին ասել եմ՝ ՀՅԴ-ն ցանկանում է ձեւավորել նոր որակի իշխանություն: Հիմա մենք լսում ենք, որ նոր որակի իշխանություն ձեւակերպումը տրվել է ամիսներ առաջ: Վաղուց ենք ասել, թե ինչ է նշանակում դա: Շատ ուրախ ենք, որ պատճառների պատճառը քաղաքական մենաշնորհն է, որ իշխանություն-պետությունը նույնացած է: Այս տեղից բազմաթիվ անգամ եմ այդ բաների մասին խոսել: Ասողին լսող է պետք: Մենք այդքան ասում ենք, ոչ ոք չի լսում, հիմա պարզվում է նոր են ասել, ու ՀՅԴ-ն պետք է տեսակետ հայտնի: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես լուծել դա: Այդ խնդիրները, որոնք ճիշտ ձեւակերպված են, ինչպես լուծել: Երբ ասում են՝ արդյունավետ կառավարման համակարգ, վաղուց ենք ասել»:
Նա հարց ուղղեց ԲՀԿ-ին՝ «Մինչեւ հիմա ինչի՞ էիք կողմ կառավարման համակարգը փոխելուն, ով է ասել, որ կառավարման համակարգը փոխելը պետության պաշտպանունակությունն է թուլացնում: Նույն բառերն եմ ես անձամբ ասել՝ կապված կադրային քաղաքականության մասին, որ Սփյուռքի մեր բանիմաց կադրերը պետք է ընդգրկվեն մեր պետականաշինության գործի մեջ: Մենք էլ ենք ասում՝ իշխանափոխությունը չպետք է լինի մարդափոխություն: Վաղուց կուզեինք, որ մենք քաղաքական ուժերով միասին նստենք, մեր ժողովրդին հստակ ծրագիր ներկայացնենք, թե այս քայլից հետո որը կլինի, որ ժողովրդին նորից հիասթափության չտանենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ