ԱԻՄ-ի հինգ ավտոմեքենա պատրաստ էին հունվարի 31-ին միանալ Հիմնադիր խորհրդարանի ավտոերթին`դեպի Արցախ: Պատճառն այն չէր, որ ԱԻՄ-ականներն ամբողջովին կիսում են Հիմնադիր խորհրդարանի անդամների մոտեցումները: Հայրիկյանը կանխազգում էր իրերի այնպիսի դասավորություն, ինչպես եղավ, մանավանդ, որ սպառնալիքներ էլ էին հնչել նրանց հասցեին, ուստի ցանկանում էր սատարել: Սակայն, վերջին պահին նա փոշմանել է եւ մեկ մեքենայով պարզապես հետեւել ավտոերթի մասնակիցներին: Այսօր այդ մասին, «Զարկերակ» մամուլի ակումբում պատմեց ԱԻՄ առաջնորդը:
Ճանապարհին նա զանգ է ստանում արցախցի իր ընկերներից, որ սադրանք է նախապատրաստվում: «Անմիջապես զանգահարեցի Բակո Սահակյանին, վստահ, որ կես ժամվա ընթացքում ետ է զանգելու: Նա ետ չզանգեց, չնայած ես իր օգնականին ասել էի, որ լուրջ սադրանքի մասին է խոսքը, որը կվտանգի եւ Հայաստանին եւ Արցախին: Ավտոերթին մասնակցում էին իմ հինգ ընկերները: Ես խոսեցի ավտոերթին մասնակցող իմ ընկերների հետ, փորձեցի ճշտել նրանց տրամադրվածությունն ու տրամադրությունները: Ասացին`եթե թույլ չտան, չենք գնա: Ավելի ուշ զանգ ստացա ու ձայն չկար, միայն մի պահ լսեցի Կարոյի ձայնը`Պարույր, մեզ ջարդում են, մեզ ջարդում են»:
Դրանից հետո, Պարույր Հայրիկյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին, Վլադիմիր Գասպարյանին, Հովիկ Աբրահամյանին: Նրա զանգին պատասխանել է միայն Հովիկ Աբրահամյանը, լսել ու ասել, որ հարցն իր լիազորությունների շրջանակից դուրս է, բայց կփորձի խոսել պատկան պաշտոնյաների հետ:
Այլ մանրամասները` `տեսանյութում
Կարդացեք նաև
Իրավիճակը շտկելու հնարավորությունը Պարույր Հայրիկյանն այսպես է տեսնում`պաշտոնապես ներողություն խնդրել կազմակերպությունից`Հիմնադիր խորհրդարանից, այն քաղաքացիներից, ովքեր մասնակցել են ավտոերթին, թույլ տալ նրանց, որ իրականացնեն ավտոերթը: «Բայց նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը վերահսկել են ողջ ընթացքը, դա մի քիչ դժվար է պատկերացնել: Եթե «սլաքավարին» չգտնեն, մենք կկորցնենք մեր ամենաժողովրդավարական կռվանը`ժողովրդավարական Արցախը»:
Որքանո՞վ էր ճիշտ, Հայաստանի ներքաղաքական կյանքը տանել ԼՂՀ, մանավանդ, որ Բակո Սահակյանն էլ, Սեյրան Օհանյանն էլ հանդիպել են Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ բացատրել, որ չի կարելի նման քայլ անել`հարցին, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Ես ամենավատ խոսքերն եմ պատրաստ ասել բոլորի հասցեին`սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, ովքեր մոռանում, ուրանում են 1988-ի կարգախոսը`«Մի-ա-ցում»: 88-ին Հայաստանը ոտքի ելավ ոչ թե նրա համար, որ պաշտպանի հարեւան Մոզամբիկի անկախությունն, այլ Արցախը Հայաստանին միացնելու համար»: Նա դավաճանություն եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից փառասիրություն որակեց 1994-ին զինադադարի պայմանագրի տակ ստորագրելը:
Բերձորում տեղի ունեցած միջադեպի մասին էլ հավելեց. «Այդ բաները ես տեսել եմ Պառավաքարում: Սրա հիմնադիրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ