Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանության կրակի վրա ձեռքեր տաքացնողներին պետք է դատապարտել»

Փետրվար 06,2015 11:22

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը Ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին այսօր ասուլիսի սկզբում նախ հայտարարություն արեց՝ կոչ անելով զոհի կարգավիճակից դուրս գալ, դառնալ պահանջատեր: Ըստ նրա, ապրիլի 24-ը պետք է լինի ոչ միայն ցեղասպանության զոհերի հիշատակման օր, այլեւ նշվի որպես հերոսամարտի նահատակների հիշատակի օր:

«Ահա մենք, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան դեմ առ դեմ կանգնած ենք մեր ազգի նկատմամբ ցեղասպանության փաստի առաջ:

Հարյուրամյակն առաջին հերթին բացահայտում է, որ արևմտահայության պահանջատիրական ոգին դեռ թարմ է: Արևմտահայությունն ամբողջ աշխարհում վերածնվում և վերակենդանանում է, որպես պահանջատեր: Հայաստանի քաղաքացիներիս համար բացվում է մի նոր ժամանակաշրջան, որտեղ քաղաքականությունը պետք է հիմնված լինի նոր գաղափարների և ռազմավարության վրա: Նոր ժամանակները հարկավոր է կառուցել առաջին հերթին մեր անցած սխալների գիտակցության վրա: Այլապես կլինեն նոր սխալներ, և կրկին կլինեն՝ հավատացեք նոր համաղետներ: Մեզանում պառակտումը, անհեռանկարությունը բախտախնդրությունը թերևս չեն վերացել: Պետք է դատապարտել ցեղասպանության կրակի վրա ձեռքեր տաքացնողներին…

Ապրիլի 24-ի խորհրդանշական իմաստը նաև այն է, որ մտածենք, թե հաջորդ տասնամյակների ընթացքում ինչպես ամրապնդենք կապը պատմական հայրենիքի հետ, որտեղ ապրում են միլիոնավոր հայեր:

Ցեղասպանությունն իր նպատակին հասած կլինի միայն այն դեպքում, երբ վերանա սփյուռքն ու արևմտահայոց ինքնությունն իր պատմական հայրենիքում:

Մորթված ժողովուրդը չէր կարող 1918թ մայիսին, դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, պետականության բացակայության պայմաններում բռունցքվել և հաղթական ինքնապաշտպանական ճակատամարտ մղել Սարդարապատում և Ապարանում, դիմակայել Ղարաքիլիսայում՝ այդ կերպ արևելահայությանը փրկելով սպասվող ցեղասպանությունից:

Սակայն հայկական իրականության մեջ արդեն շուրջ մեկ դար պաշտոնական կամ անպաշտոն ձևով նշվում է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայտնի ու դեռևս անհայտ ինքնապաշտպանական կռիվների մասնակիցները այս կերպ նույնպես ներառվում են զոհերի շարքում:

Տասնամյակներ շարունակ, հենց միայն նման շեշտադրումն իր ետևից բերում է թերարժեքության բարդույթների դրսևորումներ, ցեղասպանության հիշողությունը որպես բեռ ընկալելու երևույթներ, որոշ դեպքերում էլ դրանից ազատվելուն ուղղված գործողությունների անհրաժեշտության գիտակցում:

Անցել է 100 տարի… ունենք ցեղասպանության տարիների ինքնապաշտպանական կռիվների դեռևս լիարժեք գնահատականի սպասող իրողությունը: Ունենք շուրջ 25-ամյա ազգային պետականություն, Արցախյան հաղթանակների գործոնը: Կարծում եմ, վաղուց ժամանակն է վերաիմաստավորել Ապրիլի 24-ի հիշողության խորհուրդը, ձևափոխել այն, իրականացնել առնվազն շեշտադրումների փոփոխություն և շրջանառության մեջ դնել այլ բանաձևում: Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական կռիվների հերոսների հիշատակի օր:

Կոչ եմ անում՝ այս պահից սկսած, դուրս գալ զոհի կարգավիճակից և դառնալ պահանջատեր: Դառնալ մեր պահանջատեր քաղաքացիների ներկայացուցիչներն ու ձայնը ամբողջ աշխարհում»,- եզրափակեց պատգամավորը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728